RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



ԴԱՍԱԳԻՐՔ

Տեղադրվել է` 2020-02-20 19:46:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1389, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԵՆ ԲՈՅԱՋՅԱՆ. «ՀԱՅԱԼԵԶՈՒ ԴԱՍԱԳԻՐՔ ԳՐԵԼՈՒ ՄԻՏՔՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ԿԱՐ»

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Հայաստանում կա՞ն արդյոք հայոց լեզվով գրված կամ հայերեն թարգմանված ուսումնական ձեռնարկներՙ բալետում որեւէ ձեւակերպի հետեւողական դասավանդման վերաբերյալ: Մինչեւ 2015 թ. այդպիսիք չկային: Ագրիպինա Վագանովայի «Դասական պարի հիմունքները» հանրահայտ դասագիրքը, օրինակ, հրատարակված աշխարհի բազում լեզուներով, երբեք չի թարգմանվել հայերեն: Սա վերաբերում է նաեւ բալետի դասընթացին վերաբերող բոլոր առարկաներին: Ահա թե ինչու Աշխեն Բոյաջյանի «Ժող-բնորոշ պար» երկհատոր դասագիրքն առաջին եւ դեռեւս միակ հայերեն ուսումնական ձեռնարկն է:

Հակիրճ անդրադառնալով պատմությանըՙ նշենք, որ ժող-բնորոշ պարը 17 -18-րդ դարերից դասական պարի ողջ դպրոցի անբաժան բաղկացուցիչ մասն է կազմում: 19-րդ դարի 30-40 ականներից ժող-բնորոշ պար սկսեցին կոչվել տարբեր ազգերի ժողովրդական պարերի բեմական մշակումներըՙ հիմնված դասական պարի բարձր պրոֆեսիոնալ տեխնիկայի վրա: Յուրաքանչյուր ակադեմիական պարարվեստի դպրոց պարտադիր ընդգրկում է ժող-բնորոշ պարի առարկան իր ուսումնական համակարգում:

Չթվարկենք այժմ այն բազում բալետները, որոնց անբաժան մասն են կազմում ժող-բնորոշ պարային տեսարանները: Նշենք հայկական պարարվեստում այդ պարի ամպլուայում հանդես եկած հանրահայտ կատարողների անուններըՙ Մեծ թատրոնի առաջատար պարողներ Գեորգի ու Եվգենյա Ֆարմանյանցները, Յուլյանա Մալխասյանցը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում ժող-բնորոշ պարերի անզուգական կատարղներ էին Զարեհ Մուրադյանը, Ելենա Արարատովան, Վանուշ Խանամիրյանը, Վիկտոր Բորիսովը, Սիլվա Մինասյանը, Բելա (Լորետա) Հովնանյանը: Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի (այժմՙ քոլեջի) ձեւավորման համարյա թե առաջին տարիներից ժող-բնորոշ պարը պարտադիր առարկաների թվին է պատկանում:

Աշխեն Բոյաջյանը պարը սիրել է մանկուց: Սովորել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի լավագույն պարուսույցներիՙ Ալեքսանդրա Բոգանկովայի, Լյուդմիլա Սեմանովայի, Լյուդմիլա Սախարովայի մոտ, իսկ ավարտել է Էլվիրա Մնացականյանի դասարանը: Շատ մեծ դեր խաղաց ոչ միայն ուսուցման, այլ նաեւ ընդհանրապես մասնագիտական հետագա կյանքում նրա ժող-բնորոշ պարի դասավանդող Տատյանա Բորիսովան: Ժող-բնորոշ պարի դասարանում Աշխեն Բոյաջյանը առանձնանում էր որպես լավագույն աշակերտուհիներից մեկը:

Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո (1984 թ.) ընդունվեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ աշխատեց մի քանի տարի: Այնտեղ հասցրեց շատ կարճ ժամանակում կատարել ժող-բնորոշ պարեր խաղացանկի բալետներում եւ օպերաների պարային տեսարաններում: Մենապարեց «Կարապի լիճ» բալետի Մազուրկայում եւ «Դաիսի» օպերայում: Որոշ ժամանակ անց դուրս եկավ օպերային թատրոնից եւ որոշեց զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Ինչպես պատմում է ինքըՙ Աշխեն Բոյաջյանը. «Մտա պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի մոտ եւ ասացի, որ կցանկանայի դասավանդել դասական պար: Սակայն Թերեզա Հրաչեւնան ասաց, որ ինձ տեսնում է ժող-բնորոշ պարի դասավանդման բնագավառում: Երբ 1991-ին եկա ուսումնարան, ինձ անմիջապես տվեցին դասարան: Այդ ժամանակներում ուսումնարանում կար հանրակացարան, որտեղ ապրում էին Հայաստանի տարբեր շրջաններից ուսումնարանի համար ընտրված երեխաները: Իմ առաջին սաները դարձան այդ հանրակացարանում ապրող երեխաները: Երբ ես առաջին անգամ մտա դահլիճ, ինձ հետ դասարան մտավ նաեւ դասական պարի մեր ականավոր դասավանդող Ժասմեն Բաբախանյանը: Եվ ինձՙ որպես սկսնակ ուսուցչուհու, ասաց. «Չվախենաս ոչ մի բանից, կլինես հանգիստ, երեխաներն ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ զգում են: Կանես, ինչ որ նախատեսել ես, կփորձես, կբացատրես, իսկ հետո կստուգես ինքդ քեզՙ ճիշտ ես արել, թե ոչ: Չվախենաս: Երբ որ կգաս մյուս դասին, կասեսՙ այժմ էլ կփորձենք այսպես անել»: Եվ դա մանկավարժական մի գաղտնիք էր, որն օգնեց ինձ քիչ-քիչ սկսել համարձակ աշխատել, դասավանդել, որովհետեւ առաջին հերթին շատ կարեւոր է կառավարել դասարանը, երկրորդ հերթինՙ փոխանցել գիտելիք եւ ստանալ այդ ամբողջից արդյունք: Այնուհետեւ դասարաններն ավելացան: Հետո առաջին ավարտականներն ունեցա: Եվ արդեն բազում տարիներ ինձ մոտ ժող-բնորոշ դասարանի սաները ավարտում են պարարվեստի ուսումնարանը»:

Աշխեն Բոյաջյանն անչափ սիրում է իր առարկան, շատ է խորացել մանրամասների մեջ: Անընդհատ կատարելագործում է իր դասավանդական վարպետությունը: Նրա համար ոչ միայն շատ կարեւոր, այլեւ հետաքրքրական է, որպես ստեղծագործականությամբ օժտված անձ, թե յուրաքանչյուր վարժություն ինչպես է սկսվում, զարգանում, ավարտվում, ինչպես է ձեւավորվում երաժշտության հետ, ինչպես են համակցվում երաժշտական եւ պարային տարրերը: Այդ է պատճառը, որ նրա թե՛ դասընթացի կառուցվածքը, եւ թե՛ բեմադրությունները «մեղեդայնորեն» ներդաշնակ են եւ ճշգրիտ, բնականորեն շեշտավորված ու հանգավորված:

Հետզհետե հասունացավ այն միտքը, թե անհրաժեշտ է կազմել հայալեզու դասագիրք, մեթոդական ձեռնարկ: «Ձեռնարկ գրելու միտքն իմ մտքում շատ վաղուց էր պտտվում: Եվ ես սկսեցի մանրամասն կոնսպեկտավորել բոլոր դասերը: Երաժշտական չափը, երաժշտական ոճը: Քիչ-քիչ սկսեցի սովորել տիրապետել համակարգչին եւ տպագրել կոնսպեկտները: Այդ ընթացքը բավական տարիներ տեւեց: Երբ ավարտվեց տեքստային մասը, սկսեցի մտածելՙ ինչպես ցույց տալ վարժությունների կատարման պատկերները նկարներով: Վերցրի ֆոտոխցիկը, գնացի ուսումնարան, եւ ընտրելով երկու աշակերտՙ սկսեցի վարժության կատարման ամեն պահը նկարահանել: Բոլոր մանրամասները: Գնեցի ֆոտոշոփ եւ հմտացա լուսանկարները տպանկարի վերածելու սկզբունքներին: Այդպես ձեռնարկը համալրվեց վարժությունների կատարման պատկերային բաղադրամասով: Հիմնական մտահղացումն էր ստեղծել հայերեն լեզվով ձեռնարկ, որ դասավանդողները կարողանան ճիշտ աշխատել»:

Աշխեն Բոյաջյանի «Ժող.բնորոշ պար» ուսումնամեթոդական ձեռնարկի առաջին մասը լույս տեսավ 2015թ.-ին, իսկ երկրորդըՙ 2019 թ. դեկտեմբերին: Դա այն ժող-բնորոշ պարի ամբողջական ծրագիրն է, որով աշխատում են քոլեջում:

Աշխեն Բոյաջյանը հանդես է գալիս նաեւ որպես բալետմայստեր: Նրա բեմադրած բազում ժող-բնորոշ պարային համարները զարդարում են Երեւանի պարարվեստի պետական քոլեջի համերգները: Առանձնակի ուշադրության է արժանի 2013-ին բեմադրված «Դաս-համերգը», որտեղ փաստորեն մասնակցեցին ուսումնարանի բոլոր աշակերտները:

Դաս-համերգն ունի շատ հետաքրքրական կառուցվածք:

Այն միավորում է պատմա-կենցաղայինՙ պարահանդեսային եւ ժող-բնորոշ պարեր: Մոտ 40 րոպե տեւող բեմադրությունը սկսվում է Պոլոնեզով: Այնուհետեւ սկսվում եմ ժող-բնորոշ պարի էկզերսիսի շարժումները ձողի մոտ իրենց սովորական հերթականությամբ: Հերթական յուրաքանչյուր վարժություն պարունակում է այդ պարային տարրերը, որոնք հետզհետե անցնում են ձողից դեպի բեմի մեջտեղը եւ վերջում վերածվում Իսպանական պարիՙ իր բազմատեսակ կոմպոզիցիոն եւ շարժումային տարբերակներով, զարգանում եւ վերածվում խմբական պարի:

Նմանատիպ հաջորդ համարըՙ Տարանտելլան, նույնպես սկսվում է ձողի մոտ կատարվող շարժումներով, հետզհետե վերածվում պարի, որ ներառում է նաեւ բարդ թռիչքներ եւ զուգապարային ամենաբարդ հնարքները: Իրար են հետեւում Մազուրկան, պարահանդեսային (դասական պարի ոճով) Վալսը, Ռուսական պարը, Պոլկան, Մոլդովական, Գնչուական պարերը եւ ամեն ինչ ավարտվում է Իսպանական պարով:

2014 թ. Աշխեն Բոյաջյանը ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինըՙ Աննա Կարապետյանի դասընթացը; Որպես ավարտական աշխատանք բեմադրել է մոտ 20 րոպեանոց բալետՙ Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմի մոտիվներով:

«Լիլիթ» բալետը հիմնված է չարի ու բարու, Լիլիթիՙ որպես մութ, սատանայական աշխարհի խորհրդանիշ, եւ սպիտակ, ջինջ Եվայիՙ որպես պայծառ եւ լուսավոր աշխարհի խորհրդանիշ: Ուստի Ադամը տարակուսանքներից հետո, սկզբից գայթակղվում է Լիլիթով, այնուհետեւ, Եվայի օգնությամբ, ազատվում է այդ անուրջից: Բեմադրությունը չի պարունակում ժող-բնորոշ պարի շարժումներ, հիմնվում է դասական եւ ազատ պարի տարրերի համակցության վրա:

Ժող-բնորոշ պարի տարրերը շատ հաճախ միաձուլվում են դասական պարի տարրերի հետ: Այդ է պատճառը, որ դասական ամպլուայի պարողների համար անչափ կարեւոր է դրանց վարժ տիրապետումը:

Ժող-բնորոշ պարի դասընթացն Աշխեն Բոյաջանի մոտ են անցել այժմ արտասահմանյան բեմերում որպես առաջատար պարողներ հանդես եկող Դավիթ Գալստյանը, Արման Զազյանը, Դավիթ Վարդանյանը, Դավիթ Կարապետյանը, նաեւ մեր առաջատար պարուհիներ Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը: Ժող-բնորոշ պարի բնագավառում այժմ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար պարուհի է Աննա Վեքիլյանը: Բազում պարող-պարուհիներ զարդարել եւ մեր օրերում զարդարում են «Բարեկամություն» պետական պարային համույթը, այդ թվումՙ Կարեն Մակինյանը, Լուսինե Սարգսյանը, Գոռ Նիկոլյանը, Արամ Զաքարյանը: Կան նաեւ խոստումնալից երիտասարդներՙ Միլենա Ումրիկյանը, Մարինե Մարուքյանը, Ավագ Համբարձումյանը: Աշխեն Բոյաջանն այժմ Միլենա Ումրիկյանին նախապատրաստում է Իսպանիայում կայանալիք միջազգային մրցութին:

Եվ այսպեսՙ առաջին հայալեզու ձեռնարկը դասական պարարվեստի բնագավառում ստեղծված է:

Ո՞վ է ձեռնամուխ լինելու պատրաստելու հաջորդը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ