RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 22:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 558, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՆՃԻՌՆԵՐՆ ՈՒ ԺՊԻՏՆԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Հիմա պղտոր ջրերի ժամանակն է, ու մարդկային դիմագիծը պահել-պահպանելը շատ բարդ է: Նախկինում որեւէ նախարարի կամ պատգամավորի սիրել-հավանելը գրեթե անհնար էր, հիմա էլ հնարավոր չէ: Սիրել-հարգելն արված գործի, մարդկային ու քաղաքացիական կեցվածքի հետ է կապված: Հանրության ողջամիտ հատվածը մշտադիտարկում է իշխանությունների գործողությունները, իսկ իշխանության մեջ բախտի բերմամբ, թե պատահմամբ ներառված են նաեւ չքայլածներ, անգամ նախորդ իշխանությունների ժամանակ որոշակի պաշտոն զբաղեցրած անձինք:

Արա Խզմալյաննՙ ակտիվ գործունեությամբ

Վերջերս լրատվական հարթակներում հաճախակի կարելի է տեսնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին : Նա ամփոփեց մշակութային տարին, ավելի ճիշտՙ իր պաշտոնավարման 6 ամիսներըՙ նշելով, որ իր նախորդների գործունեությանը չի անդրադառնա, գնահատականներ չի տա: Արա Խզմալյանը ներկա էր կինոարտադրողների համահայկական ֆորումին, Էդվարդ Թոփչյանի հետ ամփոփեց նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային վերջին մեկամյակը: Դրանից առաջ Գեւորգ Քոչար 21 հասցեում հայտարարեց, որ մնջախաղի պետական թատրոնի շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարում է ոչ թե բանալիով ու կարմիր ժապավենով, այլ մուրճի հարվածներով:

Փոխնախարարի խարիզմատիկ դրսեւորումները

Դժվար չէ ենթադրել, որ Արա Խզմալյանը փորձում է ԿԳՄՍ նախարարության ու նախարարի նկատմամբ հանրային անբարյացակամ մթնոլորտը ցրել: Ըստ վիճակագրությանՙ ամենացածր վարկանիշը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանինն է: Չքայլած լինելովՙ Արա Խզմալյանը փոքր պաշտոն չի զբաղեցնում, առավել եւս, որ ներկայացուցչական բովանդակությամբ ու ձեւով պարբերաբար ու հաճախակի հանդես է գալիս ԿԳՄՍ նախարարության անունից: Արա Խզմալյանը մշակույթի ու գիտության կառավարման նաեւ նախկին համակարգում ներգրավված արվեստաբան է, որի հեղինակությունը չի աղարտվել: Փոխնախարարն իր ազդեցիկ ձայնով, ընտիր հայերենով ու լավ բառապաշարով կարողանում է տպավորություն թողնել անգամ լրագրողների վրա: Ինչ խոսք, հանդիպումներին գալիս է պատրաստված, բոլոր հարցերին ու խնդիրներին հանգամանորեն տեղեկացված: Առաջ է քաշում մեր մշակույթի համար կարեւորագույն, ռազմավարական նշանակության ուղղություններՙ ինչպես հայկական կինոն միջազգային շուկա հանել, կինոժառանգությունը վերականգնել եւ տարածել, ինչպես Սփյուռքի ներուժը բերել Հայաստան ու համարտադրություններ ստեղծել: Նրա դատողությունների հետ համաձայնում են անգամ լրագրողները եւ շատ չեն քրքրում նրան:

Մեկ ուրիշ խարիզմատիկ արվեստագետի մասին

Արա Խզմալյանն, անդրադառնալով օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի անձի ու գործունեության շուրջն անցնող տարում ծավալված իրադարձություններին, ասել է, որ կողմ է խարիզմատիկ ղեկավարներ նշանակելուն: Իսկ Օրբելյանին նա խարիզմատիկ անձ է համարում, ավելինՙ կարծում է, որ Հայաստանի համար շատ շահեկան է օգտվել մաեստրոյի միջազգային հեղինակությունից ու անձնական լավ կապերից: Ի դեպ, Օրբելյանը դարձյալ հայտնվել է դատական քաշքշոցների մեջ: Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից իրեն ապօրինաբար ազատելու համար նա մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանին դատի էր տվել, դատը շահել: Ավելինՙ կամ օպերային թատրոնը, կամ ԿԳՄՍ նախարարությունը պարտավորված էին նրան վճարել դատական բոլոր ծախսերն ու հարկադիր պարապուրդի բոլոր ամիսների աշխատավարձը: Սակայն ոչ մի նման գործընթաց էլ տեղի չունեցավ, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը: Փաստորեն, մաեստրոն ոչ միայն տնօրենի պաշտոնում չի վերականգնվել, այլ դեռեւս անորոշ ժամանակով էլ դատական գործընթացների մեջ է ներգրավվելու: «Ես ուզում եմ, որ ինձ չխանգարեն, օգնել պետք չէ, միայն թե չխանգարեն»,- թատրոնի տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց Կոնստանտին Օրբելյանը : Մեկուկես տարի յուրաքանչյուր պրեմիերայի թատրոնը Նիկոլ Փաշինյանին հրավիրետոմս է ուղարկել, բայց նա ոչ մի անգամ որեւէ ներկայացման չի եկել: 2020 թվականի օգոստոսի 3-ին Օրբելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է: Ոչ մի երաշխիք չկա, որ նրա հետ պայմանագիրը կերկարաձգեն:

Համերգների որակական փոփոխություն

Համերգային ծրագրերի, հատկապես դասական երաժշտության երեկոների պակաս այս տարի չկար: Վարչապետ Փաշինյանը նկատողություն էր արելՙ համերգների վրա պետական հսկայական գումարներ են ծախսվում, իսկ դահլիճը կիսադատարկ է: Երաժշտական աշխարհում այս տարի դրական փոփոխություններ եղան. գրեթե բոլոր համերգներն անցել են լեցուն դահլիճներում, որովհետեւ ելույթների ծրագրերում նկատելի փոփոխություն կաՙ որակ, ճաշակ ու գեղագիտություն: Փոխնախարար Արա Խզմալյանը երաժշտական տարում կարեւորել է նաեւ օտար բեմերում ունեցած հաջողությունները:

Թատրոններին փող տալը դժվարացել է

Ինչ վերաբերում է թատրոններին, դարակազմիկ, ցնցող ներկայացումներ դեռ չունենք: Բեմադրությունների համար դրամաշնորհ ստանալու կարգը խստացվել է. միայն լավ գաղափարը բավական չէ, պետք է այդ գաղափարը ներկայացվի բարձր պրոֆեսիոնալիզմով, լուսաձայնային որակյալ սարքավորումներով: Իսկ մինչ այդ, դրամշնորհ ստանալու համար պետք ներկայացվի բեմադրության էսքիզային տարբերակը, ձեւավորւմները, երաժշտությունըՙ ամենայն մանրամասնությամբ ու այնքան հստակ, որ հանձնաժողովի համար պարզ դառնաՙ արժե՞ նախագծին փող տալ, թե ոչ:

Մնջախաղի թատրոնի տանիք ունենալու հույսերը

Դե քանի որ հասանք թատրոնների թեմային, մեղք կլինի չմանրամասնել, թե վերջին օրերին ինչեր տեղի ունեցանՙ կապված մնջախաղի թատրոնի շենքի հետ: Դեռ մի շաբաթ էլ չէր անցել, որ համարյա զուռնա-դհոլի ուղեկցությամբ հայտարարվեց, որ մնջախաղի թատրոնի մշտական հանգրվանի հարցը լուծված է, ու համացանցում բողոքի ակցիա, ստորագրահավաք սկսվեցՙ «Փրկենք տպարանի շենքը»: Մի քանի օրում 600-ից ավելի ստորագրություն հավաքվեց, մինչ այդՙ ակտիվացան քննադատությունները, ակտիվիստ ճարտարապետները դժգոհեցինՙ ինչպե՞ս կարելի է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանի շենքում բերել ու թատրոն խցկել: Նախկին գրապալատի շենքում թատրոն տեղակայելը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի գաղափարն էր: Նախագիծը կազմվել էր, բայց իշխանափոխությունն ընդհատեց ամեն բան:

Նախագծային թնջուկ, թնջուկային անհամաձայնություն

Նախարար Լիլիթ Մակունցն Արմեն Ամիրյանի նախագիծը կյանքի կոչելն անթույլատրելի համարեց. պատմամշակութային հուշարձանը ձեւափոխելն ու թատրոն դարձնելն օրենքի խախտում էՙ ասաց ու առաջարկեց Մոսկովյան 5-ում Պաշտպանության նախարարությանը պատկանող մեկ այլ տարածք: Նախարարը խոստացավ, որ հարցը կլուծվի, նախագծի մշակմամբ կզբաղվեն: Բայց մի գեղեցիկ օր Նազենի Ղարիբյանը , մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանին անակնկալի բերելով, հայտարարեցՙ Պաշտպանության նախարարությունը Մոսկովյան 5-ի տարածքը հրաժարվում է զիջել թատրոնին: Ու մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս Արա Խզմալյանն ի լուր աշխարհի հայտարարեց, թե համեցեք-տեսեք, նախկին Գրապալատի տարածքի պատերը քանդվում են, պետբյուջեից արդեն 45 միլիոն դրամ է դուրս գրվել, պատմամշակութային հուշարձան-շենքն ամրակայում ենք:

Ժիրայր Դադասյանն էլ ասաց. «Ես նորից ուրախացել եմ, որովհետեւ ես միշտ ուրախանում եմ, երբ ինձ խաբում են կամ խոստումներ են տալիս»: Խզմալյանը քաղշին կոմիտեի մասնագետի հետ ներկայացրեց նոր նախագիծն ու հավաստիացրեց, որ հին նախագիծը նախկինումՙ Լիլիթ Մակունցի օրոք, մերժվել է, բայց անհարթությունները հարթվել են, պատմամշակութային հուշարձանի արժեքը չի խաթարվելու, անօրինական փոփոխություններ չեն կատարվելու:

Տեղեկատվական պատերազմ

Մշակույթի նախկին փոխնախարարներ Նազենի Ղարիբյանն ու Տիգրան Գալստյանը կարծես Արա Խզմալյանի հենց այս հայտարարությանն էին սպասում: Սկսվեց անողոք արշավն ընդդեմ Արա Խզմալյանի, Նարինե Թուխիկյանի, Ժիրայր Դադասյանի ու առհասարակ մնջախաղի թատրոնի: Գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը կասկածի տակ առնող նախկին փոխնախարարները ու հատկապես Տիգրան Գալստյանը շարունակեցին պնդել, որ պատմամշակութային հուշարձանը փոփոխության ենթարկելուՙ կառավարության որոշում չկա, իսկ առանց շինթույլտվության որեւէ գործողություն կատարելն անօրինականություն է: Արա Խզմալյանն էլ հակադարձեց. «Պետությանը պատկանող շենքում պետական թատրոնին տարածք է տրվում, վա՞տ բան ենք անում: Իրավական որեւէ շեղում չկա: Ամրակայման աշխատանքները թույլատրված են, հենց դա էլ անում ենք: Զրոյական վաստակով, զրոյական հանրային հեղինակությամբ, զրոյական մասնագիտական կոմպետենտությամբ նետվել մամուլի էջեր ու ցույց տալ սրտացավության նոպաներ, ես ոչ մի կերպ չեմ կարող դա հասկանալ»,-վրդովված ասաց Խզմալյանըՙ նկատի ունենալով Տիգրան Գալստյանին:

Ներկաները եւ նախկին ներկաներըՙ հակառակ բանակներում

Ստացվել է այնպես, որ ներկա իշխանությունների մեջ էլ կան նախկիններ ու ներկաներ: Միջանձնային հակամարտություն ասել, թե միմյանց հաջողությունը չներել, պղտոր ջրերի ժամանակ է, ո՞վ կարող է պատասխանել: Մնջախաղի թատրոնի հարցի լուծումն էլ է անորոշ; Թեեւ հենց հիմա Քոչար 21-ում ներսի պատերը քանդելու աշխատանք է ընթանում, բայց Գրապալատի շենքը թատրոն չդարձնելու համար հանրային պայքարը դեռ չի դադարել: Ժիրայր Դադասյանի ներքին ձայնն էլ կարծես թե ճիշտ էր հուշումՙ ինքը միշտ ժամանակից շուտ է ուրախացել ու հիասթափություն ապրել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ