RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 20:59:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 912, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ

Նաիր ՅԱՆ

Արեւմտահայերենը կորցնում ենք: Սփյուռքահայերի չորրորդ ու հինգերոդ սերունդն արդեն իսկ չի խոսում հայերեն. Շահան Շահնուրի «Կնահանջե՜ լեզուն, կնահանջե՜ լեզուն, կնահանջե՜ լեզուն» ախտորոշումն իրականացավ: Ասենք, որ արեւմտահայերենը կորցնում ենք ու համակարպվե՞նք այդ մտքի հետ: Համայն հայության ու հայերենի բնօրրան Հայաստանի հին ու նոր իշխանությունները պետք է արեւմտահայերենը պահպանելու քաղաքականություն եւ ռազմավարություն որդեգրած լինեին վաղուց: Եթե իննսունականներին դպրոցական դասագրքերում պարտադիր ծրագրով արեւմտահայ հեղինակների մի քանի ստեղծագործություն էր ընդգրկված, արեւմտահայերեն ընթերցանությանն էլ մեծ ուշադրություն էր դարձվում, ապա այսօր կրթական ծրագրերում Մեծարենցի, Դուրյանի, Թեքեյանի, Վարուժանի եւ արեւմտահայ այլ հեղինակների ամենաշատը մեկ-երկու գործ է ներառված, ընթերցանությունն էլ տասներոդ պլան է մղված: Ուսուցիչների մեծ մասն արեւմտահայերենի արտասանական կանոններին չի տիրապետում, աշակերտներին ինչպե՞ս սովորեցնի: Այդ պատճառով էլ հատկապես նոր սերնդի համար արեւմտահայերենը չինարենի, գերմաներենի նման օտար լեզու է, ավելի օտար, քան իբր մայրենի դարձած անգլերենը:

Արեւմտահայն ու արեւմտահայերենը ոչ հեռավոր անցյալում

Խորհրդային ժամանակներում արեւմտահայ հեղինակները հաճախ էին էկրան ու թատրոնի բեմ բարձրանում: Նախՙ հայրենադարձությունն էր դրան նպաստում: Աշխարհի տարբեր գաղթօջախներից Հայաստան մշտական բնակության էին տեղափոխվել ցեղասպանությունը վերապրածներ ու վերապրածների զավակներ, որոնք իրենց հետ մի նոր մշակույթ ու քաղաքակրթություն բերեցին: Արեւելահայերը նրանց անուն տվեցինՙ ախպար: Ախպարները կինո ու թատրոն, գիր ու գիտություն, ճարտարապետություն ու արհեստներ զարգացրին պատերազմներից, սովից, համաճարակներից ջլատված, Ռուսաստանի հետամնաց նահանգի կարգավիճակ ունեցող Արեւելյան Հայաստանում: Արեւմտահայերենն էլ որակվեցՙ ախպարի լեզու: Բայց ռուսաբանություններին տուրք տվող արեւելահայերը ախպարների միջավայրում եթե ոչ խոսել, գոնե սովորեցին հասկանալ արեւմտահայերենը, հասկանալ ու սիրել քնարական, երգեցիկ, բազմերանգ այդ լեզուն: Հայաստանում այդպիսի թատրոն չկար, որ տարեկան մի քանի արեւմտահայ պիես չբեմադրեր, ֆիլմեր նկարահանվեցին, որոնց լեզուն արեւմտահայերենն էր, հայ ռեժիսորները, դերասաններն առանց դժվարության խոսում ու հասկանում էին արեւմտահայերեն: Խոսում էին փորձելով քերականական, ուղղախոսական կանոնները պահպանել, որովհետեւ իրենց միջավայրում էլ արեւմտահայ արվեստագետներ կային: 1970-80-ականներին ազգագրական երգի-պարի փառատոների մասնակիցների 90-100 տոկոսը հայրենադարձներ էին: Եկեղեցական երգչախմբերի անդամների մեծ մասը ծագումով արեւմտահայեր էին: Հայրիկ Մուրադյանն այդ փաստը նույնիսկ թաքցրել է, որովհետեւ դա մատնում էր, որ արեւելահայերը ազգագրական երգ ու պարի ավանդական, հայապահպան մշակույթին, փաստորեն, ուշադրություն չեն դարձնում: Այդ ճյուղն էլ արեւմտահայերն իրենց հետ բերեցին ու զարգացրին:

Վտանգված, աղճատված լեզու

Վերադառնանք մեր ժամանակներ, որտեղ արեւմտահայերենի պահպանման խնդիրն, առանց գույները խտացնելու, իսկապես, օրհասական է: Լեզուն կենդանի է, երբ գործածվում է, խոսվում է, գրվում է: Սփյուռքը բազմալեզու է, բայց ոչ հայախոս. համեմատած այլ աշխարհամասերի հետՙ արեւմտահայերենը ողջ էր Մերձավոր Արեւելքի հայկական գաղթօջախներում, բայց արդեն քանի տարի չդադարող պատերազմների պատճառով այդ տարածաշրջանի հայությունը դարձավ փախստական, դեգերեց աշխարհի տարբեր երկրներում, ու արեւմտահայերենը կորցնելու վտանգն ավելի խորացավ:

Մայրենին պահպանած լիբանանահայերի, սիրիահայերի մի մասը պատերազմների պատճառով եկավ Հայաստան: Սիլվա Եագուպյանը չորս տարի է քրոջ հետ Երեւանում է ապրում: Արեւմտահայերենը պահպանել է, բայց հասարակական վայրերում աշխատում է լեզուն փոխել, արեւելահայերեն խոսել: Մտավախություն ունի, թե մարդիկ իրեն չեն հասկանա: Ցավալին այն է, որ Հայաստան եկած սփյուռքահայերը ոչ թե գրական արեւելահայերեն են խոսում, այլ ժարգոնայինՙ համեմված ռուսերեն ու այլ օտարամուտ բառերով, այսինքնՙ լիովին ընդօրինակում են մեզ:

«Բավականին հուսահատական է վիճակը. Արեւմտահայերենը վտանգված լեզուների շարքին է պատկանում: Վերջերս ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանն ինձ հաճելի անակնկալի ենթարկեց, երբ ասաց, որ «արեւմտահայերենը պետք է պահպանվի ու դա պետք է ստանձնի ոչ թե Սփյուռքը, այլ Հայաստանի Հանրապետությունըՙ պետականորեն»: Նա նույնիսկ առաջարկում է դպրոցներում օտար լեզուների նման անցնել նաեւ արեւմտահայերեն»: Տեսնենքՙ ինչ կլինի»,- պատմեց բեմադրող ռեժիսոր Ժիրայր Փափազյանը իր հերթին:

Արեւմտահայերենը փրկելու քայլեր

Մի առիթով Նարինե Թուխիկյանը լրագրողներին ասաց, որ հայաստանյան թատրոններում պետք է անպայման բեմադրվեն նաեւ արեւմտահայերեն ներկայացումներ: Փոխնախարարի նախաձեռնությամբ է Ժիրայր Փափազյանը փետրվարից Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում արեւմտահայերեն դասավանդում, թատերական արեւմտահայերեն:

«Ես Թեքեյան մշակութային կենտրոնինՙ թեքեյանցիներին էլ եմ առաջարկել ստեղծել թատրոն, որտեղ ներկայացումները կբեմադրվեն միայն արեւմտահայերեն. Տեսեք, Երեւանում ունենք ռուսական դրամատիկական թատրոն, թող այս մեկն էլ լինի արեւմտահայ թատրոն, որտեղ կխաղան հայաստանյան դերասանները, նաեւ սփյուռքահայեր, Սիրիայից, Լիբանանից Հայաստան տեղափոխված հայեր: Եթե քաջալերենք, սիրիահայերը դերասանական կրթություն կստանանՙ իմանալով, որ արեւմտահայ թատրոնում աշխատանք կունենան: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ես երկու սիրիահայ ուսանողի եմ հանդիպել, ուրեմն կան այս մասնագիտությամբ հետաքրքրվողներ: Պետք է նրանց խրախուսել, դերասանների թիվը մեծացնել: Եթե թատրոնի հեռանկարը լինի, այդ թիվն, անշուշտ, կմեծանա»,- կարծում է Ժիրայր Փափազյանը:

Դերասանական երկրորդ կուրսում, որտեղ նա արեւմտահայերեն է դասավանդում, առայժմ բանաստեղծությունների, «Ընկեր Փանջունու» վրա են աշխատում, ապրիլին Երվանդ Օտյանի պատմվածքներից մեկը կխաղան:

«Երբ պարզ դարձավ, որ Կինոյի - թատրոնի ինստիտուտում արեւմտահայերեն եմ դասավանդելու, ոգեւորված արձագանքներ հետեւեցինՙ վաղուց պետք էր անել, հրաշալի նախաձեռնություն է եւ այլն: Ես հասկացա, որ արեւմտահայերենի վերականգնման, գործածման անհրաժեշտությունը կա, ու որոշակի քայլեր սկսել են արվել: Հայաստանյան բեմերում արեւմտահայ հեղինակներ երբեմն բեմադրվում են, բայց այն, ինչ հնչում է բեմից, մի՞թե արեւմտահայերեն է: Սարսափ է ուղղակի, ուզում ես ականջներդ փակել ու փախչել դահլիճից: Արեւմտահայերենն այլ արտասանություն, այլ շեշտադրումներ ունի, որոնք իմանալուց հետո միայն պետք է բեմից հնչեցնել»,- արեւմտահայերենի խնդրով մտահոգՙ ասում է Ժիրայր Փափազյանը:

Հ.Գ.- Եթե արեւմտահայերենը փրկելու մտադրություն կաՙ հիմնված պետական ռազմավարության, ոչ թե մասնավոր նախաձեռնության վրա, ուրեմն պետք է ավելի արագ գործել: Մեր երկրում հայրենադարձած շատ սիրիահայեր կան, ու եթե այդ լեզուն դպրոցական ծրագրում ընդգրկելու մտադրություն կա, ուրեմն պետք է ներգրավել նաեւ սիրիահայերի ներուժը: Մանավանդ որ նրանք աշխատանքային ինտեգրման, զբաղվածության մեծ խնդիր ունեն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ