RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 21:14:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 423, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Սվետլանա ԳՈՒԼՅԱՆ

Հայաստանի հեռուստատեսությունում ութ տարուց ավելի աշխատելու ժամանակամիջոցում ինձ բախտ վիճակվեց մի քանի հարցազրույց անցկացնել հիանալի դերասան, հրաշալի մարդ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆի հետ: Արմեն Բորիսովիչի հետ բոլոր զրույցները հետաքրքրական էին: Այդ պատճառով, աշխատանք սկսելով «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի նյութի վրա, մտքովս անցավ միավորել տարբեր ժամանակներում անցկացված հարցազրույցների լավագույն մասերը: Արմեն Ջիգարխանյանի հետ վերջին հարցազրույցը տեղի էր ունենում Մոսկվայում: Ընդ որում, իմ պրակտիկայում առաջին անգամն էր, որ նկարահանում էր կատարվում առանց նախնական զրույցի: Երկուսիս համար էլ ամենահարմար ժամանակը կիրակի երեկոյան ժամը 10-ն էր, նրա տանը: Ինձ ներհատուկ ճշտապահությամբՙ ես Արմեն Բորիսովիչի տանն էի օպերատորի հետ: Նա մեզ դիմավորեց շատ բարեհամբույր կերպով: Եվ այստեղ պատահեց անսպասելինՙ վերելակից դուրս եկող օպերատորի հետեւից փակվեց դուռը. օպերատորը հայտնվեց աստիճանավանդակի վրա, իսկ նրա սարքերըՙ վերելակում: Վերելակի դուռը բացելու բոլոր փորձերն անցան ապարդյուն: Վերելակի վարպետի որոնումները ժամեր տեւեցին: Մի խոսքով, Արմեն Բորիսովիչի հետ մեր զրույցը սկսվեց կես գիշերից բավական անց: Զարմանալի է, բայց ո՛չ Արմեն Ջիգարխանյանը, ո՛չ էլ նրա տիկին Տատյանա Վլասովան այս կապակցությամբ որեւէ դժգոհություն չարտահայտեցին: Ավելին, Տատյանա Սերգեեւնան անմիջապես մեզ սկսեց հյուրասիրել մուրաբայով ու թեյով: Տվյալ իրավիճակում առաջին հարցն ինձ թվաց առավել բնական:

- Ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

- Մորս շնորհիվ է: Նա շատ էր սիրում թատրոնը, հաճախում էր բոլոր պրեմիաներին եւ ինձ տանում էր իր հետ: Ես իհարկե, սիրահարվեցի թատրոնին եւ արդեն դեռահասության շրջանում ընտրեցի իմ կյանքի հետագա ուղին: Դերասանի մասնագիտության մասին երազում էի մանկուց, թեեւ արտաքուստ դա որեւէ ձեւով չէր դրսեւորվում. գեղարվեստական ինքնագործունեությանը բնավ չեմ մասնակցել, բանաստեղծություններ չեմ արտասանել: Դպրոցից հետո մեկնեցի Մոսկվա: Փորձեցի ընդունվել Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: Չընդունեցին ընդգծված հայկական առոգանության պատճառով: Վերադարձա Երեւան եւ սկսեցի աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատորի օգնական: Ընդունվեցի Երեւանի Թատերական ինստիտուտ: Դեռ ուսանողական տարիներին սկսեցի նկարահանվել կինոյում:

- Դուք գիտե՞ք Ձեր տոհմաբանությունը:

- Մի քիչ: Հորս նախնիները սերում են թիֆլիսահայերի հին տոհմից: Բայց ես հորս չեմ հիշում եւ չեմ ճանաչում: Դեռ փոքր երեխա եմ եղել, երբ նա թողել է ընտանիքը: Մեծացել եմ ռուսալեզու միջավայրում, սովորել ռուսական դպրոցում, որտեղ միատեսակ ջանադրությամբ յուրացրել եմ հայկական եւ ռուսական մշակույթների տարրերը:

- Ինչպե՞ս է սկզբնավորվել Ձեր դերասանական ճակատագիրը:

- Ինչպես արդեն ասել եմՙ ընդունվեցի Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտՙ Արմեն Գուլակյանի խումբ: Ուսանողական կյանքի մանրամասնությունները չեմ հիշում, բայց հիշում եմ այն ամենը, ինչ մեզ ուսուցանում էր Արմեն Կարպովիչը: Ինստիտուտի պատերի ներսում թատերական-բոհեմական մթնոլորտ չկար: Գոյություն ուներ գործի ուսուցման իրավիճակ: Բոլոր չորս տարիներին մեզ տանում էին թատրոն, եւ մենք աշխատում էինք թատրոնին շատ մոտիկ պայմաններում: Պրոֆեսիոնալ առումով ձեւավորվել եմ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ սկսեցի աշխատել դեռ երկրորդ կուրսում:

Դա շատ վաղուց էր: Երեւան հյուրախաղերի էր եկել այն ժամանակ արդեն շատ հայտնի Յուլիա Բորիսովան: «Իրկուտսկյան պատմություն» ներկայացման մեջ նա խաղում էր գլխավոր հերոսուհու դերը: Սքանչելի էր խաղում: Նրա յուրաքանչյուր մուտքը ուղեկցվում էր բուռն ծափահարություններով:

- Ես ներկա եմ եղել այդ ներկայացմանը, եւ իմՙ սկսնակ լրագրողուհու ուշադրությունը լիովին գրավեց ոչ թե նա, այլ իր խաղընկերըՙ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի երիտասարդ դերասան Արմեն Ջիգարխանյանը: Դուք հիշու՞մ եք այդ ներկայացումը:

- Իհարկե, հիշում եմ, դա հրաշալի ներկայացում էր: Ամենքը խաղում էին մեծ վերելքով: Այդ հիանալի կնոջ ներկայությունը բոլոր դերասաններին լիցքավորում էր ցնցող էներգիայով: Եվ ես էլ բացառություն չէի: Ինձ համար շատ հեշտ էր նրա հանդեպ սիրահարվածություն խաղալ: Յուլիա Կոնստատինովնան սոսկ հրաշալի դերասանուհի չէ: Նա Մեծ դերասանուհի է:

- Ի՞նչն եք ձեռքբերում համարում վերջին տարիների աշխատանքներում:

- Արված աշխատանքի մասին միշտ էլ դժվար է խոսել տարբեր պատճառներով: Հիմնական պատճառը անհամապատասխանությունն է այն բաների միջեւ, ինչը ուզել եմ անել եւ ինչը ստացվել է: Բեմի եւ էկրանի վրա խաղացվածի մասին խոսելու ցանկության դեպքում հարկ է լինում խոսել մտադրության մասին: Իսկ դա շատ երկար եւ երբեմն էլ անհասկանալի խոսակցություն է: Ուստի ինձ թվում է, որ երբ խոսք է բացվում այդ մասին, ավելի լավ է խոսել հակումների մասին, այն մասին, թե դերասանը ինչ է ջանացել կամ ձգտել անել, եւ ինչում դա չի կայացել: Վերջին ժամանակներս ինձ համար հետաքրքիր էր նկարահանվելը Էդմոն Քեոսայանի «Լքված հեքիաթների կիրճը» եւ Ն.Հովհաննեսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում: Թատրոնում շատ լարված աշխատանք է ընթանում Է. Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» պիեսի վրա:

- Ես ներկա եմ գտնվել այդ ցնցող ներկայացման փորձերին: Սոկրատեսի կերպարը երկար մնում է հիշողության մեջ: Կարո՞ղ եք արդյոք ավելի մանրամասն պատմել դրա մասին:

- Դա ինձ համար շատ թանկ ներկայացում է: Անտիկ փիլիսոփա, ճշմարտության մարտիկ Սոկրատեսի կյանքը պայծառ դաս է երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց համար: Ներկայացման մեջ արտացոլված են նրա կյանքի վերջին տարիները: Սոկրատեսը ապշեցուցիչ, մարդկության պատմության մեջ թերեւս ամենապայծառ անձնավորությունն է: Ըստ էության, նա դրամայի էպիկենտրոնն է: Այդ հանճարեղ անձնավորության կերպարի վերստեղծման դժվարությունն այն էր, որ Սոկրատեսի դավանած բարոյաէթիկական օրենքները, որոնցով ինքն ապրում էր, հայտնի են ամենքին: Դրանք հայտնի եւ հասկանալի են նույնիսկ երեխաներին: Մեր բավական բարդ եւ ցինիկ դարում քչերն են հետեւում այդ օրենքներին: Մեր առջեւ խնդիր էր դրված թափանցելու հանդիսականների հոգու մեջ եւ նրանց վերադարձնելու տարրական հասկացություններին, որոնցից սկսվում է մարդը: Դժվար էր մտնել այդ կերպարի մեջ: Ինձ թվում էՙ մեր գտած Սոկրատեսի կերպարի պատկերը ճիշտ է: Նա ամրակազմ է, կրում է հնամաշ պարեգոտ: Դրանում երեւում է նրա պլեբեյական ծագումը, չէ՞ որ նա հյուսնի որդի է: Մենք ուզում էինք ընդգծել Սոկրատեսի դյուրահաղորդությունը, զվարթությունը եւ հեգնականությունը: Հեգնանքը նրա հայացքների համակարգի կարեւորագույն գծերից մեկն է: Դրանում թաքնված է խոր հետաքրքրություն յուրաքանչյուր մարդու հանդեպ: Սոկրատեսի կերպարը կազմված էր երկու մասիցՙ հասարակ, ամենքին հավասար մարդուց եւ անհասանելի իմաստունից: Սոկրատեսն ասում էր. «Ես չունեմ աշակերտներ, ես ունեմ զրուցողներ»: Ես ուզում էի ընդգծել նրա հռչակած շփման ժողովրդայնությունը, այսինքն` միմյանց հանդեպ զրուցակիցների պահանջմունքը, փոխհարգալից վերաբերմունքը որպես հսկայական արժեք: «Ուսուցիչն այն մարդն է, որը կարողանում է իր գիտելիքներն անտեսելով` իջնել աշակերտի մակարդակին եւ նրա հետ մեկտեղ ելնել գիտելիքների բարձունքները»: Իմաստնության բարձրագույն համեստությունը Սոկրատեսն է:

- Հետաքրքրական է, բայց չէ՞ որ Դուք մարդկության կյանքի այդ պայծառ կերպարը շարունակեցիք «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացման մեջ, բայց արդեն Ներոնի կերպարում:

- «Հետազոտե՛նք»: Այդ արտահայտությամբ է ավարտվում «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացումը: Մենք ուզում էինք, որ մեծ իմաստունի կոչը առավել հաստատակամորեն հնչի «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացման մեջ: Որպեսզի դահլիճում նստած հանդիսականները խորհրդածեն մոլորակի ճակատագրի մասին, մարդկության փորձառության մասին, պատմության դասերի մասին: Պատմության մեջ բռնակալության եւ անօրինակ դաժանության խորհրդանիշ դարձած Ներոնի կենսագրությունը նույնպես դաս է, բայց դառը եւ սարսափազդու: Այդ պատմական կերպարները մեզ համար հավասարապես կարեւոր են նրանով, որ օգնում են գլուխ հանել ներկա օրվանից, խորհրդածել ապագայի մասին: Այս իմաստով Ներոնի դերը բարդ է: Դրա ընկալմանը խանգարում է գոյություն ունեցող կարծրատիպը: Մեր գիտակցության մեջ ձեւավորվել է ինչ-որ բռնապետի, մարդասպանի, բռնակալի բացասական կերպար: Հարկավոր է փորձել ցույց տալ այն մարդուն, որը ոչ միայն կայսր էր, այլեւ դերասան, որը իր բեմական հաջողությունը իշխանությունից բարձր էր գնահատում: Դերասան, որին բորբոքված սնափառությունը անկասելիորեն տանում էր թատրոն, դեպի հանդիսականներ: Մենք հենց այդպես էլ խաղում ենք Ռաձինսկու այդ ողբերգական ֆարսը. խաղում ենք թատրոն թատրոնի մեջ: Այդ հնարքն օգնում է ավելի լավ հասկանալ եւ բացահայտել հերոսի ներաշխարհը, նրա մտքի գաղտնի դրդապատճառները, նրա վարքագծի շարժառիթները:

- Ձեր կյանքում որեւէ դեր խաղացե՞լ են արդյոք Ձեր ուսուցիչները:

- Իմ կյանքում եղել է մեկ ուսուցիչՙ Երեւանի Թատերական ինստիտուտի պրոֆեսոր Արմեն Կարպի Գուլակյանը: Նա պրոֆեսոր էր բոլոր առումներով: Երեւանի ամեն տեսակ դժոխային տապերին նա խստաոճ կոստյումով էր: Օսլայած սպիտակ օձիքը եւ սպիտակ թեւքերը մշտապես փայլում էին: Ռեժիսորական սեղանիկի վրա միշտ մաքուր սփռոց կար: Նա հանում էր ձեռքի ժամացույցը, դնում սփռոցին, եւ փորձը սկսվում էր: Նրա ներկայությամբ շատ արագ մոռացվում էին նախորդ օրվա շատ հաճելի երեկոյի հիշողությունները, նաեւ հոգսերը: Նա մեզանից չէր պահանջում մեր ունակությունների այսրոպեական դրսեւորում, նա պահանջում էր աշխատանք սկսել: Նա գիտեր ներշնչանքի գինը, բայց մեզ սովորեցնում էր աշխատել:

- Գոյություն ունե՞ն արդյոք դերասանական մասնագիտության գաղտնիքներ:

- Անշուշտ, գոյություն ունեն: Մեզ մոտ երիտասարդ դերասաններին չեն սովորեցնում այդ գաղտնիքները եւ դերասանական անհատականության մեջ դրանց դրսեւորումը: Քանզի բավարար չէ միայն տաղանդավոր ծնվելը, պետք է կարողանալ դերասան լինել: Մարդուն տաղանդավոր դարձնելն անհնար է, բայց կարելի է նրան սովորեցնել դերասան լինել: Արմեն Կարպի Գուլակյանը դա մեզ ուսուցանում էր: Նա մեզ սովորեցնում էր աշխատել:

- Ձեր վրա ազդու՞մ է արդյոք գործընկերների աշխատանքը:

- Այո, շատ: «Սոկրատեսի հետ զրույցներում» կա ինձ համար շատ ծանր տեսարան: Սոկրատեսը, տեղեկանալով իր ընկերոջ վերաբերյալ դաժան ճշմարտությանը, բառացիորեն ջղաձգվում է տառապանքների մեջ: Ինձՙ որպես մարդուՙ դա դժվար պահ է: Զուգահեռաբար տեղի է ունենում բանտապահի մենախոսությունը, որի դերակատարն է Վալենտին Պեչնիկովը: Դա հրաշալի մենախոսություն է: Գրեթե «գլուխգործոց»: Այդ մենախոսության յուրաքանչյուր նախադասություն կարող էր ուղեկցվել ծափողջույններով: Վալենտինի դերը դրանով փաստորեն սպառվում է: Ամեն մի դերասան այդ մենախոսությունը «ելույթ» դարձնելու գայթակղություն կունենարՙ դուրս գալ նախաբեմ եւ ըմբոշխնել հանդիսատեսների հիացմունքը: Բայց Վալենտինը դա չի անում, նա պարզապես դա իրեն թույլ չի տալիս: Նրա համար հիմա գլխավորը Սոկրատեսի տառապանքներն են: Այդ տեսարանից հետո ես ամեն անգամ մտածում եմ. «Շատ ապրես, Վալյա»: Դա դերասանական էթիկայի նմուշ է, որը այնքան էլ հաճախ չի պատահում:

- Տարիներ շարունակ Դուք բեմ եք դուրս գալիս նույն դերով եւ նույն տեքստով: Դա Ձեզ չի՞ ձանձրացնում:

- Ես շատ կուզենայի պատասխանելՙ չի ձանձրացնում: Բայց ձանձրացնում է: Եվ բանը միայն տարիքը չէ: Դերասանի հոգնածությունը տարիքային գործոն չէ: Այն ի հայտ է գալիս պարբերաբար: Աշխատանքը ձանձրացրել է, դերը ձանձրացրել է, խաղընկերները ձանձրացրել են: Այստեղ փրկում են փորձը, ստեղծագործական կարգապահությունը, իրեն հաղթահարելու ունակությունը: Չպետք է զբաղվել ինքնամխիթարմամբ: Մեր շուրջը այնքան սփոփիչ բաներ կան: Սիրելի գրքեր, սիրելի երաժշտություն, սիրելի մարդիկ: Հարկավոր է «խորասուզվել» դրանց մեջ, եւ ամեն ինչ կանցնի: Հնարավոր է ձանձրացնի բուն «ձանձրացրեց» բառը, եւ վերադառնա ներշնչանքը: Իմ ուսուցիչ Արմեն Գուլակյանը միշտ ասում էր. «Պետք է խաղալ ինչ-որ մեկի համար»: Իսկ Էդիտ Պիաֆը մի առիթով ասել է. «Ես չեմ երգում բոլորի համար, ես երգում եմ յուրաքանչյուրի համար»: Մեր ներշնչանքը այդ «յուրաքանչյուրի համարի» մեջ է:

- Դուք թատրոնում եւ կինոյում աշխատելու հսկայական փորձ ունեք: Պատրա՞ստ եք Ձեզ զգալ աշակերտ:

- Իհարկե ոչ: Բայց այդուհանդերձ ամեն ինչ այդքան պարզ չէ: Ինձ քանիցս հրավիրել են ինստիտուտում դասավանդելու: Բայց ես հրաժարվել եմ: Վախենում էի, որ «ուսուցիչ» դառնալով, խոսքի մեջ վարպետանալով` կկորցնեմ անսալու ունակությունը: Կա «լսելու» ունակություն եւ կա «անսալու» ունակություն: Ինձ համար շատ կարեւոր է «անսալու» ունակությունը: Մոսկվայում հրաշալի, ամենատաղանդավոր երգիչ Շառլ Ազնավուրի հյուրխաղերի ժամանակ նրա պատվին հավաքվել էր երկրպագուների եւ պարզապես «բարձրաշխարհիկ» մարդկանց բազմություն: Նա խոսում էր թարգմանչուհու օգնությամբ: Կատարյալ լռություն էր: Հանկարծ նա կանգ առավ եւ մտահոգ կերպով ինձ հայերեն ասաց. «Նրանք ինձ չեն լսում»: Կա մարդու հանդեպ իրական եւ կա ձեւական ուշադրություն, երբ մտածում ես ոչ թե զրուցակցիդ, այլ քո մասին, այն մասին, թե ինքդ ինչպիսի տպավորություն ես գործում:

- Ի՞նչ եք կարծում, հաջողությունը ուրախություն է, թե՞ փորձություն:

- Անվիճելիորեն հաջողությունը լավ է անհաջողությունից: Ծափահարությունները միշտ էլ հաճելի են: Դերասանները եւ հանդիսականները ապրում են միմյանց համար: Բոյաջիեւն ասում էր, որ ոգեշնչված հանդիսասրահը արվեստի բարձրագույն ձեռքբերումն է: Հենց ոգեշնչված, այլ ոչ թե բորբոքված, ինչպես սիրելի, հանրահայտ երգչի համերգից հետո: Խորհրդածող դահլիճը բարձրագույն պարգեւն է դերասանի համար: Թեեւ դերասանի հաջողությունը ինչ-որ չափով նաեւ փորձություն է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում արտաքին վերամարմնավորմանը:

- Բոլոր դեպքերի համար դեղատոմսեր չկան: Ես Խլուդով եմ խաղում ամբողջական գրիմով, որն արված է թատերական բոլոր կանոններով: Սոկրատես նախապատրաստելիս մենք երկար մտածում էինքՙ ես պետք է բեմ դուրս գամ «Սոկրատեսի դեմքով», թե՞ ոչ: Ռոմեն Ռոլանին են պատկանում այն խոսքերը, որ եթե դերասանը Համլետ է խաղում, ապա նա պարտավոր է գոնե մի քիչ Համլետ լինել: Դերասանը պետք է գտնի հերոսի, դերի հնարավորինս շատ շփման կետեր: Ստանիսլավսկին ասում էր, որ իդեալական դեպքում դերասանի սրտի զարկերի ռիթմը պետք է համընկնի հերոսի սրտի ռիթմին:

- Ձեր սիրելի դերը թատրոնում:

- Շատ եմ սիրում Սոկրատեսի դերը: Այն ինձ շատ բան տվեց: Նրա մեջ ամենագլխավորն այն է, որ ինքն ապրեց այնպես, ինչպես ուսուցանում էր:

Ռուս. թարգմ. ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ