RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-23 21:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 304, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ. ՉԿԱ ՉԱՐԻՔՙ ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔ

Նաիր ՅԱՆ

2019-ի գարունը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար վճռորոշ եղավ: Մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանը որոշել էր փակել թատրոնը: Միաժամանակ տարաձայնություններ եղանՙ ով է լինելու Համազգայինի գեղարվեստական ղեկավարը: Օպերային թատրոնից բացի, հանրային բուռն քննարկումների թեմա էր նաեւ Համազգայինի հարցը: Դերասանները գործադուլ հայտարարեցին, անդրդվելիորեն մերժեցին որեւէ այլ գեղարվեստական ղեկավարի թեկնածություն, բացի Նարինե Գրիգորյանից: Ստացվեց այնպես, որ մշակույթի նախարարությունը կամաց-կամաց ձեռք քաշեց այս թատրոնիցՙ ավելի շատ կենտրոնանալով Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկությանն ուղղված քաղաքականության վրա: Համազգայինն էլ, մի բռունցք դարձած, համախմբեց ուժերը եւ սկսեց աշխատել որակական փոփոխությունների վրա: Հաշված ամիսների ընթացքում թատրոնը 7 պրեմիերա է ունեցել, փոքր դահլիճում էլ 8 թատերականացված ընթերցում է ներկայացրել հանդիսատեսին: «Իհարկե, Նազենի Ղարիբյանի հետ մեր վեճերը դրական արդյունք տվեցին: մենք էլ, ինքն էլ ճիշտ եզրահանգման եկանք: Նազենի Ղարիբյանի շնորհիվ, այո, մեր հանդիսատեսի թիվը կտրուկ աճել է, ինչի համար ես նրան արդեն շնորհակալություն հայտնել եմ: Հույս ունեմՙ նրա հետ մեր վեճերը վերանայելու առիթ չենք ունենա»,- թատրոնի անցած մեկ տարին ամփոփելիս ասաց տնօրեն Արման Նավասարդյանը :

Նազենի Ղարիբյանը համազգայինցիներին թասիբի գցեց

Նախարարությանՙ Համազգայինը փակելու սառն ու անթաքույց որոշումն, ինչ խոսք, մինչեւ հոգու խորքը վիրավորել էր թե՛ այս թատրոնի հետ երբեւէ առնչություն ունեցած դերասաններին ու ռեժիսորներին, թե՛ այսօրվա կազմին: Վիրավորանքը վերաճեց վրդովմունքի ու ընդվզման եւ կարճ ժամանակ անց դրդապատճառ հանդիսացավ, որպեսզի համազգայինցիները վերանայեն իրենց խաղացանկը, թարմացնեն այն ու ավելի հետաքրքրական բեմադրություններ խաղան: Նարինե Գրիգորյանի ձեռքը հեշտությամբ գնաց, որ նա որոշ ներկայացումներ ընդհանրապես խաղացանկից հանի: Անցյալ տարի գրեթե միշտ Համազգայինի ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում են անցել: Անշուշտ, Արման Նավասարդյանը ճիշտ է, թատրոնը փակելու դեմ հանրությունն էլ իր ձեւով ընդվզեցՙ ակտիվորեն հաճախելով բոլոր ներկայացումներին: Հանդիսատեսն այդկերպ փորձում էր ապացուցել, որ Համազգայինի ձեռագիրն ու խաղացանկը հետաքրքրում է հանրությանը, որ այս թատրոնն իր մշտական ու հավատարիմ հանդիսատեսն ունի, որը թույլ չի Սոս Սարգսյանի ստեղծած մշակութային օջախը մի շրխկոցով փակել: Միաժամանակ ի հայտ եկավ այն կառուցապատողը, որը հանուն Սոս Սարգսյանի հիշատակի հանձն առավ կառուցել Համազգայինի շենքը: Համազգայինցիների համար էլ էր պատվախնդրության հարց. փակե՞լ եք ուզում թատրոնը, որոշել եք, որ այն արժեքավոր ներկայացումներ չի՞ ստեղծում, դե հիմա տեսեքՙ ինչի ենք ընդունակ: Բոլորը միահամուռ ուժերով աշխատեցին, իրար հետեւից նոր բեմադրություններով ապացուցեցին, որ եթե ուզեն, կարող են հետաքրքրական ու բազմաբովանդակ լինել: Անշուշտ, Նազենի Ղարիբյանն ազդակ հանդիսացավ, որ համազգայինցիները դադարեն գլուխ պահել ու ոչ թե Սոս Սարգսյանի անունը ծառայեցնեն իրենց անվանը, այլ հետաքրքրական խաղացանկով ու դերերով արժանի լինեն Վարպետի անվանը:

Համազգայինիՙ սեփական տանիք ունենալու երազանքը

Համազգայինի շենքը համարյա պատրաստ է. կառուցապատողը հասել է տանիքին ու շուտով կհայտարարի, որ իր անելիքն ավարտել է: Բայց նրա կառուցածն ուղղակի շենք է: Որպեսզի կառույցը թատրոն դառնա, այսինքնՙ բեմի ու հալիճի համար առանձնահատուկ ձեւավորում, լուսաձայնային եւ այլ սարքավորումներ ապահովվեն, մոտավորապես 500.000 դոլար է պետք: Կառուցապատողն այս ծախսն ու շինարարական այս առանձնահատուկ մոտեցումները հանձն չի առել: Արման Նավասարդյանն էլ չի ուզում պետությանը դիմել ու ԿԳՄՍ նախարարությանը նոր հոգսերի տակ գցել: Դրամական միջոցներ հայթայթելու համար նա արդեն դիմել է որոշ կառույցների ու շարունակելու է մեկենասներ փնտրել: Համազգայինցիների մեծագույն ցանկությունն է 2020 թվականի տարեվերջին թատրոնի նոր շենք տեղափոխվել, բայց վերոնշյալ խնդիրները լուծելուց հետո միայն:

Թարմացված խաղացանկ, նոր մոտեցում

Դեկտեմբերի 25-ին Համազգայինը տարեվերջյան ներկայացումը խաղացՙ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պիեսի հիման վրա բեմադրված «Փափլիկը»: Այդ պրեմիերայով էլ թատրոնը տարին ամփոփեց ու նոր տարին նույնպես այդ պիեսով սկսեց: Առհասարակ, անցյալ տարին Համազգայինի համար ֆրանսիական պիեսների տարի էր: Այս տարի որոշել են ուշադրության կենտրոնում պահել ամերիկյան դրամատուրգիան: Ժամանակ առ ժամանակ բեմ են բարձրանում նաեւ հայկական պիեսներՙ հատկապես ժամանակակից: Լիբանան, Մոսկվա, Յարոսլավլ, Վլադիմիր, Հայաստանի մարզեր. թատրոնը նաեւ ակտիվ հյուրախաղերով է հանդես եկել: Իսկ տարբեր պիեսների թատերականացված ներկայացումներն առանձնակի ուշադրության արժանացան հանդիսատեսի կողմից: Այս նորամուծությունը հնարավորություն է տալիս լսելու կենդանի ընթերցումներ, որոնք անկեղծ, չմիջնորդավորված, բեմադրող ռեժիսորի կողմից փոփոխությունների չենթարկված զրույցներ են: Ընթերցումներին մեծ թվով հանդիսատես է հավաքվում. նշանակում էՙ մարդիկ գեղեցիկ, զգացմունքային, բայց ոչ պաթետիկ խոսքի կարիք ունեն: Մարդիկ ուզում են, որ ինչ-որ մեկը խոսի իրենց հետ, անկեղծանա, դիպչի այն խոր թաքնված լարերին, որոնք նման են ինքնախոստովանանքի:

Ժամանակակից դրամատուրգիաՙ սատանայի մշտական կերպարով

Մարտից սկսվում է Համազգայինի փառատոնային շրջանը: Կիպրոս, հետոՙ Բելառուս, Սանկտ-Պետերբուրգ: Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը որոշել է այս տարի շատ պրեմիերաներ չբեմադրել: «Ուզում եմ, որ 2020-ը Համազգայինի համար վայելքի տարի լինի: Անցյալ տարի ամբողջ կազմը շատ է աշխատել, հիմա եղած բեմադրությունները կխաղան ու կվայելեն հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը»,- ասաց նա:

Ժամանակակից դրամատուգները բեմադրվելու նպատակով հաճախ են Համազգայինին ներկայացնում իրենց պիեսները: «Սկզբում բոլորը կարդում էի, բայց հասկացա, որ այդպես տեսողությունս ավելի եմ վատացնելու: Այնքա՜ն ճոռոմ բաներ կան, փիլիսոփայական մտքեր, անիմաստ երկարաբանություններ: Ուղղակի հնարավոր չէ դրանք բեմադրել»,- անկեղծացավ Նարինե Գրիգորյանը: Որքան էլ ժամանակակից գրողները բողոքեն ու նեղանան, թե մեր թատրոնները գերադասում են դրսի պիեսները բեմադրել, իսկ իրենց արհամարհում, չեն էլ կարդում, բեմադրող ռեժիսորներն էլ իրենց արդարացումն ունեն: Ժամանակակից պիեսները մեծ մասամբ անհետաքրքիր են, ձգձգված, անհասկանալի երկխոսություններով ու կերպարներով, միանգամից մի քանի գաղափար են ներառում, բայց ոչ մեկը մինչեւ վերջ չի հանգուցալուծվում: «Վերջերս ժամանակակից հայկական 4 պիես եմ կարդացել. վերնագրերն ու հեղինակների անունները չեմ տա: 3 պիեսի մեջ սատանայի կերպար կար. Հակոբ, Պողոս, Գվիդոն, Մակեդոն ու...սատանա: Մյուսումՙ Համբարձում, Պիղատոս ու... հրեշտակ»,-պատմեց Արման Նավասարդյանը:

Ծախսն ու արժեքը միգուցե չհամատեղվող

ԿԳՄՍ նախարարությունը բեմադրություններին դրամաշնորհ տրամադրելու կարգը խստացրել է: Պահանջվում է, որ ներկայացումների ժամանակ լուսաձայնային բարձրորակ տեխնիկա օգտագործվի, հագուստները, ձեւավորումը, ամեն բան որակյալ ու պրոֆեսիոնալ լինի: Գնումների կարգը բծախնդրորեն է վերահսկվելու, բայց ո՞վ եւ ինչպե՞ս է վերահսկելու ներկայացումների գեղարվեստական որակը: Համազգային թատրոնի ղեկավարները շարունակելու են մասնակցել դրամաշնորհների ծրագրին, նոր պիեսներ բեմադրելու հայտեր են ներկայացնելու, բայց մտահոգված ենՙ պետական գումարի նպատակային ծախսն ստուգելը լավ բան է, սակայն օդում կախված է մնում ծախսի արդյունքի հետ հաճախ կապ չունեցող գեղարվեստական արժեքի հարցը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ