RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-06 19:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 87, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՉՈՒՀԱՃՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՕՊԵՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Ժիրայր ԲԱԲԱԶՅԱՆ

Վերջին տարիներին հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար 2011-ին ՀՀ նախագահական մրցանակի արժանացած դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի (Փափազյան) ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը նրա ճիտի պարտքն է փրկելու Չուհաճյանի (Չուխաջյան) ժառանգությունը, որի պահպանմանը նվիրվել է մեծատաղանդ արվեստագետը արդեն երկար ժամանակՙ հիմնելով Փարիզում «Տիգրան Չուհաճյան միջազգային ինստիտուտը»:

Հոդվածում մանրամասն ներկայացնելով Չուհաճյանի մեզ ժառանգություն թողած ստեղծագործություններըՙ նա կոչ է անում անմիջական օժանդակություն ցուցաբերել դրանց փրկության համար:

Տիգրան Չուհաճյանի օպերային ժառանգությունը անառարկելիորեն արժանի է զարդարելու աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոնների բեմերը: Մի շարք պատճառներով, որոնցից ոմանք ակներեւ են բոլորին (օրինակՙ Հայոց ցեղասպանությունը), շատ ձեռագրեր կորսվել են, քանի որ երբեք հրատարակված չեն եղել: Այն հինգ գործերը, որոնք պահպանվել են եւ այժմ գտնվում են Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում, հետեւյալներն են- Հայերիս ծանոթ «Արշակ Բ-ն» (Arsace Secondo), որը կոմպոզիտորի կողմից հետագայում վերանվանվել է «Օլիմպիա», առաջին, երկրորդ եւ երրորդ զավեշտական օպերա-բուֆֆաներըՙ «Արիֆի խարդախութունը», «Քյոսե Քեհյան» (Անմորուք ավագը) եւ «Լեբլեբիջի Հոր-հոր աղան» (կամ «Կարինեն»), ինչպես նաեւ վերջին օպերան «Զեմիրեն»:

Այս գործերից չորսը փրկվել են մոռացությունից... որոշ չափով:

«Արշակ Բ.»

Պատմա-ռոմանտիկական այս օպերան գրվել է 1868-ին եւ առաջին անգամ միջազգային հանրության առաջ է բեմադրվել 2001-ին Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, ավաղ, ընդամենը երկու ժամ տեւողությամբՙ բնագրի ավելի քան երեք ժամի փոխարեն եւ հայերեն լեզվովՙ բնագրի իտալերենի փոխարեն: Հիմնված էր ձեռագրին հավատարիմ հրատարակության վրա, որ 2000 թվին լույս էր ընծայել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եգիպտոսի մասնաճյուղըՙՙ երաժշտագետ Հայկ Ավագյանի եւ Փարիզի Տիգրան Չուհաճյան ինստիտուտի ջանքերով: 2014-ին Կանադայում բնակվող ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Սարգիսյանը մեզ հետ կապվելով առաջարկեց վերանայել Ավագյանի հրատարակությունը եւ այն դարձնել ներկայացման համար առավել պիտանի: Ավագյանի հավատարիմ վերականգնումը փայլուն ակադեմիական աշխատանք է, որին պակասում են որոշ հավելյալ մեղեդիներ, որոնք Չուհաճյանը նախատեսել էր եւ գրանցել ընդհանուր պարտիտուրայից դուրս, երկրորդական, ուրվագծային ձեւով: Ավագյանը դրանք զետեղել է իր հրատարակության հավելվածում: Սարգիսյանը կարողացել է այդ երաժշտական հատվածները ներառել օպերայի մեջ եւ ամբողջացնել բաց թողնված մասերը: Նա նաեւ որոշ իտալերեն բառերի քերականական եւ շեշտադրական թերացումներ է նկատել ըստ 19-րդ դարի իտալերեն լեզվի եւ լիբրետոյի կանոնների: Իտալացի երկու հեղինակավոր մասնագետներ հանձն են առել անվարձահատույց տրամադրել իրենց փորձագիտական ծառայությունները, որի համար անչափ շնորհակալ ենք նրանց: Ուղղումներ կատարվել են նաեւ սյուժեի զարգացման որոշ անճշտությունները վերացնելու ուղղությամբ, որոնք, ինչ խոսք, կոմպոզիտորն ու թատերագիրը կատարած կլինեին, եթե օպերան բեմականացվեր իրենց ողջությանը:

Այսօր մենք ունենք նոր, ամբողջական (առայժմ միայն համակարգչի վրա) ստեղծագործություն, որը գործնականորեն պատրաստ է բեմականացվելու:

Պետք է նշել, որ խորհրդային իշխանության տարիներին փորձ արվել է բեմականացնելու այն Երեւանի օպերային թատրոնում 1945-ին: Այդ տարբերակը մինչեւ օրս մնում է թատրոնի խաղացանկում: Բայց անճիշտ կլինի այդ տարբերակը համարել Արշակ Բ-ի համաշխարհային պրեմիերա, որովհետեւ մի շարք ակնհայտ (եւ ոչ-ակնհայտ) քաղաքական եւ մշակութային պատճառներով, երաժշտության 80 տոկոսը չի պատկանում Չուհաճյանին: Այն հորինել է սովետահայ կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանը (1904-1954), իսկ սյուժեն Թովմաս Թերզյանի իտալերեն բնագրից հայերենի վերածել եւ ամբողջովին փոխել է Արմեն Գուլակյանը:

Որոշեցինք մեր ինստիտուտի վերականգնած վերջնական տարբերակը անվանել «Օլիմպիա»ՙ ինչպես Չուհաճյանն ինքն էր մտահղացել, որպեսզի չշփոթվի հատկապես խորհրդային ժամանակների տարբերակի հետ:

Այս, ամբողջական գլուխգործոցը դեռեւս սպասում է իր անարատ համաշխարհային առաջին բեմելին, լինի այն Երեւանում, թե այլուր:

«Քյոսե Քեհյա»

Օսմանյան կառավարության որդեգրած բացահայտ հետադիմական քաղաքականության հետեւանքում Չուհաճյանը ստիպված է եղել անցնել երաժշտական կատակերգությունների հորինմանը: 1875-ին գրված «Քյոսե Քեհյան» իր ժամանակին Կոնստանդնուպոլսում գտած հաջողություններից հետո, 20-րդ դարում առաջին անգամ 1968-ին եւ հետագայում 1971-ին բեմադրվել է Բեյրութում (Լիբանան), շնորհիվ ՀԲԸՄ-ի տեղական մասնաճյուղի համայնքային, գովասանքի արժանի կիսապրոֆեսիոնալ թատերախմբի ջանքերի:

«Զվարթ» խորագրով հայերենի վերածված բեմականացումը լիբանանահայերին եզակի հնարավորություն է տվել նորովի բացահայտելու եւ ըմբոշխնելու այս գեղեցիկ զավեշտ-օպերան (opera buffa):

Օպերան հայերենի վերածած գրող, թարգմանիչ Արմեն Դարյանը, ըստ երեւույթին, հնարել է երկխոսությունների մեծ մասըՙ փորձելով կռահել նյութը, ստեղծագործության սյուժեն: Կազմակերպիչները պարտիտուրան ստացել էին Ստամբուլից, բայց կարծես ամբողջական լիբրետոն իրենց ձեռքերում չի հայտնվել: Երեւանի թանգարանում 1876-ին հրատարակված օսմանա-թուրքական բնագիր լիբրետոյի տարբերակը կա, որով կարելի է կրկնակի ստուգումներ կատարել: Դարյանը իր ձեռքի տակ հավանաբար չի ունեցել այդ ստույգ թուրքերեն լիբրետոն, որն իրեն կօգներ թարգմանությունը կատարելիս: Կամ էլ ունեցել է, բայց որոշել է պատմվածքն ու երկխոսությունները դարձնել բեմականացման տեսանկյունից ավելի հետաքրքրական եւ գրավիչ:

Հետագայում, 2003 թվին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն եւ «Լարք» երաժշտական ընկերությունը բեմադրել են «Քյոսե Քեհյան» (կամ «Զվարթը»)ՙ հիմնվելով Լիբանանից ստացված պարտիտուրայի վրա, բայց օգտագործելով տարբեր լիբրետո: Միայն լոսանջելեսյան ներկայացումը իրականացնողները կարող են իմանալ, թե ինչքանով իրենց լիբրետոն հարազատ է մնացել բնագրին: Առաջին հայացքից երգերի խոսքերը շատ մոտիկ են թվում թուրքական բնագրին, ինչը ենթադրել է տալիս մեզ , որ նրանք օգտվել են Երեւանի թանգարանի 1876-ի թուրքական բնագրի պատճենից: Լիբանանյան եւ լոսանջելեսյան բեմադրության տարբերություններից մեկը կարող է լինել այն, որ լոսանջելեսցիները հավանաբար ավելի մեծ հարգանքով են մոտեցել թուրքական բնագրի տարբերակին, նրա երկխոսություններին եւ սյուժեի զարգացումներին: Վստահ չենք կարող ասել, մինչեւ մեկը չգտնվի, որ հանձն առնի թարգմանելու օսմանյան լեզվով (որն օգտագործում է արաբերեն այբուբենը) գրված լիբրետոն. գուցե ՀԲԸՄ-ն եւ «Լարքը» կարող են մեզ լուսաբանել այս հարցում:

Ինչ վերաբերում է երաժշտությանը, Սարգիսյանը մի քանի ամիս առաջ օպերայի մեկ այլ տարբերակը գտավ Երեւանի թանգարանում: Դա բոլորովին նոր, տարբեր եւ շատ ավելի կենսախինդ ու հարուստ գործիքավորում է, քան նախորդները (լիբանանյանն ու լոսանջելեսյանը): Ակներեւ է, որ դա Չուհաճյանի օպերայի վերջին տարբերակն է եղել: Որոշ մեղեդիներ հանված են եւ փոխարինված նորերով: Դժբախտաբար, սակայն, այս նվագախմբային գործիքավորման տարբերակում պակասում են առանձին վոկալ մասեր: Սարգիսյանն այժմ աշխատում է վերականգնելու այդ մասերըՙ համեմատություններ անցկացնելով այլ նվագախմբային եւ վոկալ նյութերի հետ, որպեսզի բեմականացման համար կարելի լինի ստեղծել մի վերջնական օպերային տարբերակ:

«Լեբլեբիջի Հոր-հոր աղա»

Այս մեկը գրվել է 1875-ին եւ ունի բեմականացումների շատ հարուստ պատմություն, չնայած դրանում, նվագախմբային եւ դիրիժորական պարտիտուրաները պակասում են եւ համարվում են կորած: Բոլոր բեմականացումները ցարդ կատարվել էին այլ կոմպոզիտորների գործիքավորմամբ, մինչեւ որ մեր ինստիտուտը կարողացավ գտնել Չուհաճյանի բնագիր գործիքավորումը Փարիզում եւ վերականգնել ամբողջ օպերան: Այդ վերջնական տարբերակի թվայնացված օրինակը բոլորովին անվճար հիմունքներով կազմված եւ խմբագրված ֆրանսիացի մի երաժշտագետի կողմից հանձնվեց Երեւանի օպերային թատրոնին, որն էլ 2018-ին այն ներկայացրեց հանրությանը առաջին անգամ Չուհաճյանի մահվանից հետո:

«Զեմիրե»

Գրված 1890-ին, Չուհաճյանի այս վերջին օպերան, ինչպես «Քյոսե Քեհյան», ունի համեմատաբար սահմանափակ ներկայացումների պատմություն վերջին 90 տարիների ընթացքում: 1960-ականների վերջերին, Երեւանի ռադիոն փորձ է արել «բաերլավելու» եւ հեռարձակելու այն դարձյալ երաժշտության մեջ անթիվ-անհամար փոփոխություններ կատարելով: 2008-ին ՀԲԸՄ-ն «Լարքի» հետ համագործակցելով լոսանջելեսահայությանը ներկայացրեց հայերեն լեզվով կիսամասնագիտական ուժերով մի բեմադրություն: Այս գործը սակայն, կարիք ունի լուրջ ուսումնասիրության, որպեսզի վերականգնվի իտալերեն բնագիրը: Հեղինակի Իտալերեն լեզվով հորինված այս վերջին ստեղծագործության, նախորդում են ֆրանսերեն լեզվով մի օպերա կոմիկի եւ թուրքերեն լեզվով մի օպերետտայի տարբերակներ, որոնք կարիք ունեն համեմատվելու եւ ենթարկվելու վերլուծական լուրջ ուսումնասիրությանՙ նախքան հրատարակվի վերջնական իտալերեն տարբերակը:

«Արիֆ»

«Արիֆը» այն միակ կոմիկ օպերան է, որ 1946-ին Թուրքիայում վերջին անգամ բեմականացվելուց հետո երբեք չի ներկայացվել հանրությանը: Մի քանի տարի առաջ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից ինձ դիմեցին հարցնելու համար, թե արդյոք ունե՞մ պարտիտուրան: Պատասխանեցի, որ այն գտնվում է Հայաստանի Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում:

Իր հերթին Ջոն Սարգիսյանն, անկախ եւ անտեղյակ այս փաստից, ձեռնարկել էր «Արիֆի» պարտիտուրայի վերականգնումը: Գոյություն ունեն նաեւ Չուհաճյանի ձեռքով գրված մի ոչ-ամբողջական վոկալ կլավիր եւ երկու ուրիշ ձեռագրի վոկալ կլավիրներ, որոնք ընդօրինակվել են 1920-ականներին: Լսելով Պարոնյանի թատրոնի նախաձեռնության մասին, Սարգիսյանն իր վերականգնած նվագախմբային պարտիտուրան հանձնել է Գրականության եւ Արվեստի Թանգարանին, զգուշացնելով, որ պարտիտուրայի բնագիր ձեռագրում պակասում էին երգիչ մենակատարների եւ երգչախմբի հատվածները: Դրանք դեռեւս պետք է վերականգնվեին առկա վոկալ կլավիրների հիման վրա: Խնդիրն այն է, որ այդ կլավիրներում երգչախմբային մասերը սեւագիր, դիսկանտի (սոլի) բանալու ձեւով են միայն տրվածՙ դժվարացնելով մասնավորեցնել, թե ովքե՞ր են երգում այս կամ այն հատվածըՙ սոպրանոնե՞րը, ալտե՞րը, տենորնե՞րը, թե՞ բասերը:

Ամբողջական լիբրետոյի թարգմանությունը մասամբ կարող է այս խնդրին լուծում տալ, բայց թանգարանը ձեռքի տակ չունի այդ լիբրետոն:

Կարճ ասած, Պարոնյան թատրոնի ծրագրի համար ներկայիս կան միայն երգերի բառերի հայերեն թարգմանությունը (որը հեշտ էր թարգմանել, քանի որ լատինական տառերով գրված թուրքերենով էր), բայց ոչ երկխոսություններինը, ինչը դժվարացնում է պատկերացնել, թե տվյալ պահին ի՞նչ է կատարվում եւ ո՞վ է բեմի վրա գտնվում: Առ այսօր, մի «լիբրետո» է պատրաստված մասնագիտությամբ ոչ երաժիշտ մեկի կողմից, հիմնվելով միայն երգերի բառերի վրա: Դժբախտաբար այդ աշխատանքը կիսով չափ է միայն օգտակար: Մինչեւ այս խնդիրը լուծում չգտնի, անհնարին է վերականգնել ամբողջ լիբրետտոն եւ պարտիտուրան:

Բարեբախտաբար կարողացա Փրինստոնի պետհամալսարանի գրադարանից ձեռք բերել 1874-ին Կոնստանդնուպոլսում հրատարակված օսմանյան թուրքերենով գրված (արաբատար) լիբրետոյի բնօրինակը, որ վերջերս հանձնեցի Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանին: Բայց մինչեւ օրս ոչ ոք հանձն չի առել այն թարգմանել եւ տեսնել, թե ո՞րն է սյուժեն: Չուհաճյանի ինստիտուտում մենք քանիցս նշել ենք, որ օպերայի հայերեն տարբերակն ստեղծելու համար նախ պետք է ունենանք թուրքերեն լիբրետոյի թարգմանությունը: Մեզ փորձում են համոզել, որ դրա կարիքը չկա եւ որ «երգերի բառերը բավական են կռահելու ամբողջ պատմությունը»: Դա, մեր կարծիքով, ամբողջովին թերի դատողութուն է: Երգերը երբեք էլ, որեւէ օպերայում, ամբողջովին չեն բացահայտում սյուժեն: Դրանք սովորաբար աբստրակտ, համընդհանուր թեմաներ շոշափող (ինչպես օրինակՙ սիրային, կենացների կամ ռազմական) երգեր են: Սյուժեն առաջ տանողը այդ երգերի արանքում տեղի ունեցող երկխոսություններն են:

Երաժշտության առումով էլ դեռ շատ խնդիրներ կան լուծելու: Մի խոսքով «Արիֆը», ինչպես Չուհաճյանի մյուս գործերը, դեռ շատ լուրջ խմբագրական աշխատանքի կարիքն ունի:

Մեր օրերում կան երաժիշտներ, որոնք իրենց գերակայությունը ցուցադրելու մեծամտությամբ «մեղադրում» են Չուհաճյանինՙ ասելով, որ նա գործիքավորել չգիտեր: Նման կարծիքի տեր մարդիկ անտեղյակ են Չուհաճյանի ժամանակաշրջանի սղագրության տեխնիկային, որը խիստ արհեստավարժ մասնագետի կարիքն ունի, որպեսզի բացահայտվի եւ մեր ժամանակների երաժիշտների համար մատչելի, թվայնացված տարբերակով մատուցվի:

Չուհաճյանը դասական կոմպոզիցիայի պրոֆեսիոնալ, բարձրարժեք հեղինակություն է եւ վարպետ գործիքավորող: Անիմաստ է եւ անտրամաբանական որոշել պատահականորեն, թե ո՞ր գործիքը ի՞նչ է նվագումՙ սոսկ հենվելով անձնական ճաշակի վրա եւ դա անվանել «բարեփոխում» կամ «բարելավում»: Անհրաժեշտ է ստուգել եւ վերստուգել ինչպես պարտիտուրան, նվագախմբային նյութերը, այնպես էլ պարտիտուրայի տարբերակները, որոնք թանգարանում են պահված, եւ դրանից հետո միայն «ուղղումներ» կատարել վերջնական, ներկայացմանը պիտանի տարբերակ ունենալու համար:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ թանգարանում պահվում է հայերեն տառերով գրված թուրքերեն ձեռագիր եւս մի լիբրետո, որը, սակայն, այնքան վատ ձեռագրով է գրված, որ գրեթե անընթեռնելի է: Միայն վարպետ վերծանողը կարող է վերծանել ու թարգմանել այն: Այդուհանդերձ Սարգիսյանը, որ տիրապետում է նաեւ արաբերեն այբուբենին, նշում է, որ այս մեկ լիբրետոն (հայատառ թուրքերենը) տարբեր է արաբերեն տառերով թուրքերեն լեզվով գրված լիբրետոյից: Դա գուցե օպերայի առաջին տարբերակն է, որ կոչվում էր «Շերիֆ աղա»: «Արիֆի» բեմականացման պատմության համաձայն, այն առաջին անգամ ներկայացվել է Հակոբ Վարդովյանի «Գեդիկ փաշա» թատրոնում 1872-ին, վերամշակման է ենթարկվել Չուհաճյանի կողմից 1873-ին եւ վերջապես նորից ներկայացվել 1874-ին իր իսկ ստեղծած նոր թատերական ընկերության ջանքերով: Երկու լիբրետոներն էլ գրվել են Չուհաճյանի ժամանակ փայլուն տենորՙ Հովհաննես Աճեմյանի կողմից, չնայած երկրորդՙ վերամշակված տարբերակում (առնվազն դրա արաբերեն տառերով թուրքերեն հրատարակության մեջ) նշված է Հովսեփ Յազըճյանի անունը որպես «հեղինակի»: Ենթադրում ենք, որ տվյալ դեպքում դա ունեցել է «խմբագրի» իմաստը: Այս բոլորից կարելի է եզրակացնել, որ անմիջական կարիք է զգացվում հետագա լուրջ ուսումնասիրություն կատարելու, տարբեր երաժշտական եւ տեքստային տարբերակները իրար հետ համեմատելու, փորձելու տեղին եւ ճշգրիտ գուշակումներ անելու եւ վերջապես մասնագիտական որոշումների միջոցով լրացնելու պակասող հատվածները, որպեսզի բեմականացման համար պիտանի օպերա ունենանք: Դրանից հետո միայն կարելի է որոշելՙ պե՞տք է, թե՞ ոչ ստեղծել օպերայի հայկական մշակումը: Կարճ ասած, «Արիֆը» դեռ պատրաստ չէ բեմ բարձրանալու, առնվազն մինչեւ գտնենք ձեռնհաս մի թարգմանիչ:

Տեղեկացել ենք, որ Հայաստանի Գրականության եւ արվեստի թանգարանը, որտեղ այս չարչրկված ձեռագրերը պահվում են, չունի օսմանյան թուրքերենին ծանոթ մի թարգմանիչ, որ հանձն առնի թարգմանելու «Արիֆի» եւ «Քյոսե Քեհյայի» լիբրետոները:

Անձամբ մենք, Սարգիսյանն ու ես, փորձեցինք գտնել Երեւանում թուրքերենին քաջատեղյակ անձնավորություններ, բայց նրանք բավական մեծ գումար պահանջեցին: Հաշվի առնելով, որ Սարգիսյանն ու ես, եւ մեզ օգնող օտարազգի մասնագետները արդեն քանի տարի է առանց վարձատրության աշխատում ենք Չուհաճյանի արխիվը փրկել մոռացությունից, հավատացած ենք, որ նման աշխատանքները ի վերջո խիստ կարիք ունեն դրամաշնորհների:

Չուհաճյանի ժառանգության լուրջ ուսումնասիրությունները պետք է ֆինանսավորվեն միջազգային ճանաչման արժանացած հաստատություններիՙ ՀԲԸՄ-ի, Գյուլբենկյան հիմնարկության, ՀՀ մշակույթի նախարարության, կամ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային վտանգված ժառանգություններ» կենտրոնի կողմից: Անհատները չեն կարող նման դիմում-խնդրագրեր ներկայացնել: Կարծում ենք, դրա նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի կառավարությունը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Նկար 2. «Արիֆի» նվագախմբային նոտագրությունները, «Արիֆի» տիտղոսաթերթը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 07-02-2020

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ