RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 06-03-2020



ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆԵՐ

Տեղադրվել է` 2020-03-05 20:59:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4931, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՎԵՏՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԵՍ ՄԱՆԿՈՒՑ ՇԱՏ ԷԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՐԵԼ..»

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուսի առաջատար գիտաշխատող

Անցյալ հունվարին ես հարցազրույց ունեցա անչափ հետաքրքրական մի անձի հետ: Այդ անձը նշանակալի է առնվազն երկու պատճառով.

Առաջին` նա շատ նշանավոր դերասանական տոհմի ներկայացուցիչ է: Տոհմ, որը տվել է դրամատիկական թատրոնի բազում դերասաններ, երգիչներ, պարողներ, երաժիշտներ: Իրոք, ո՞վ չգիտի Զարեհ Մուրադյանին, մեր ականավոր պարող եւ բալետմայստերին: Նա կանգնած է Սպենդիարյանի անվան թատրոնի ձեւավորման ակունքների մոտ եւ մեծ ներդրում է արել մեր բալետի թե՛ կատարողական, թե՛ բեմադրական, թե՛ կազմակերպչական բնագավառում: Նրա կինըՙ Մարիա Սլիզչենկոն, նույնպես մեր թատրոնի մենապարուհի էր եւ Պարարվեստի ուսումնարանի դասավանդող: Նրանց դուստրըՙ Ժաննա Մուրադյանը, իր գործունեության սկզբում մեր թատրոնի մենապարուհի էր, այնուհետեւ դասական պարի դասավանդող, որի սաները Ճապոնիայում եւ Ուկրաինայում (Խարկովի պարարվեստի ուսումնարանում) մեծ ներդրում ունեցան թե՛ իրենց երկրներում եւ թե՛ այլ միջազգային բեմերում ու թատրոններում: Ժաննա Մուրադյանի ամուսինըՙ Էդուարդ Անանյանը, նույնպես մեր թատրոնի մենապարող էր: Նրանց զավակներից Էդգար Անանյանը երկար տարիներ եղել է Խարկովի պետական ակադեմիական օպերայի եւ բալետի առաջատար մենապարող, այնուհետեւՙ բալետմայստեր: Ավաղ, անցած տարի նա վաղաժամ հեռացավ կյանքից... Իսկ նրանց դուստրըՙ առաջատար մենապարուհի Վիկտորիա Անանյանը, իր վարպետությամբ, փայլուն պարային ունակություններով եւ բեմական հմայքով զարդարել է Սան-Ֆրանցիսկոյի, Ամստերդամի, իսկ այժմՙ Մոնտե-Կարլոյի պարային բեմահարթակները:

Զարեհ Մուրադյանի եղբորՙ թատրոնի եւ կինոյի դերասան եւ թատրոնի ռեժիսոր Էդուարդ Մուրադյանի եւ հայ համերգային ու թատերական բեմահարթակներում հայ կանացի ժողովրդական մենապարերի հայտնի կատարող Հայկանուշ Ասատրյանի դուստրըՙ Իվետտա Մուրադյանը, 50-ականներից մինչեւ 1974 թ., 21 տարի անընդմեջ եղել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի պարուհի: Եվ դա է նաեւ երկրորդ պատճառը, թե ինչու հարցազրույցը նրա հետ մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Չէ՞ որ նրա աչքի առաջ են անցել եւ նա անմիջականորեն շփվել եւ պարել է մեր թատրոնի փայլուն դերասանների հետ եւ չափազանց հետաքրքրական հիշողություններ ունի այն պարողների, բալետմայստերների մասին, որոնք մեր բալետի պարծանքն են եղել 40-ականներից մինչեւ 70-ական թթ. սկիզբը: Դրան ավելացնենք նաեւ հիշողությունները այդ ժամանակաշրջանում մեր խաղացանկը կազմող բալետների եւ օպերաների պարային տեսարանների, ինչպես նաեւ պարային համերգների մասին: Անշուշտ. մեր հարցազրույցը շատ ավելի ընդարձակ էր, սակայն սույն հոդվածի սահմաններում ընդգրկված են միայն մի շարք դրվագներ:


- Տիկին Իվետտա, պատմեք, ինչպե՞ս Դուք դարձաք պարուհի:

- Ես մանկուց շատ էի ուզում պարել: Բայց, անշուշտ, պարարվեստի ուսումնարան ինձ տարան սովորելու իմ ծնողների եւ, նամանավանդ, իմ հորեղբայրՙ Զարեհ Մուրադյանի նախաձեռնությամբ: Դա եղել է 1941 թ-ին: Իմ դասական պարի դասավանդողներն էին Մարիա Սլիզչենկոնՙ Զարեհ Մուրադյանի կինը եւ Ռուսադան Թավրազյանը, ժողբնորոշ պարինըՙ Ելենա Արարատովան: Նա նաեւ մեծ դեր խաղաց իմ հետագա բեմական կյանքում: Ավաղ, մեր դասարանից միայն երկու աղջիկ ավարտելուց հետո ընդունվեցին Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խումբը: Մնացածը գերադասեցին ստանալ բարձրագույն կրթություն եւ դարձան մասնագետներ պարարվեստից շատ հեռու բնագավառներում:

- Կպատմե՞ք այն պարող-պարուհիների մասին, որոնք եղել են մեր բալետի առաջատար կատարողները 40-50-ականներին:

- Անշուշտ: Նախ նշեմ 30-ականների վերջից շուրջ 20 տարի մեր առաջատար պրիմա-բալերինաներինՙ Լյուբով Պավլովնա Վոինովա-Շիկանյանին եւ Ռուսադան Լեոնիդովնա Թավրիզյանին: Երկուսն էլ ունեին անբիծ տեխնիկա: Վոինովա-Շիկանյանը Մոսկվայի ուսումնարանն էր ավարտել, իսկ Ռուսադան Թավրիզյանըՙ Լենինգրադի դպրոցի ներկայացուցիչ էր: Երկուսն էլ տիրապետում էին բոլոր պարային հնարքներին: Անբիծ կատարում էին 32 ֆուետե: Երկուսն էլ նույն առաջնային դերերն էին կատարում մեր թատրոնի խաղացանկի բոլոր բալետներում: Վոինովա-Շիկանյանն ավելի դրամատիկական, հերոսական ոճի պարուհի էր, իսկ Թավրիզյանըՙ քնարական: Այնպես որ նույն դերերը համապատասխան երանգներ էին ստանում: Վոինովա-Շիկանյանը միշտ պարում էր Սերգեյ Սարգսյանի, իսկ Թավրիզյանըՙ Գեորգի Գեորգյանցի հետ: Ընդ որում, Սարգսյանը շատ քնարական ոճի պարող էր, իսկ Գեորգյանցըՙ ավելի շատ առնական:

- Ինչպե՞ս կնկարագրեիք Զարեհ Մուրադյանին:

- Զարեհ Մուրադյանը կատարել է բազում դերեր: Որպես պարող նա առանձնանում էր իր թռիչքներով: Ոչ այնքան բարձր, բայց շատ թեթեւ, կարծես սավառնում էր բեմի վրա: Եվ անշուշտ, նրա արվեստի ամենամեծ գրավականը նրա դերասանական խաղն էր, չտեսնված դեմքի միմիկան, արտահայտիչ ձեռքի ժեստերը եւ, ընդհանուր առմամբ, ամեն շարժման մեջ նա ներդնում էր արտահայտչական մեծ նշանակություն:

Հետո նա նաեւ հոյակապ պարուսույց-փորձավար էր: Մեր բեմում բեմադրել էր «Դոն Կիխոտ», «Խանդութ» եւ մի շարք այլ բալետներ ու համերգային համարներ: Նա նաեւ հետեւում էր խաղացանկի մեջ մտնող բալետների ճշգրիտ կատարմանը, պահպանում էր խաղացանկը:

Երկու տարիՙ 1958-1960 թթ., նաեւ եղել է մեր բալետի գլխավոր բալետմայստերը:

- Տիկին Իվետտա, այն շրջանը, երբ Դուք պարում էիք, անվանում են «դրամբալետ» կամ «խորեոդրամա» ուղղության շրջան: Ինչպե՞ս կբնորոշեք այն:

- Այո, իսկապես, այդ 40-ականներից մինչեւ 50-ականների վերջը բոլոր բեմադրված բալետներում ներկայացումները հագեցած էին «խաղային» տեսարաններով: Բայց եւ պարային մասը նույնպես պարունակում էր մեծ դրամատիզմ, ուստիեւ պարողները համապատասխանաբար ձգտում էին կերտել դերասանականորեն արտահայտիչ կերպարներ:

Որպես օրինակ բերեմ Թերեզա Գրիգորյանին: Նա դերասանական մեծ շնորհք ուներ: Կարող էր նաեւ դրամատիկական թատրոնի արտակարգ դերասանուհի լինել: Նա միջին հասակի էր, շատ գեղեցկադեմ, եւ անմոռանալի էր այսպես կոչված «բացասական» դերերում: Ցույց էր տալիս սիրող եւ խանդող կնոջ ապրումների ամենաբազմազան ապրումների երանգները: Նրա կերտած կերպարներըՙ Չմշկիկ Սուլթանը «Խանդութ» բալետումՙ Սպենդիարյանի երաժշտությամբ եւ Զարեմանՙ Ասաֆեւի «Բախչիսարայի շատրվան»-ում, անմոռանալի են:

Նրա ամուսինն էր մեր ականավոր պարող Ազատ Ղարիբյանը: Նա ուներ շատ բարձր կարգի պարային տեխնիկա, մեծ թռիչք, շատ վարժ տիրապետում էր հայկական ժողովդրական պարերի շարժումներին եւ, համապատասխանաբար, հայ-հերոսների դերերում առանձնահատուկ աչքի էր ընկնում, այնքան բնականորեն էր ստեղծում հայ տղամարդու կերպարը:

- Տիկին Իվետտա, Դուք նշեցիք, որ Ձեր դերասանական կյանքում շատ մեծ դեր խաղաց Ելենա Արարատովան: Ի՞նչ առումով:

- Ես պաշտում էի Ելենա Քրիստափորովնային որպես պարուհի: Նա առանձնահատուկ ժողբնորոշ պարի առաջատար կատարող էր: Փայլուն տիրապետում էր դասական, բայց առանձնապեսՙ ժողբնորոշ տեխնիկայի բոլոր հնարքներին: Շատ «ազնվական» կերպար ուներ: Եվ ես փոքր տարիներից մինչեւ իր պարային կյանքի վերջը իմ պարային ոճով աշխատում էի նրան նմանվել: Նամանավանդ որ, ըստ իմ հիմնական ամպլուայի, ես ժողբնորոշ պարուհի եմ եղել: Արարատովան շատ է աշխատել ինձ հետ, ես նրա ղեկավարությամբ նախապատրաստեցի մի շարք դերեր:

- Կպատմե՞ք դրանց մասին:

- Երբ 50-ականներին մեզ մոտ եկավ Նինա Անիսիմովան եւ բեմադրեց Խաչատրյանի «Գայանեն», ինձ այնտեղ հանձնարարեցին Մարեի դերը 3-րդ գործողության մեջ: Պետք է նշեմ, որ այդ տեսարանում բոլոր դերակատարները տղամարդիկ են եւ միայն մի կինՙ Մարեն: Ահա այդ դերի վրա ինձ հետ շատ մանրակրկիտ աշխատեց Ելենա Արարատովան: Առանձնահատուկ տեղ էր գրավում այդ գործողության մեջ հայտնի «Սրերով պարը», որտեղ ես մենապարում էի: «Սրերով պարում» Մարեն ունի քնարական ոճի շատ կայծկլտուն դրվագներ: Եվ շատ մեծ հաջողություն ունեցավ այդ պարը: Միշտ «բիս» էին պահանջում հանդիսատեսները: Դա իմ մեծ հաջողությունն էր, իսկ ես այնքան խորն էի ընկալել Ելենա Արարատովայի ոչ միայն դասերը, այլեւ նրա «ոճը», որ ինձ սկսեցին անվանել «փոքրիկ Արարատովա»:

- Ուրիշ ի՞նչ մենապարեր եք կատարել:

- «Իսպանական պարը»ՙ «Կարապի լճում», նաեւ պարեր օպերաներումՙ Հարսի պարըՙ «Անուշ»-ում, «Զանգակներով պարը»ՙ «Լակմե»-ում», «Մորենո» պարըՙ «Կարմեն»- ում, Ցլամարտիկի եւ Անդալուզուհու զուգապարըՙ «Տրավիատա»-ում :

Իմ դերերից մեկի մասին պատմելիս ես պետք է անպայման հիշատակեմ Վլադիմիր Վարկովիցկուն: Ես աշխատել եմ շատ բալետմայստերներիՙ Իլյա Արբատովի, Զարեհ Մուրադյանի, Ազատ Ղարիբյանի, վերջին տարիներինՙ Եվգենի Չանգայի հետ: Բայց իմ կյանքում մեծ դեր խաղաց Վլադիմիր Վարկովիցկին: Նա շատ տաղանդավոր բալետմայստեր էր, մեզ մոտ մի շարք բալետներ բեմադրեց, ինչպես նաեւ կազմակերպում էր հատուկ «բալետային» համերգներ, որոնցում կատարվում էին առանձին համարներ ու դրվագներ տարբեր բալետներից: Այդպիսի դրվագներից մեկումՙ Ասաֆեւի «Փարիզի հուրը» բալետից, մենապարել եմ այդ բալետի հերոսուհիՙ Թերեզայի դերը: Դա շատ կրակոտ պար էր:

- Դուք ե՞րբ դադարեցիք պարել:

- Ես պարեցի 21 տարի եւ 1974 թ. գնացի թոշակի: Շարունակել իմ գործունեությունը բալետի ասպարեզում որպես փորձավար կամ պարուսույց: Ես չէի ուզում, ձգտում չկար դասավանդելու: Զբաղվեցի իմ տան գործերով, երեխաներով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ