RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 21:43:04Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020



ԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2020-02-13 19:49:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 821, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ. «ՀՐԱՇՔՆԵՐՆ ԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ...»

Անի ՓԱՇԱՅԱՆ

Անվիճելի է, որ գրականությունը հոգեբանության հետ խոր առնչություններ ունի, եւ ամենամեծ գրողները ոչ միայն ուսուցիչներ են, այլեւՙ հոգեբաններ: Անշուշտ, առանց մարդու հոգին ճանաչելու չի ստեղծվի վեպ կամ նորավեպ: Սակայն ինձ այս շատ կարեւոր հարցազրույցից առաջ հետաքրքրում է նաեւ գրողի հոգեբանական վիճակը: Վինսենթ Վան Գոգը տառապում էր հոգեկան խանգարմամբ եւ հիանալի նկարում էր, ստեղծում համաշխարհային գլուխգործոցներ: Իսկ գրո՞ղը. չէ՞ որ գրական երկ ստեղծելիս նա պիտի որոշակի եզրահանգումների հասնի, առողջ դատողությունների հանգի: Սա շատ կարեւոր հարց է, եւ պատահական չէ զրուցակցիս ընտրությունը: Նա գրող, հոգեբույժ, նաեւՙ գրականագետ Վարդգես Դավթյանն է:

- Պարոն Դավթյան, ինչպիսի՞ դեր եւ նշանակություն ունի գրողի համար մարդու հոգեբանական տիպերը ճանաչելը:

- «Հոգեբանական տիպեր» հասկացությունը զուտ գիտական-հոգեբանական բնութագիր է, որը մշակվել է բժիշկների, հոգեբույժների, հոգեբանների, քրեագետների, մանկավարժների կողմից մարդ տեսակի բազմազանությունը բացատրելու եւ դասակարգելու համար: Ամենասկզբում անտիկ աշխարհի բժշկապետները խմբավորեցին մարդկային խառնվածքի չորս տեսակՙ սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ եւ մելանխոլիկ: Մոտ երկու հազարամյակ մարդ-էակի հոգու եւ վարքի ողջ հարստությունը նկարագրվում էր այս չորս տեսակով: Վերջին երկու հարյուր տարում, երբ բուռն զարգացում ունեցան հոգեբանական եւ հոգեբուժական գիտությունները, առաջարկվեցին նաեւ հոգեբանական տիպերի ( բնավորության եւ անձի ) վերաբերյալ նոր դասակարգումներՙ ինտրավերտ եւ էքստրավերտ (Յունգ), առաջնորդներ, ուսումնականներ, մերժողներ, ակտիվներ (Ադլեր), ասթենիկներ, աթլետիկներ, պիկնիկներ, դիսպլաստիկներՙ անհամաչափներ (Կրեչմեր) եւ այլն, եւ այլն: Թեեւ այս դասակարգումները միմյանց չեն հակասում, այլ ավելի շուտ լրացնում են, այնուամենայնիվ հեռու են համապարփակ լինելուց, ուստի գիտնականների կողմից առաջարկվում են նորերը: Գրողի համար, իհարկե, կարեւոր է այս ողջ իմացությունը, սակայն բավարար չէ (նույնիսկ պարտադիր էլ չէ) վառ եւ իրատեսական կերպարներ ստեղծելու համար: Օրինակ, չեմ կարծում, թե Նար-Դոսը դրոգապան Յագորի կամ գիժ Հոռոմսիմի կերպարները ստեղծելիս նախապես կարդացել էր Լոմբրոզոյի կամ Կրաֆտ-Էբինգի գրքերը մարդկային անոմալիաների մասին: Գրողը մարդու եւ կյանքի ճանաչողության իր ուրույն ուղիներն ունի, նա ինքն է ստեղծում հոգեբանական տիպեր: Ավելին, ամերիկյան հոգեբան Գորդոն Օլպորտի կարծիքովՙ «գեղագետները ստեղծում են, հոգեբաններնՙ ընդամենը հավաքում»: Ստեֆան Ցվայգը մի փոքր ավելի խիստ է արտահայտվել նույն հարցի մասին: Անդրադառնալով Պրուստի, Ֆլոբերի եւ մյուս վարպետների կողմից մարդկային տիպերի կերտման հարցինՙ գրել է. «Նման գրողները գրականության եւ հոգեբանական դիտարկումների բնագավառում գիգանտներ են, այն դեպքում, երբ հոգեբանական գիտության մեջ անձի խնդիրը ուսումնասիրվում է ընդամենը փոքրիկ, աննշան մարդկանցՙ ըստ էության, ճանճերի կողմից, որոնք պաշտպանվում են գիտական սխեմաների միջումՙ բերելով իրենց մանր առօրյան եւ աննշան աղանդը»: Իհարկե, խիստ է ասված, որովհետեւ վերը նշված գիտնականներըՙ Յունգը կամ Կրեչմերը «աննշան մարդիկ» չեն եղել:

- Իսկ գեղարվեստական գրականություն ընթերցելիս նկատո՞ւմ եք գրողի հոգեկան անհավասարակշռությունը:

- Այստեղ եւս «հոգեկան անհավասարակշռություն» ասվածը բժշկահոգեբանական բնութագիր է, որն աղերսվում է նորմա-ախտաբանություն կամ առողջություն-հիվանդություն իմացաբանությանը: Գեղարվեստական գրականության մեջ չափանիշն այլ է: Խենթ զեղումները, արտառոց զգացողությունները, կրքերն ընկալվում են պոետիկայի հոլովույթում, գեղարվեստի կանոններով, դրանով իսկ ընդլայնվում են զգացմունքի եւ իմացության սահմանները: Այս իմաստով, օրինակ, Ուիթմենի, Ռեմբոյի կամ Չարենցի «անհավասարակշիռ» պոեզիան ընկալվում է ոչ թե որպես ախտաբանական, այլ նորմայի շարունակություն: Իհարկե, կան ստեղծագործողներ, որոնց գործերում գերակշռում է, ասենք, անկումային տրամադրությունըՙ թախիծը, տխրությունը, հոռետեսությունը (Էմինեսկու, Տերյան, Եսենին), բայց եթե գործ ենք ունենում իրո՛ք տաղանդավոր գրողի հետ, ապա նրա հնչեցրած հոգեկան ցավերը դառնում են բոլորովին այլ, ավելի անուշ, ավելի աստվածային, երջանիկ ցավեր (Հովհ. Թումանյան): Անշուշտ, կան գրողներ, որոնց հերոսների հոգեվիճակի պատկերումը վկայում է, որ հեղինակն անձնապես վերապրել է ամենը: Օրինակՙ էդգար Պոյի պատկերներում կամ Վսեվոլոդ Գարշինի պատմվածքներում: Զգայախաբությունները, պատրանքները, ցնորքները, զառանցագին ապրումները նման վավերականությամբ (կլինիկական հավաստիությամբ) կարող են պատկերել միայն նրանք, ովքեր ծանոթ են դրանց ներհոգեկան բովանդակությանը: Թեեւ, կրկնում եմ, եթե գործ ունենք տաղանդավոր արվեստագետ-գրողի հետ, ապա նրա պատկերած հիվանդագին զեղումներից կերպարն ավելի է ուժեղանում, ավելի ամբողջանում:

- Կարո՞ղ է գրողը լինել ասթենիկ, բայց լավ գրականություն ստեղծել, կհավատա՞, արդյոք, նրան ընթերցողը: Նա կարո՞ղ է ամուր գրականություն ստեղծել:

- Ասթենիկ ասելով եթե նկատի ունեք անձի դյուրաբեկ բնավորությո՞ւնը, շուտ հոգնելը, մի բանից շուտ ձանձրանալը, հիասթափվելը:

- Այո, նկատի ունեմ թույլ, չափազանց զգայուն հոգեկերտվածքով գրողին:

- Հիշեցի Պարոնյանի կերտած Բանաստեղծին, որն այդ զգայուն հոգեկերտվածքի գրոտեսկային կատարելատիպն է. «Բանաստեղծի մը սիրտը շատ փափուկ է, ամենաթեթեւ խոսքե մը կը վիրավորվի... Բարկությամբ մի՛ վարվիր հետս, ոտքդ պագնեմ, սիրտս լեցված է, հիմա կսկսիմ լալ...»: Ասթենիկ խառնվածքի դիպուկ կերպար է նաեւ այն սցենարիստը «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտիպլիկացիոն կինոնկարում. ցամաքած, մաշված երեսներով, մազերըՙ բիզ-բիզ, ծխախոտը բերանին, ինքն անվերջ ահ ու տագնապի մեջ, որը մինչեւ մի սցենար է գրում, մի քանի անգամ գնում է մահվան դուռը, ետ է գալիս:

Գրողն էլ կարող է լինել թուլահոգի, հոռետես կամ տխրադալուկ բնավորության տեր, բայց ստեղծի գրականություն ուժեղ, կենսախինդ եւ խիզախ մարդկանց մասին: Ֆանտաստ Ալեքսանդր Բելյաեւն իր ողջ ստեղծագործական հասուն կյանքն անցկացրեց անկողնուն գամված, դեպրեսիաների մեջ ( տառապում էր ողնաշարի տուբերկուլյոզով ), բայց տեսե՛ք, թե ինչպիսի հզոր, ռոմանտիզմով տոգորված վեպեր է գրել («Երկկենցաղ մարդը» , «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» եւ այլն): Նույնը եւ Նիկոլայ Օստրովսկին: Ֆիզիոլոգ Ի. Պավլովը առանձնացնում էր բնազդի մի տեսակ, որը մենահատուկ է մարդունՙ նպատակին հասնելու ռեֆլեքս, որը երբեմն ավելի զորեղ է, քան սնվելու կամ ինքնապահպանման բնազդները: Հավանաբար ստեղծագործող անձի մոտ, անկախ նրա խառնվածքի կամ բնավորության տիպից, այս ռեֆլեքսն ուժեղ է: Դա է պատճառը, որ շատ գրողներ (խախուտ նյարդերով եւ առողջությամբ) կարող են շարունակ գրել ու գրել մինչեւ ինքնաոչնչացման աստիճանը, ինչպես, օրինակՙ Րաֆֆին, որը միայն սուրճ էր խմում, ծխում եւ գրում օր ու գիշեր: Ի դեպ, խառնվածքի ասթենիկ նկարագիր ուներ Հրանտ Մաթեւոսյանը ( նիհար, մեղմ, անժպիտ, միշտ կարծես անվստահ, երկչոտ շարժուձեւով, դյուրազգաց, ասես ուրիշների փոխարեն անհարմարություն զգալով այս աշխարհում եւ այլն), բայց տեսեք թե ինչ ուժեղ եւ կենսահաստատ գրականություն է ստեղծել, Ձեր ասածՙ ամուր գրականություն:

- Ճիշտ եք, անշուշտ: Եվ Դուրյանն իր հայտնի «Լճակ»-ը գրելիս որքա՜ն միայնակ է զգացել իրեն, երբ ասում էՙ ոչ ոք չցանկացավ բացել իրՙ տղայի հոգին, տեսնել ինչեր են գրված այնտեղ, քանի որ թույլ, տխուր եւ հիվանդ էին համարում իրեն: Մեկն էլ կանխորոշել էր վատթարագույնը: Մինչդեռ մեծ բանաստեղծն իր հոգին համեմատում է հրդեհի հետ, միեւնույն ժամանակ այնտեղ նշմարում մոխրացած հուշեր:

- Այո, նույն մոտիվներն առկա են մեր երեք հանճարեղ թոքախտավորների պոեզիայում (Դուրյան, Մեծարենց, Տերյան):

- Այսօր գրողներ կան, որոնք ստեղծում են այնպիսի գրականություն, որն ընթերցողին կարող է հասցնել հոգեկան վնասվածքների: Այդ գրողը հաստատապես սպիտակ թղթին է հանձնում իր օրերի հոգեւոր բեռան գրեթե ողջ մասը, ամոքվում, պարպվում: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս դեպքում: Նկատի ունեմ ընթերցողին: Արդյո՞ք պետք է նրան այդպիսի «տանջանքը»: Կրկնում եմ, որ տողերում միայն նվնվոց, ատելություն, վրեժ եւ բողոք է հնչում, սակայն գրողը լավ է գրում, ուժեղ գրիչ ունի, գրագետ է շարադրել եւ այլն...

- Գրողը որքան էլ ինտելեկտուալ լինիՙ հզոր գրչով եւ վերլուծական մտքով, իր ստեղծած գրականությամբ առաջին հերթին ներգործում է ընթերցողի ոչ թե բանականության, այլ զգացմունքային աշխարհի վրա: Իր գրածներն ուղղվում են ոչ թե մտքին, այլՙ սրտին: Հետեւապես պիտի անպայման պահպանի հուզական համաչափությունը: Եթե, իհարկե, գործ ունենք գեղարվեստական գրականության հետ: Կա մի հոգեբանական ֆենոմեն, որի մասին գրել է դեռ Արիստոտելը: Դա կատարսիսն է (հոգեկան մաքրումը, բացասական հույզերի լվացումը), որն ի հայտ է գալիս մարդու ներաշխարհում գեղարվեստական գրականություն ընթերցելիս: Եթե կատարսիս չկա ( այն սրբազան սարսուռը, հուզական վերելքը), ապա կնշանակիՙ տկար է հեղինակի գեղարվեստական քանքարը: Երբ թատրոնի մեծ վարպետ Ֆաինա Ռանեւսկայային հանդիմանում էին, թե ինչո՞ւ գեղարվեստական հուշերի գիրք չի գրում, պատասխանում էր, թե ինչ էլ գրի, վերջում «բողոքի գիրք» է ստացվելու: Հիմա, մեր գրողների մի մասի արտադրանքը պարզապես հենց դա է:

- Բայց դա կվնասի գրականության ընթացքը: Իհարկե, աշխարհի մեծագույն շատ գրողներ իրենց ստեղծած գրականությամբ ներկայացրին հենց իրե՛նց կյանքի ողբերգական կողմերը, բայց միեւնույն ժամանակ լուսավոր գրականություն ստեղծեցին: Ընթերցողը հուզվեց, բայց նաեւ ներշնչվեց, հիացավ, կյանքը նոր թարմությամբ բացվեց... Որովհետեւ այդ գրողները չհանգցրին լույսը, չնայած որ տխուր աշխարհի մասին էին գրում:

- Այո, հենց խնդիրն էլ այդ է: Մի անձի ապրումները ներկայացնելը դեռ գեղարվեստ չէ: Դա կարող է կոչվել մասնավոր օրագիր, դատարանային արձանագրություն, հիվանդության պատմություն եւ այլն: Դա ընդամենը կենսական իրողության շարադրանք է: Որպեսզի դառնա գեղարվեստական տեքստ, պիտի տիպականացվի, կենսական իրողությունը փոխակերպվի գեղարվեստական փաստի: Դրա համար այդ հում նյութը պիտի անցկացվի գրողի ստեղծագործական լաբորատորիայով, հակառակ դեպքում այն կմնա իբրեւ դառնահամ ծաղկափոշի ու մեղր չի դառնա: Գրականության վարպետները, անհատի ապրումները ներկայացնելով, տալիս են մի ամբողջ սերնդի կամ սոցիալական խավի հոգեկան դրաման: Դրա մեջ է թաքնված գրչի ուժը...

- Ինձ հետաքրքրում են Լոռեցի Սաքոյի եւ Անուշի հոգեկերտվածքները: Ինչպիսի՞ն են նրանք այս առումով:

- Այս կերպարները հոգեբույժի դիտանկյունից քննախոսելիս առաջին հերթին վանել եմ մասնագիտական գայթակղությունը, աջ ու ձախ հոգեբուժական դիագնոզ հնչեցնելու առումով: Մի բան է կոնկրետ, կենդանի անձնավորության քննությունը եւ բոլորովին այլ բանՙ գրական հերոսի կամ գեղարվեստական տեքստի հետ աշխատելը: Այս դեպքում հոգեբանական եւ հոգեբուժական հայացքներն ընդամենն օգնում են ընդլայնելու եւ հարստացնելու գրականագիտության զինանոցը եւ ոչ ավելին: Իսկ հրապուրվելու դեպքում կարող ես գրողին եւ նրա ստեղծած հերոսներին վերագրել այնպիսի հատկանիշներ, որոնք կապ չունեն գեղարվեստական տեքստի հետՙ հայտնվելով ծիծաղելի դրության մեջ: Ընդհանրապես, հոգեբանություն գիտությունը եւ գրականագիտության մեջ հոգեբանական ուղղությունը նույն բանը չեն (սա առանձին քննարկման թեմա է): Միշտ հիշում եմ «Երալաշ» երգիծական կինոթողարկումներից մեկը, երբ աշխարհագրության ուսուցչուհուն ուղարկում են, որ փոխարինի գրականության բացակա ուսուցչին: Եվ երբ աշակերտներից մեկը սկսում է արտասանել. «Հողմը մեգով երկինքն առնում, գալարում է բուքը ձյան...» եւ այլն, ուսուցչուհին (դերակատարըՙ Լիա Ախեջակովան) սկսում է բացատրել. «Տեսնո՞ւմ եք, որ բքին ցիկլոններն ու անտիցիկլոնները շարժվում են մթնոլորտի բարձր ճնշման գոտուց դեպի ցածր ճնշման գոտի ...»: Թումանյանի հերոսները սովորական խենթեր չեն, զուտ բժշկագիտական իմաստով: Նրանք խելահեղության մեջ բացահայտում են վեհի ու կատարյալի նոր ոլորտներ, նոր որակներ եւ ավելի լիարժեք ու առողջ են դուրս գալիս, քան աշխարհն ու մարդիկ: Իսկ Անուշը հոգեթերապիայի կարիք չունի, քանզի ինքն է ի վերուստ կոչված մաքրագործելու, ամոքելու, վեհացնելու «վար մնացած» մարդկանց հոգիները: Ահա թե որտեղ է գեղարվեստի ուժը, նրա առանձնահատկությունը:

- Ամբողջ աշխարհն անընդհատորեն հիանում է Դոստոեւսկու գրականությամբ: Նա գրական ճանաչման է բերում առաջին հայացքից աննշան մարդկանց, մի կերպարի կողքին «կառուցում» նրա նմանակին, միեւնույն երկում պատկերում հոգու տարբեր որակներով բազմաթիվ հերոսների, արդարացնում եւ դատափետում, այսպիսով ստեղծում անբացատրելի աշխարհՙ մարդկային որակների բազմազանություն: Մի՞թե մեկ մարդու մեջ այդքան ես-եր կարող են ապրել:

- Իրավացի եք, Դոստոեւսկու ստեղծագործության բոլոր լուրջ հետազոտողները (Ֆրոյդից մինչեւ Բախտին) խոստովանել են, որ նրա գործերը ամենից շատ են աղերսվում հոգեբանական գիտությանը, իսկ ռուսաստանյան հոգեբուժներից մեկը նույնիսկ մենագրություն ունի «Դոստոեւսկինՙ հոգեախտաբան»: Եվ դա հավանաբար նրա կիրառած «անողոք ռեալիզմի» մեթոդի շնորհիվ է, որի պատճառով նրան առանձնապես չէին սիրում Տոլստոյը եւ Գորկին: Այո, քիչ է ասել, թե Դոստոեւսկին հոգեբան է: Նա ավելին է, ես կասեիՙ հոգեգետ է: Վերջինիս եւ հոգեբանի տարբերությունը նույնն է, ինչպիսին որ արվեստագետի եւ արվեստաբանինն է:

- Ձեր «Կրեպելինով դատապարտվածը...» ճեպանովելում պատկերել եք շիզոֆրենիայով տառապող կնոջը: Բժշկի վերաբերմունքն այստեղ բացառիկ է. նա գթությամբ է լցվում իր հիվանդի հանդեպ: Իրականությունի՞ց է ծնվել այս գործը... Կարծում եմՙ այսպիսի երկերը պիտի կարդան շատ բժիշկներ, այն կարող է առողջացնել կյանքը: Նման իրադրություններ իր նովելներում պատկերել է նաեւ սրտաբան Զավեն Դոլաբջյանը:

- Այո, իրապատում է, բայց ոչ մասնավոր կամ եզակի դեպքի առթիվ: Որպես մասնագետՙ ես աչք եմ բացել, աճել Հայաստանի հոգեբույժների դպրոցում, որտեղ արժանապատվության եւ մարդասիրության սկզբունքները թելադրող են եղելՙ ի տարբերություն սովետական հոգեբուժության վատահամբավ ավանդույթի (նկատի ունեմ մոսկովյան, այսպես կոչված, «պատժիչ հոգեբուժությունը»): Մեզանում գթասիրտ վերաբերմունքը հոգեկան հիվանդների հանդեպ դարերի պատմություն ունի: Վաղ միջնադարյան Հայաստանում ապաստարան-բուժարաններ էին բացում վանքերին կից, այն դեպքում , երբ դրանից հազար տարի հետո էլ Եվրոպայում դեռ այդ հիվանդներին այրում են խարույկի վրաՙ իբրեւ վհուկների: Տարօրինակ է, անշուշտ, բայց այդպես էր: Հիմա Եվրոպան է մեզ մարդասիրություն եւ իրավունք քարոզում:

- Մշտապես քննարկման լուրջ թեմա է եղել Նար-Դոսի նշանավոր «Սպանված աղավնի» վիպակի Սառայի կերպարը: Հասարակությանը այսօր էլ հետաքրքրել է նրա այս հերոսուհու վարքագիծը: Զգայո՞ւն է նա, թե՞ , այնուամենայնիվ, հիվանդ հոգու կրող: Ի դեպ, այս գրողը հաճախ է անդրադարձել հոգեպես անկայուն նկարագրերի:

- Այո, Նար-Դոսի կերտած պատկերասրահը շատ հետաքրքրական է հոգեբանության եւ հոգեբուժության տեսանկյունից: Բացահայտման կարոտ խորն ու անակնկալ շերտեր կան մեր մեծ նովելիստի վեպերում եւ պատմվածքներում. ծայրահեղ իրավիճակներ, հոգեկան ցնցումներ, հոգեբանական տիպեր (դրանով սկսեցինք մեր զրույցը), ներհոգեկան կոնֆլիկտներ, անսպասելի լուծումներ, ագրեսիայի բնախոսություն, սեռային ինքնորոշման խուլ թեմաներ եւ այլն եւ այլն: Նույնիսկ մեր դասական գրականագիտության մեջ Նար-Դոսը միակողմանի է ներկայացվում: Օրինակ, վերլուծելով Սառայի կերպարըՙ գրականության լավագույն գիտակներից մեկըՙ Արսեն Տերտերյանը, համոզված էր, որ Նար-Դոսին չի հաջողվում կանացի «լիարժեք կերպարներ» ստեղծել: Սա, անշուշտ, ավանդական (ուսուցողական) գրականագիտության տեսակետն է: Մինչդեռ, երբ կերպարին մոտենում ենք հոգեբանական ուղղության հայտածիչներով, ապա կերպարը դառնում է լիարյուն եւ իրական: Օրինակ, Սառայի խոսքում եւ վարքում դրսեւորվող արտառոց երեւույթները միանգամայն բացատրելի են նրա հետտրավմատիկ սթրեսային հոգեվիճակի հանգամանքով, որը հրաշալի է ներկայացրել հեղինակը: Նույնը եւ Լեւոն Շահյանի կերպարի առթիվ («Մահը»): Այստեղ էլ լուրջ ասելիք ունեն հոգեբան գրականագետները: Ի դեպ, այս գործերի էկրանավորման տարբերակներում եւս առկա է միակողմանիությունը: Ես շատ զարմացա, երբ բեմադրիչ Հրաչ Քեշիշյանը (որին շնորհալի եմ համարում) մի հարցազրույցում ասաց, թե «չնայած «Սպանված աղավնին» մեր գրականության ամենաուժեղ գործերից չէ ... »: Եթե այդպես է կարծում, ինչպե՞ս է ձեռք զարկում էկրանավորման գործին: 80-ականներին «Մահը» վեպը վեր էին ածել հեռուստաբեմադրության, որտեղ գլխավոր հերոսին դարձրել էին շիզոֆրենիկՙ լսողական ցնորքներով, գիտակցության խանգարումներով: Բայց չէ՞ որ Նար-Դոսի Լեւոնը «հոգեբուժական» կերպա՛ր չէ:

- Այդպես նաեւ խոր վերլուծության կարիք ունեն «Աննա Սարոյան» վիպակը, «Պայքար» վեպը:

- Հետաքրքրական թեմա է նաեւ Նար-Դոս գրողի անձի եւ նրա կերտած կերպարների հոգեբանական առնչությունների հարցը: Եվ ոչ միայն Նար-Դոսի: Մուրացանի հոգեկան դրաման եւ դրա անդրադարձները իր ստեղծագործության մեջ նույպես հետաքրքրական է: Օրինակՙ խանդ ֆենոմենի քննախոսությունը: Ընդհանրապես, կարծում եմ, որ նոր դարաշրջանում հայ գրականագիտության մեջ զարգացում է ապրելու հատկապես հոգեբանական ուղղությունը, որը բացահայտելու է մեր գեղարվեստական մտածողության բոլորովին նոր որակները:

- Աշխարհահռչակ անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆն իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ: Պատճառը հոգեկան ծանր հիվանդությունն էր, որն այն ժամանակ չէին կարողանում բուժել, այսինքնՙ չկար համապատասխան դեղորայք: Բայց նա մեծ գրականություն է ստեղծել, որը շատ հետեւորդներ ունի:

- Վիրջինիա Վուլֆը տառապում էր ժամանակ առ ժամանակ սրացող մի հիվանդությամբ, որն այսօր մասնագետները կոչում են բիպոլյար փսիխոզ (հին անվանումն է ցիկլոֆրենիա կամ մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ): Սակայն նրա ինքնասպանությունը միայն հիվանդության հանգամանքով բացատրելը բավարար չէ: Նա ունեցել է խիստ զգացմունքային, հեշտ խոցելի, դյուրաբեկ բնավորություն, ինչպես նաեւ ֆիզիկական անտարբերություն հակառակ սեռի հանդեպՙ լինելով անգամ ամուսնության մեջՙ բայց գարշելով ինտիմ կյանքից: Նրա վեպերը, էսսեները, նամակները հոգեբանական ահռելի նյութ են պարունակում: Վիրջինիա Վուլֆը համարվում է հոգեբանական գրականության, «գիտակցության հոսքի» գրական մեթոդի խոշոր դեմքերից մեկը:

- Այսպիսով կարո՞ղ ենք եզրակացնել, որ գրական տեքստն անկանխատեսելի աշխարհ է, որ գրի ընթացքը երբեմն կախված չէ գրողից, այլ...

- Այո, անշուշտ, վերջին հաշվով գեղարվեստական գրականության աշխարհը իրականությանը զուգահեռ, բայց նաեւ վիրտուալ, այլընտրանքային աշխարհ, է, որը հաճախ ավելի ռեալ է, քան օրվա իրականությունը: Ռեալ է իր անկեղծությամբ, ներդաշնակությամբ, մարդասիրությամբ: Այդտեղ հոգու լուռ ցավերը չեն խլացվում, այլ ընդհակառակը, ուժեղացվում են, երբեմն մինչեւ կոսմիկական աղմուկի աստիճանի: Ինչ վերաբերում է անկանխատեսելիությանը, անշուշտ, դա էլ կա: Երբեմն գրողի ստեղծագործական ինտուիցիան (ներքնատեսությունը) բոլորովին նոր եւ անսպասելի լուծումներ է պարտադրում, նույնիսկ հեղինակի կամքից անկախ: Մի անգամ Տոլստոյն իր աշխատասենյակից դուրս է գալիս եւ արցունքն աչքերինՙ ասում. «Գիտեք, հենց նոր մահացավ Աննա Կարենինան...»: Հրաշքնե՛րն են գրականության աշխարհի տիրակալները...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ