RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2020-01-30 20:33:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 309, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՈՒՇԱՐՁԱՆ» ՏԱՐԵԳՐՔԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

Գարեգին ՂԱԶԱՐՅԱՆ

Նորերս լույս տեսավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ, «Պատմամշակութային ժառանգություն» մատենաշարով եւ պետպատվերով հրատարակվող «Հուշարձան» տարեգրքի ԺԴ հատորը (գլխավոր խմբագիր` պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյան): Տարեգիրքը գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է որպես սահմանված կարգավիճակ ունեցող գիտական պարբերական` հեղինակներին ընձեռած համապատասխան իրավունքներով:

ԺԴ հատորի «Ուսումնասիրություններ», «Նորահայտ հուշարձաններ», «Հուշարձանների հաշվառում», «Ճարտարապետություն», «Գրախոսություն» գլխագրերի ներքո ժողովված են 8 ուշագրավ նյութեր :

Հակոբ Սիմոնյանի, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի, Մերի Սաֆարյանի, Նանար Քալանթարյանի «Ստեփանոս Աղցից վանականի նորահայտ տապանագիրը» հոդվածը նվիրված է Աղցքի նշանավոր արքայական դամբարան-հուշահամալիրում հայտնաբերված` Ստեփանոս վանականի տապանաքարի, դրա արձանագրության ուսումնասիրմանը եւ թվագրմանը` պատմական իրույթների համատեքստում:

Արման Նալբանդյանի «Նորահայտ վիմագրեր Հավուց թառից» հոդվածում լուսաբանվել են Հավուց թառ վանական համալիրի «Բլրի» եկեղեցուն հարակից միջնադարյան գերեզմանոցում Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի հետազոտություններով եւ նշյալ ՊՈԱԿ-ի արշավախմբի պեղումներով բացահայտված վիմագրերն ու նոր` մատուռանման կառույցը, որն արդեն վկայագրվել է եւ ընդգրկվել հուշարձանների պետական ցանկում:

Պատմական գիտությունների թեկնածու Նյուրա Հակոբյանի «Լուսավորության միջնադարյան կավակերտ միջոցները» հոդվածը յուրուրույն ջատագովքն է Հայոց 3 մայրաքաղաքներում (Արտաշատ, Դվին, Անի) օգտագործված լուսավորության միջոցների (ճրագ, ճրագակալ, աշտանակ, ջահ), որոնց վաղագույն օրինակները Հայկական լեռնաշխարհում հայտնի են տակավին Ք.ա. IV հազարամյակից:

Պատմական գիտությունների թեկնածու Աղավնի Ժամկոչյանը «Արցախի Տիգրանակերտ քաղաքի միջնադարյան խեցեղենը» ուսումնասիրության մեջ տասնյակ արտեֆակտների լուսանկարաշարով հանգամանորեն ներկայացնում է 2005 թ. հայտնաբերված եւ պարբերաբար պեղվող մեր հին նոր Տիգրանակերտի V-XIV դդ. բազմատեսակ խեցեղենը` լայն տարածաշրջանային զուգահեռներ անցկացնելով:

Կարեն Ծերեթյանի եւ Հակոբ Սիմոնյանի «Ամուլսարի 2017 թ. պեղումների նախնական արդյունքները» հոդվածում գիտական բարձր մակարդակով արծարծված են Ամուլսարում (Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի հողատարածք) նշյալ ՊՈԱԿ-ի եւ «Մշակութային ժառանգություն» ՀԿ-ի միացյալ արշավախմբի կատարած հնագիտական հետազոտությունների արդյունքներն ու առավել նշանակալի գտածոները (վանակատի մշակման արհեստանոց, աշտարակատիպ կառույց):

Կարեն Ծերեթյանի մեկ այլ` «Հայտնաբերումներ Սյունիքում եւ Վայոց ձորում» հոդվածի ատաղձն է մեր այդ երկու մարզերում նույն ՊՈԱԿ-ի արշավախմբի 2016 թ. ուսումնասիրություններով հայտնաբերված 9 նորահայտ հուշարձանները (ժայռապատկերներ, քարայրեր, բնակատեղիներ, խաչքարեր):

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Գասպարյանն իր «Արդի ժամանակաշրջանի երեւանյան ճարտարապետության զարգացումները» հոդվածում լայն անդրադարձներ է կատարում, մայրաքաղաքի գլխավոր հատակագծի կտրվածքով, 1990-ական թթ. եւ 2000-2017 թթ. ճարտարապետական եւ շինարարական կյանքի նորույթներին` վերլուծելով հիմնական նորակառույցների, բազմագործառական համալիրների, տրանսպորտային ցանցի տիպաբանությունը, միտումներն ու հեռանկարները:

ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ` «Պատմամշակութային ժառանգություն» մատենաշարով տպագրվել է նաեւ Երվանդ Սիմոնյանի «Ախալցխան կրակե օղակում» գիրքը (2-րդ, լրացված հրատարակություն, Եր., 2019 թ.), որն ամփոփում է ականատես հեղինակի հուշերն Առաջին աշխարհամարտի տարիների մասին եւ հատկապես 1918-1921 թթ. իրադարձալից Ախալցխա քաղաքի եւ հարակից 13 հայաբնակ գյուղերի նիստուկացը, ավանդույթներն ու սովորույթները, ազգամիջյան հարաբերությունները:

Հատորում զետեղված է «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն-գլխավոր խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր, ծագումով Ջավախք աշխարհից Հովհաննես Այվազյանի գրախոսությունը` «Հերոսական ինքնապաշտպանության մի փառավոր էջ» վերտառությամբ:

«Հուշարձան» տարեգրքի ԺԴ հատորը հարուստ պատկերազարդված է (22 գունավոր էջեր), հանդերձված է անձնանունների, տեղանունների, հուշարձանների ցանկերով, որոնք դասդասվել են ըստ հայերենի եւ 4 օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):

Նկար 1. «Հուշարձան» տարեգրքի նոր համարը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ