RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 07-02-2020



ԵՐԱԽՏԻՔ

Տեղադրվել է` 2020-02-06 19:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 118, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՐԱՆՑ ՄԵՋ ԱՊՐԵԼ Է ՀՐԵՇՏԱԿԸ

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ծիծեռնակաբերդի Հիշատակի պատի պահոցներում իրենց հավերժական հանգիստն արդեն գտած երբեմնի անհանգիստ հոգիների աճյունասափորներ են: Տասնմեկ անունՙ իրենց երկրային կյանքը փաստող տարեթվերովՙ

Յոհաննես Լեփսիուս. 1858-1926

Ֆրանց Վիկտոր Վերֆել. 1890-1945

Ջեյմս Բրայս. 1838-1922

Հեդվիգ Բյուլ. 1887-1981...

Չմոռանանք, որ, իսկապես, «այս անպաճույճ արտահայտություններն իրենց մեջ անթեղած հավերժության երաշխիքն ունեն, ինչին արժանացել են քչերըՙ եզակիները»:

Երախտագիտության խոսքերն ավելորդ են, խոնարհումնՙ ամեն վայրկյան: Սովորաբար, այդ ամենին մղողն այնքանով է կենդանի, որքանով խոսում են նրանց հայանպաստ գործունեության փաստերը: Իսկ դրանք շատ-շատ ենՙ բազում փաստաթղթեր, վավերագրեր, հուշեր, դիվանագիտական հմտություններ, զեկուցագրեր, նյութական ու գործնական այլ օգնություններ, ջանքեր, ջանքեր... Դրանք ոչ միայն «անապատից հնչող աղաղակներ էին անլուր ոճրագործության մասին», այլեւ այն, որ «Մեծ մարդիկ մեծ սիրտ են ունենում: Մեծ սրտերը ապրում են մեծ ցավերով»: Ուրեմն այստեղՙ հայոց Մեծ ցավի մոտ, նրանք ենՙ մեծ սրտեր ունեցողները: Ու ցանկը շարունակվում էՙ

Բենեդիկտոս 15-րդ. 1854-1922

Հենրի Մորգենթաու. 1854-1946...

Ցանկը շարունակվում է ոչ միայն Ծիծեռնակաբերդի Հիշատակի պատին, այլեւ նույն եզակիներին նվիրված Հակոբ Սողոմոնյանի «Հիշատակի պատը» գիրք-խոնարհումի էջերում:

Թերթում ես ու հասկանում, որ առանձին-առանձին նրանց գործը «սոսկ կաթիլ էր սպանդի եւ ցավի համատարած օվկիանոսում», սակայն, տրվելով գրքի ոգունՙ ընկալում ես մարդասիրության փառահեղությունը, որն անտրտունջ ու ջանասիրաբար նույն օվկիանոսն էր նետում իր փրկօղակները:

Իսկապես, ցավն ու մարդասիրությունը զուգահեռ են ընթանում: Նրանք, ինչպես եւ հավատում ու հավաստիեցնում է Հակոբ Սողոմոնյանը, հուսահատություն չեն ճանաչում, «նրանք բախվում են մարդու միջի գազանին, բայց չեն հանձնվում»:

Իսկ ժամանակները փոխվում են: Եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը: Բայց, մի՞թե հայ ժողովուրդն է միայն պարտատերը: Աշխարհը պարտք ունի նաեւ այս անուններինՙ

Արմին Վեգներ. 1886-1978

Անատոլ Ֆրանս. 1844-1924

Ֆայեզ ալ Ղուսեյն. 1883-1968...

Աշխարհը պարտք ունի Երկիր մոլորակի քաղաքակրթությանը, մարդկային բարոյահոգեբանական մշակույթին, մարդասիրությունը անձնվիրաբար պահողների նկատմամբ, որովհետեւ թանկ գին ունեցող այդ ամենն էր դրված զոհասեղանին, որն ընդհանրացված մի անուն ուներՙ հայ ժողովուրդ: Հայոց մեծ ցավը համատարած ցավի միջուկն էր եւ նույն ցավի զոհասեղանը, իսկ նրան զուգահեռՙ «ճարճատում էին մարդկային բարոյականության հիմքերը»:

«Հայերիս ցավն այնքան անսահման է եւ այնքան անձնական, որ մենք հաճախ այն սահմանափակում ենք միայն ու միայն մեր շրջանակներում»,- խորհում է հեղինակը, եւ նրա խոհերն ավելի ու ավելի վեհորեն արված վերլուծությունների են հանգեցնում, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հռոմի Բենեդիկտոս պապի ու նրա կողմից արհավիրքը կանգնեցնելու միջամտության մասին: Հակոբ Սողոմոնյանի կատարած աշխատանքը նոր ընդհանրացումների ու ըմբռնումների շտեմարան է: «Քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր» հայտնի արտահայտությունն այստեղ մի ընդգծում ունի «շահեր» բառի ենթատեքստում:

Խորքային պատկերացումներում «շահերն» այստեղ կրակով բռնված ենք տեսնում, եւ կրակն այդ շահերի մեջ գցել են նրանք, ում մեջ ապրել է նույն հրեշտակը: Նրանցից յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը, որքան էլ դա արել է մեծ ջանասիրությամբ, բայց եւ վեր կանգնելով փաստաքաղությամբ վավերագրումներից, խոսում է նաեւ այն մասին, որ գոյություն ուներ ամեն ինչից վեր ու վեհ մի բան: Այդ վեհը տեսնելու համար պետք էր հետ քաշել քաղաքական շահի կափարիչն ու նայել սեփական հոգու խորությունների մեջ: Թալեաթն, անշուշտ, քաղաքական շահի աննախադեպ ծանր ու մեծ կափարիչով էր ծածկել իր ներքին խորությունները, որի վկայության մասին այսպես է մեջբերում գրքի հեղինակը. «Ամերիկյան դեսպան Մորգենթաուն, ամենաարդարամիտ, սթափ դատող, անկանխակալ ականատեսներից լսելով Հայաստանում կատարվող անլուր սարսափների պատմությունները, վերջապես որոշում է գնալ Թալեաթ փաշայի մոտ: Վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել հայերի մասին. «Մի՞թե նրանք ամերիկացիներ են,- հարցնում է նա Մորգենթաուին»:

Իսկ, մի՞թե հայեր էին նրանքՙ

Ջակոմո Գորրինի. 1859-1950

Ֆրիտյոֆ Նանսեն. 1861-1930

Մի՞թե ազգություն է ճանաչում սերըՙ մերձավորի հանդեպ, որը մերկ ձեռքերով հանվեց քաղաքակրթության կրակների միջից ու վեր բարձրացվեց... ու շարունակելու է բարձրանալ, որովհետեւ Հիշատակի պատը շարունակում է հիշեցնել այդ մասին: Պատից ձայն է լսվում... Պատը ձայն ունի...

Հակոբ Սողոմոնյանի «Հիշատակի պատը» նախապատրաստում է լսելու այդ ձայնը: Արդյոք որ հուշաքարի՞ց է լսվում այս ձայնըՙ «...մի ժողովրդի ողբերգությունը համամարդկային ողբերգություն է, մեկի դեմ գործած ոճիրըՙ ոճիր է մարդկության դեմ»: Գուցե դա տասնմեկ հրեշտակներից յուրաքանչյուրի ձայնն է, որոնք երկիր էին իջել արհավիրքի տարին...

Հակոբ Սողոմոնյանը հուշում էՙ «Արթնացրու քո մեջ քնած հրեշտակին»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 07-02-2020

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ