RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 17-01-2020



ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Տեղադրվել է` 2020-01-16 21:14:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 636, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«...ԿՅԱՆՔԸ Ի՞ՆՉ Է ՈՐՙ ՄԻ ՀԻՆ ՈՒ ՏԱՐՏԱՄ ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ»

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Յուրի Սահակյանի հիշատակին

2019-ի նոյեմբերի 24-ին իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանը, որի ստեղծագործական ուղին կենսագրություն ունեցող ճանապարհ էր, կյանքՙ լցված սիրով հաղորդվելու եւ սեր հաղորդելու պահերով: Կյանք, որն ապացուցում էր, թե մարդկային գոյն աստվածային հրաշքի ծաղիկն է, եւ այդ ծաղկին հասկանալու համար անհրաժեշտ է կարողանալ լռության մեջ վար թափվող անձրեւի ձայնի հետ ընկնել ինքնասուզումների մեջ:

Ուսած խաչերի ծանրությունն իրար հետ կիսելու, ոչ թե խաչափայտն իբրեւ նյութական ունեցվածք իրարից խլելու, եւ դրանով իսկ կյանքն աղավաղելու մասին էր զրուցում մեզ հետ Յուրի Սահակյանը: Նրա խոսքերը համեմված էին ժողովրդական իմաստության փորձաքարով անցած խոսք ու խրատով, հայրենի Արցախի բնության պես պարզ, արդար ու մաքուր, խորհելու տանող եւ խորք ունեցող ձգողականությամբ:

Պատանեկան առաջին տողերից իսկ բանաստեղծը հավատացել էր, որ բառերով աշխատելու իրեն տրված շնորհը քաղցր ու անուշ զնգզնգոցով ավետում է այն ճանապարհի սկիզբը, որ հեռու-հեռավոր է, սակայն ոչ` անհասանելի:

Տակավին 60-ական թվականների սկզբներին գաղտնախորհուրդ լռության ծալքերն սկսեցին ետ բացվել Յուրի Սահակյանի բանաստեղծորեն շնչող ներաշխարհում: Միայն ինքը գիտեր, թե որքան է խորանում սեփական հայացքը սեփական հոգում, երբ փակում է աչքերը: Բռնելով իր ներսում ելեւէջող երգի տուտը, հարստացած հուզաշխարհում հայտնաբերած նոր ապրումներովՙ մի լուսավոր ու արեւային բանաստեղծական ճանապարհ է մտնում Յուրի Սահակյանը:

Եվ եթե մեկն ասի`

Կանգնել ես,

Լռել ես,

Քնել ես...

Ես միայն կժպտամ ասողին...

Տարված իր ներսում բացվող գաղտնիքներովՙ բանաստեղծը հայտնաբերում է ողջ գաղտնիքն իր մեջ ամփոփող էությունը.

Հայաստանը փնտրեցեք իմ մեջ:

Իսկ Հայաստանը լեռ է դառնում, արեւ է դառնում, գետ ու հովիտ, եւ բանաստեղծը, հմայված այդ կերպափոխությունիցՙ մի պահ կարկամում է.

- Լեռներ իմ...

Իսկ հետո բառեր չկան,

Բառերի փոխարեն աշխարհն է:

Բառերի ժլատություն կա երջանկության մեջ: Իսկ երջանկությունը նրանից է, որ «ամեն օր բարձրանում է արեւը», եւՙ

Բարձրացնում են մայրերը որդիներին

Դեպի արեւը, դեպի գարունը:

Այսպես է հարատեւում հավերժությունը: Մարդկային սիրտը հյուր է հավերժության «տաք վայրկյանի» մեջ, ուր «շտապում է Կատարյալի փեշը բռնելու...»:

Ներաշխարհային գաղտնիքների արահետները բռնած բանաստեղծին առավել սիրելի է անձայն արտասանած խոսքը, շշուկով արտաբերած բառը, միայն թե հնարավոր լինի այլոց համար նկատելի դարձնել դեպի իր սիրտը տանող լայն ճանապարհը: Անցյալով սպառազեն ձիեր ու ձիավորներ կան այդ ճանապարհին, «ավերակ տաճարի բեկորների միջից» ժպտացող դեմք կա, սպասվող օրից առաջ անցած այդ օրվա լույսը կա եւ քնքուշ կարոտներ, որոնց հետ հարաբերվելու համար հարազատներ է փնտրում բանաստեղծը.

Հյուրընկալիր իմ կարոտը մի պահ,

Պահիր ինձ մի քիչ քո աչքերի մեջ:

Ոչ միայն բառի, այլեւ մեկ հատիկ տառի զգացողությանը տիրապետող բանաստեղծ է Յուրի Սահակյանը, եւ նրա համար գաղտնիք չի բնավ, թե

Մարդկային մի կյանք

Տեղավորվում է

Մի հատիկ տառում:

Ճիշտ այնպես, ինչպես բանաստեղծի շուրթերից դուրս թռած «օ»-ն մի դեպքում ցավ է, ուրիշ դեպքում` հույս է, լուսաբաց է ու ժամանակ, նայած թե բանաստեղծի ապրումի ո՞ր պահին է իջել նրա հոգու թեւին:

Մինչ գալիք օրը կհասնի բանաստեղծին, նա արդեն վայելում է այդ օրվա լույսը: Մինչ հացը կհասնի նրա սեղանին, բանաստեղծն իրական է համարում հացի բազմացման օրինակը: Երկիրն իր լիության մեջ է ընկալում բանաստեղծը, եւ այս ամենի գաղտնիքը մեկ հատիկ խոսքի մեջ է: «Բարի օր»: Այս խոսքն իր ճշմարիտ կերպի մեջ ընկալելու եւ բաշխելու մեջ է գաղտնիքը.

Մարդուն բարի օր ասեմ,

Կամենամ բարին,

Որ նա բարի մի գործին

Տասը գումարի:

Բարին բաժանելով քայլելու մեջ է երջանկությունը: Ահա Յուրի Սահակյանի բանաստեղծական քայլի իմաստը: Քայլել բարիք բաժանելով, որպեսզի «չարն իրեն տեր չկարծի» Երկիր մոլորակին: Իսկ հուսահատության պահերն անհրաժեշտ է խառնել հին ու նոր վշտերի հետ եւ ուսն առնել խաչի նման: Մեր խաչը կրելը հեշտ է, քանի դեռ ընկալելի են Կոմիտաս վարդապետի «Ես ու դու սեր ենք...» խոսքերը: Իսկ եթե «Ես ու դու սեր ենք...», եւ առավել եւս` «Սիրահարված այս աշխարհին», ուրեմն, ըստ բանաստեղծի, հնարավոր է փայփայել միակ հույսը, որպեսզի

Չշատանա չարն աշխարհի...

Բանաստեղծը հավատում է մարդուն: Հավատում է, որ նա լույսի եւ բարության զինվորագրյալն է: Այլապես հնարավոր չէ քաղցրացնել այն ունայնությունը, որ կյանք հանելուկի միակ պատասխանն է.

Ծնվեցի՞ր` ապրես,

Ապրում ես` ապրես,

Մեռա՞ր` շատ ապրես...

Կյանքը ի՞նչ է որ`

Մի հին ու տարտամ շուտասելուկ,

Սուտանելուկ ու

Սուտասելուկ ու

Սուտապրելուկ:

Բանաստեղծ Յուրի Սահակյանի էությունն ամբողջականացնող նրա խոսքը` «Ամեն օր բարի օր», նման է շուտասելուկի, առանց որի հնարավոր չէ ճիշտ ապրել այս «Սուտասելուկը»:

Ցավոք, կտրվեց Յուրի Սահակյանի կյանքը հողի հետ կապող թելը, եւ նա արդեն ամբողջովին ոգեղենացավ ու այլեւս լուսահոգի է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 17-01-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ