RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020



ԿԻՍԱՏ ՔԱՅԼ

Տեղադրվել է` 2020-02-13 19:49:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 239, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԲԵԼՅԱՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ, ԲԱՅՑ...

Նաիր ՅԱՆ

Կոնստանտին Օրբելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնվել է: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ մաեստրոն քաշքշուկների մեջ է: Իրեն հանիրավի աշխատանքից ազատվելու համար նա դատի էր տվել մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանին ու դատը շահել: Բնականաբար, նախարարությունը կամ օպերային թատրոնը պետք է վճարեին դատական ծախսերն ու հարկադիր պարապուրդի գումարը: Սակայն ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել էր դատարանի վճիռը: Դրա պատճառով մաեստրոն սպասեց եւս երկու ամիս, եւ օրերս պարզ դարձավ, որ դատարանը նախարարության բողոքարկման հայտը մերժել է: Այնպես որ, իշխանություններն ուզեն-չուզեն Կոնստանտին Օրբելյանիՙ թատրոնի տնօրենի հաստիքը պետք է վերականգնեն:

Հաստիքը վերականգնվել է, Օրբելյանն էլ պատրաստվում է ստեղծագործական ծրագրերն իրականացնել. Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան ուզում է վերաբեմադրել նորովի, որպեսզի այն ներկայացվի ԱՄՆ-ում: Մտադիր է Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» օպերան բեմադրել: Բայց մաեստրոն անորոշության մեջ է: ԿԳՄՍ նախարարությունը ոչ մի դիրքորոշում ցույց չի տալիս, պարզ չէՙ ինչ վերաբերմունք ունի թատրոնի նկատմամբ:

2016 թվականից օպերային թատրոնի որեւէ ներկայացում պետական ֆինանսավորում չի ստացել. վերջինը «Դիմակահանդես» բալետն է եղել, այն էլ Կոնստանտին Օրբելյանի նյութական աջակցությանը դիմելու կարիք, այնուամենայնիվ, եղել է:

Մաեստրոն պատմում է, որ իշխանափոխությունից առաջ Դուբայ ու Քուվեյթՙ հյուրախաղերի մեկնելու ճանապարհածախսը պետք է պետությունը հոգար. պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել: Սակայն մշակույթի ոլորտի հեղափոխական պատասխանատուները հրաժարվել են գումար տրամադրել: Օրբելյանը ստիպված է եղել ճանապարհածախսը սեփական գրապանից տալ: «Դուք կին եք, ցանկացած ժամանակ կարող եք Ձեր ազգանունը փոխել, իսկ ես ազգանունս փոխել չեմ կարող, ես Օրբելյան եղել եմ, Օրբելյան էլ կմնամ. իմ ստորագրությունն անփոփոխ է: Քուվեյթ ու Դուբայ հյուրախաղերի մեկնելու պայմանագրի տակ արդեն ստորագրել եմՙ Օրբելյան»,- ֆինանսավորման պայմանավորվածությունը չեղարկած Նազենի Ղարիբյանին ասել է Կոնստանտին Օրբելյանը:

Մշակույթի փոխնախարարի պատճառով Կոնստանտին Օրբելյանի հետ կնքված մի շարք պայմանագրեր հետաձգվել կամ չեղարկվել են, որովհետեւ մաեստրոն ազատվել էր տնօրենի պաշտոնից: Հովանավորներն էլ են հետ քաշվել: Թատրոնը նոր ներկայացումներ, իհարկե, բեմադրել է, բայց բոլորը տնօրենի պաշտոնից ազատված, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ֆինանսավորմամբ: Այդկերպ են բեմ հանվել «Մանոնը», «Չիպոլինոն», «Բյուրեղապակյա դղյակը»: Որեւէ ներկայացման կամ պրեմիերայի իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չի եկել:

Հունվարին Յոլյանի անվան արյունաբանական կետրնում բուժվող երեխաների համար բալետային խումբը «Չիպոլինոյից» մի հատված ներկայացրեց : Նախաձեռնությունը վարչապետի տիկին Աննա Հակոբյանինն էր: Վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը տիկնոջը հրավիրեց հունվարի 30-ի «Դիմակահանդես» ներկայացմանը: Բայց այդ օրն էլ Աննա Հակոբյանը օպերային թատրոն չի գնացել:

Թատրոնի տանիքը նորոգման կարիք ունի: Թամանյանական գլուխգործոցի տանիքը քայքայված է, կաթում է, օդափոխության համակարգ չկա, ամռանը փորձ անել կամ ուղղակի ներկայացում դիտել հնարավոր չէ. հեղձուկ է: Պետությունը գումար չի տրամադրում ոչ միայն ներկայացումների, այլեւ թատրոնի կարիքների համար:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ իշխանություններն անթաքույց քամահրանք ունեն օպերային թատրոնի նկատմամբՙ ի դեմս Կոնստանտին Օրբելյանի: Վարչապետը ժամանակ առ ժամանակ կոչ է անում զբոսաշրջությունը զարգացնել, Երեւանն օտարների համար գրավիչ դարձնել: Ամռանը զբոսաշրջիկներ են գալիս Երեւան, բայց այդ ամիսներին օպերային թատրոնում ներկայացում նայել ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ դահլիճում տոթ է: Զբոսաշրջիկին գրավելու համար պետք է դասական հարուստ խաղացանկ ունենալՙ բալետներ ու օպերաներ: Եթե 2016 թվականից ի վեր պետությունը ոչ մի ներկայացում չի ֆինանսավորել, ուրեմն մինչեւ վերջ հույսներս պետք է Կոնստանտին Օրբելյանի գրպանի վրա՞ դնենք:

Ի դեպ, չնայած որ նրաՙ թատրոնի տնօրենի հաստիքը վերականգնվել է, բայցեւայնպես մաեստրոն ռիսկի գոտում է գտնվում: Օգոստոսի 3-ին նրա աշխատանքային պայմանագիրը լրանում է: Օրբելյանը միամիտ չէ, ու շատ լավ կանխատեսում է, որ թեեւ դատարանով վերականգնվեցին իր իրավունքները, բայց մեծ է հավանականությունը, որ աշխատանքային պայմանագիրն իր հետ միգուցեեւ չերկարացվի: Եթե չկան երաշխիքներ, ուրեմն նոր ներկայացումներ, երկարաժամկետ ծրագրեր, համագործակցություններ ակնկալելն էլ դժվար է: Ի վերջո, օգոստոսի 3-ը յոթ սարերի հետեւում չէ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ