RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020



ՎԱՍՏԱԿ

Տեղադրվել է` 2020-03-02 10:58:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 654, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ

Արծուի ԲԱԽՉԻՆԵԱՆ

Սփիւռքահայ երախտաշատ բանասէր, պատմաբան Վարդան Մատթէոսեանը 2010-2019 թթ. աշխատել է ԱՄՆ Արեւելեան թեմի (Կիլիկիայի կաթողիկոսութեան պատկանող) Ազգային առաջնորդարանում որպէս նրան կից Ազգային ուսումնական խորհրդի տնօրէն: Այդ ծիրում նա իրականացրել է մի շարք հրատարակութիւններ, ինչպէս հայերէն-անգլերէն «Հայաստանի պատմական ատլասը» (2012)ՙ իր խմբագրութեամբ (հայոց պատմութեան գլխաւոր դրուագների ներկայացումն էՙ քարտէզներով ու պատկերազարդումներով, սկզբից մինչեւ մեր օրերը) եւ «Զրուցենք» հայերէն-անգլերէն զրուցատրութեան շարքի երեք պրակները (2016-2018) հայերէն նոր սովորողների համար:

2018 թուականի սեպտեմբերին տեղի ունեցաւ թեմի նոր առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի ընտրութիւնը: Նոյն տարուայ դեկտեմբերի սկզբին նրա ընտրութեան առթիւ եղած ընդունելութեան ժամանակ նորընտիր առաջնորդը որոշել է որպէս յուշանուէր մասնակիցներին ընծայել իրՙ Անթիլիասի դպրեվանքի ուսանողութեան շրջանի նախասիրած գրքերից մէկըՙ ամերիկահայ նշանաւոր արձակագիր Համաստեղի «Աղօթարան» հատորը հայերէն ու անգլերէն թարգմանութեամբ: «Աղօթարանը» հրատարակուել էր Բէյրութում, 1957 թուականին եւ ցարդ չէր վերատպուել Սփիւռքում: (Երեւանում հրատարակուել է 2017 թուականին): Թարգմանութիւնը յանձնուեց Վարդան Մատթէոսեանին, որն ընդամէնը երկու ամսուայ ընթացքում իրագործեց բարձրարուեստ թարգմանութիւնՙ համաձայն բնագրային որակի: «Աղօթարան» նոր հրատարակութիւնը (բնագիրն ու թարգմանութիւնը մէկ հատորով) լոյս տեսաւ 2019-ի նոյեմբերի վերջին, Անուշաւան սրբազանի առաջաբանով: Անգլերէն բաժինը նաեւ ունի թարգմանչի ներածութիւնըՙ Համաստեղի կեանքի ու գործի համառօտ բնորոշումով, ինչպէս եւ գրողի աւագ դուստր Լորետա (Լորիկ) Կէլէնեանիՙ յատուկ այս հրատարակութեան համար գրուած յօդուածով: Այս հրատարակութիւնը նաեւ հետաքրքրական է այն առումով, որ հանդիսանում է Համաստեղի առաջին գործը, որը լոյս է տեսնում անգլերէնՙ առանձին գրքով:

2019-ին, Վարդան Մատթէոսեանը հրատարակել է նաեւ «Armenian Language Matters» («Հայերէնի խնդիրներ») անգլերէն փոքրիկ հատորը: Այն ամփոփում է, վերամշակուած կերպով, 2013-2018 թթ. Ազգային առաջնորդարանի «Crossroads» անգլերէն (2019 թ.ՙ նաեւ հայերէն) էլեկտրոնային շաբաթաթերթում երկշաբաթեայ կերպով լոյս տեսնող լեզուական սիւնակների մի մասը, որտեղ քննարկւում են հայերէնի քերականութեան, շարահիւսութեան, ստուգաբանութեան եւ այլ հարցերՙ հանրամատչելի կերպով:

Անցեալ տարուայ յունիսին Մատթէոսեանը նշանակուեց ԱՄՆ-ի Արեւելեան թեմի դիւանապետ (գործադիր տնօրէն), իսկ տարեվերջին, Կոմիտաս վարդապետի յոբելեանի առիթով, դարձեալ Անուշաւան արքեպիսկոպոս Դանիէլեանի տնօրինութեամբ, նա կազմեց, խմբագրեց, ծանօթագրեց ու անգլերէն թարգմանեց երկլեզու «Կոմիտաս-150» հատորը, որն ընդգրկում է հանճարեղ երաժշտի հետ կապուած նիւթեր, գլխաւորաբար ուղղուած լայն ընթերցողին: Այս նիւթերի մի մասն առաջին անգամ է ամփոփւում հատորով կամ լոյս տեսնում անգլերէնով: Հատորն ունի նաեւ բանասիրական ինչ-ինչ յաւելումներ կամ ճշգրտումներ, որոնք կարող են հետաքրքրել մասնագէտներին: Անուշաւան սրբազանի առաջաբանին հետեւում է Վարդան Մատթէոսեանի ներածականը, որը տալիս է Կոմիտասի կենսագրական ուրուագիծը, նաեւ բնորոշում է նրա ստեղծագործութեան առանձնայատուկ գծերը: Հատորը, որն օժտուած է մի շարք լուսանկարներով, պարունակում է կանադահայ երաժշտագէտ Յասմիկ Ինճէճիկեանի հայերէն եւ անգլերէն յօդուածը Կոմիտասի ազգագրաերաժշտագիտական ժառանգութեան մասին, որը լոյս էր տեսել մամուլում 1990-ականներին: Դրանից անկախ, բնագրով ու թարգմանութեամբ լոյս են տեսել Կոմիտասի ինքնակենսագրութիւնը, «Հայն ունի ինքնուրոյն երաժշտութիւն», «Պարը եւ մանուկը», ինչպէս նաեւ Յակոբ Սիրունիի «Հայ երաժշտութեան յաղթանակը»ՙ Կոմիտասի հետ հարցազրոյցը, Կոմիտասիՙ Յովհաննէս Թումանեանին ու Մատթէոս արք. Իզմիրլեանին ուղղուած նամակները, դաշնակահարուհի Թագուհի Զարեանի եւ Յ. Ճ. Սիրունիի յուշագրութիւնները (երկրորդըՙ հատուածաբար):

Պատմական գիտութիւնների թեկնածու Վարդան Մատթէոսանը ծնուել է Մոնտէվիդէոյում (Ուրուգուայ), 1964-ին: 1973-2000 թթ. բնակուել է Բուէնոս Այրէսում, որտեղ ուսանել է տեղի Խրիմեան կրթական հիմնարկութիւնում եւ Ազգային համալսարանի տնտեսագիտութեան բաժնում: Հայագիտական առարկաներ է դասաւանդել Դէլ Սալվադոր համալսարանում եւ հայկական կրթօջախներում: Հաստատուելով ԱՄՆ-ումՙ աշխատել է Նիւ Ջերսի նահանգի Յովնանեան վարժարանում մինչեւ 2010 թ.: 1980-ից հայերէն, իսպաներէն եւ անգլերէն յօդուածներով, թղթակցութիւններով, ուսումնասիրութիւններով, գրախօսականներով, թարգմանութիւններով եւ գեղարուեստական գործերով աշխատակցել է զանգուածային եւ գիտական մամուլին (երբեմն նաեւՙ «Ազգին»): 2005 թուականին թեկնածուական ատենախօսութիւն է պաշտպանել ՀՀ Գիտութիւնների ակադեմիայի Պատմութեան ինստիտուտում: Հրատարակել է պատմաբանասիրական բնոյթի աշխատութիւններ, որոնցից կարեւոր են «Կոստան Զարեանի շուրջ» մենագրութիւնը (1998), «Հարաւային կողմն աշխարհի. հայերը Լատին Ամերիկայի մէջ սկիզբէն մինչեւ 1950» (2005) եւ «Գրական-բանասիրական ուսումնասիրութիւններ» (2009, բոլորն էլ Անթիլիասում), ինչպէս նաեւ նրա խմբագրութեամբ լոյս են տեսել մի շարք իսպաներէն եւ անգլերէն գրքեր: 2005-ին Երեւանում հրատարակել է «Անվերջ վերադարձ» հայաստանեան ուղեգրութիւններն ամփոփող հատորը, 2007-ինՙ «Շամախեցի պարուհին. Արմէն Օհանեանի կեանքը եւ գործը» մենագրութիւնը (տողերիս հեղինակի համահեղինակութեամբ): Կատարել է թարգմանութիւններ հայերէնից իսպաներէն եւ հակառակը: Ի թիւս այլ հայ հեղինակների, իսպաներէն է թարգմանել Եղիշէ Չարենցի եւ Պարոյր Սեւակի բանաստեղծութիւնների հատընտիրները, Երուանդ Օտեանի «Առաքելութիւն մը ի Ծապլվար» վէպը, եւ Պետրոս Հաճեանի չորս հանրամատչելի ուսումնասիրութիւնները, Արտակ Մովսիսեանի «Սրբազան լեռնաշխարհը»: 2017 թ. ֆրանսերէնից անգլերէն թարգմանել է Հայկանուշ Սաչեան-Գրքաշարեանի «Հաճըն, եթէ քեզ մոռանանք» հատորը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ