RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



ՆԿԱՐԻՉԸ

Տեղադրվել է` 2020-02-20 19:46:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2335, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեր հայրենակիցները տարիներ ի վեր իրենց հաստատուն ներկայությունն ունեն Լատվիայի կերպարվեստում: Արթուր Հակոբյանի (Arturs Akopjans) մասին առաջին անգամ իմացա մեկ տարի առաջ Ցեսիս քաղաքի Լատվիական արվեստի համաշխարհային կենտրոնում (PLMC) բացված ցուցահանդեսում: Արվեստաբան համադրողն իմանալով, որ հայ եմ, ուղղվեց դեպի կախված նատյուրմորտներից մեկն ու ասաց, որ տաղանդավոր լատվիահայ նկարիչ Արթուր Հակոբյանի գործն է: Նկարներն ընտրվել էին յուրահատուկ սկզբունքով. լատվիական սփյուռքի երեւելի արվեստագետները ներկայացել էին մեկական գործով եւ առաջարկել Լատվիայում ստեղծագործող մեկական նկարչի գործ` զուգահեռ ցուցադրության համար: Հակոբյանի «Ծաղկամանով նատյուրմորտը» ընտրել էր Կանադայում բնակվող նկարչուհի Իլա Կելերմանըՙ ցուցահանդեսի կատալոգում թողնելով հետեւյալ գրառումը. «Ինձ գրավում են այս նկարչի գունային ներկապնակը, խորհրդապաշտությունը եւ պատկերման համոզչականությունը»:

Դրանից հետո Ռիգայում երջանիկ առիթն ունեցա լինելու Արթուր Հակոբյանի հյուրընկալ արվեստանոցում: Համեստ կահավորմամբ փոքրիկ սենյակն ասես այլափոխվեց, երբ հեղինակը, պահարանից հանելով, հերթով շարեց նկարները: Վերացական թե ֆիգուրատիվ գործերՙ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներՙ տարբեր տեխնիկաների կիրառմամբՙ ակրիլ, յուղաներկ, մինչեւ իսկՙ գծանկար ու կոլաժի տարրեր: Ամենուր արտահայտված է նկարչի վառ անհատականությունը, ձեռագիրը. առանց ակներեւ հայկական թեմաների էլ օգտագործվող վառ արեւային երանգները հուշում են, որ հայ նկարչի, մեր մանրանկարիչներին արժանի ժառանգի հետ գործ ունենք: Արթուր Հակոբյանը հետնապատկերը լցնելու, առերեւույթ դատարկ մակերեւույթներին շարժում ու տրամադրություն հաղորդելու յուրահատուկ ձիրք ունի: Դիմանկարներն արված են որոշ դեպքերում կոնկրետ բնորդներից, ուրիշ դեպքերում` պատահաբար հանդիպած մարդկանցից` ինչպես որ տպավորվել են: «Ցանկացած բան ինձ կարող է ոգեշնչելՙ հատակի լաթը, գեղեցիկ աղջիկը, հին լապտերի սյունը, ամեն ինչ: Կարեւոր է որսալ տրամադրությունը, գտնել հաճախականությունըՙ ինչպես ռադիոընդունիչում: Երբ ռադիոն որսում է ալիքը, ձայնը հստակ է, առանց աղմուկի: Այնպես որ, ճիշտ ալիքը բռնելը ոգեշնչում է»,- ասում է Հակոբյանը: Նրա հոգեբանի սուր աչքից ոչինչ չի վրիպում. նկարիչն անհատական հատկանիշներով է օժտում ամեն ինչՙ լինի մարդ, կատու կամ թռչուն, թե անշունչ առարկա:

«Հայազգի նկարիչ Արթուր Հակոբյանի հիմնական արտահայտչամիջոցը գույնն է, որը խնամքով ընտրված է եւ կապակցում է նրա ամեն հաջորդ գործը,- գրում է լատվիացի արվեստաբանը:- Նրա նուրբ, բայց միեւնույն ժամանակ վերացական կերպարները ներկայացնում են հստակ անհատական ոճ... Նկարիչը չի հարում որոշակի կոնցեպտի, նկարներում նա արտացոլում է պահի, տրամադրության եւ մտքերի իր զգացական ընկալումը»: Նկարների անվանումներն արդեն շատ բան են ասումՙ «Շատ եմ ուզում», «Սպիտակ», «Դատարկության աշխարհ», «Կատվի ծննդյան օրը»... Կարծես մինչեւ վերջ չվստահելով վրձնինՙ նկարիչը հաճախ ձեռքերի ափերով ու մատներով է նկարում...»:

Արթուր Հակոբյանը ծնվել է 1969 թ., Բաթումում: Վաղ տարիքից բնակվել է Երեւանում: 1989-ից բնակվում է Ռիգայում: Սովորել է նախ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, դրանից հետո ավարտել Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժինը: 2000 թ. նրա աշխատանքը լավագույնն է ճանաչվել «Ռիգան ժամանակակից արվեստ» մրցույթումՙ արժանանալով Ռիգայի քաղաքային խորհրդի պարգեւին:

Բացի Լատվիայից (2000 թ.-ից Ռիգայում ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ)ՙ Հակոբյանը հայտնի անուն է նաեւ Դանիայում եւ Ավստրիայում, որտեղ մի քանի անհատական ցուցահանդես է ունեցել: Հակոբյանի աշխատանքները ցուցադրվել են Ռիգայի հեղինակավոր «Արսենալ» ցուցասրահում, նա խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Լատվիայում, Լիտվայում, Դանիայում, Բելգիայում, Ռուսաստանում, նրա գործերը գտնվում են տարբեր երկրների (Լատվիա, Լիտվա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Դանիա, Ռուսաստան, Հայաստան) մասնավոր հավաքածուներում:

Չնայած հեռավորությանըՙ նկարիչը քաջատեղյակ է Հայաստանի անցուդարձերին ու մտահոգ դրանցով: Նրա հարեւանությամբ մեկ այլ մեծատաղանդ հայ նկարչի` Վարուժ Կարապետյանի արվեստանոցն է, որին առանձին անդրադառնալու առիթ, հուսամ, կլինի: Ավելին, կարծում եմՙ վաղուց եկել է ժամանակը, որ Լատվիայի հայ արվեստագետներն ըստ արժանվույն ներկայացվեն նաեւ հայաստանյան ցուցասրահներումՙ բերկրանքի ու հպարտություն պահեր պարգեւելով իրենց հայրենակիցներին:

Նկար 1. ՎԱՐՈՒԺ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «Արթուր Հակոբյանի դիմանկարը»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ