RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-03-14 19:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 727, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՌՎԻ ՃԻՇՏ ԺԱՄՆ ՈՒ ՏԵՂՆ ԻՄԱՑՈՂ ԶԻՆՎՈՐԸ

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե մարդու մահից տասնչորս տարի հետո նրա գրքերը տպագրվում են, ուրեմն մարդը չի մահացել: Ընդհանրապես` մեզանից վաղաժամ հեռացած արձակագիր եւ հրապարակախոս Սասունիկ Թորոսյանը չէր կարող մահանալ, քանի որ ապրում է նրա կողքին ներկա եւ նրա հետ հաց ու ու գիր կիսած տաղանդավոր գրողների սերունդը եւ ամեն պատեհ առիթով հիշում ու մեջբերում նրա սակավախոսք ու դիպուկ մտքերը, նրա հազարշերտանի գրի այսուայն փայլատակումները:Քանի որ կան նրա հրապարակումների, պատմվածքների եւ վիպակների ժողովածուները, տարբեր ամսագրերում եւ մամուլում ցրիվ եկած նրա հիանալի ստեղծագործությունները: Սասունիկ Թորոսյանը նաեւ չէր կարող մահանալ, քանի որ նրա հրապրակումներով սնվող, դրանցից ուժ առնող մի սերունդ, այդ թվում լրագրողներս, մեր մեջ պահում ենք նրա կերպարն ու գիրը, ժամանակ առ ժամանակ հիշում` հասկանալով, որ խորհրդային անգունության մեջ թարմ օդի հոսանք բերողներն են մեզ օգնել ապրել, երազանք իրականացնել, մեր ճանապարհը փնտրել, եւ այդ թարմ օդի հոսանք բերողներից մեկը մեր նախաանկախական եւ հետանկախական տարիների փայլուն հրապարակագիր Սասունիկ Թորոսյանն էր: Եւ վերջապես Սասունիկ Թորոսյանը չի կարող անցյալ լինել, որովհետեւ նրա շարունակություն, նրա թոռ, Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը իր պապի ժառանգությունը միայն իրենը չհամարելով` իր խնդիրն է համարում դրա հանրայնացումը, մաքուր ակունքից սնված այդ ժառանգությունը փոխանցելով նորերին` այս անգամ Սասունիկ Թորոսյանի 75- ամյակի առթիվ տպագրելով գրողի հրաշալի «Գիշերը» վիպակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում;

Ասեմ, որ ազդված եմ այդ շնորհանդեսից, որտեղ կարելի էր տեսնել գրականագետների, գրողների` Սասունիկի տաղանդավոր շատ սերնդակիցներին, որոնց շնորհիվ շերտ առ երտ, հիշողություն առ հիշողություն նորից առարկայացավ այդ համեստ վարքուբարքով, բայց շռայլ գրչով օժտված մարդու կերպարը, ու երբ ես դուրս եկա թանգարանի միջոցառման սրահից, կարծես ինձանից առաջ ընկած դուրս եկավ նաեւ Սասունիկ Թորոսյանը, իր սովորույթի համաձայն ձեռքերը մեջքին դարսած, դանդաղ քայլերով ճանապարհ ընկնելով դեպի Աբովյան փողոց եւ սասունիկավարի զննելով այն վայրերը, որոնցով նա ամեն օր աշխատանքից հետո մի պտույտ էր անում տարիներ առաջ:

Շնորհանդեսը հավաքվածներին փոխհարստացնող, ներկաներին կլանող եւ տեղում հիշողություններից հավաքվող մի գեղարվեստական պատում էր, որի պատմությունները մեկիկ-մեկիկ գրառողը հաստատ ընթերցողին շատ հետաքրքրական նյութ կարող էր առաջարկել: Հատկապես շատ տպավորեց Տիգրան Մանսուրյանը , որը համարյա գրողական պատկերավորությամբ ներկայացրեց Սասունիկի հայրենի գյուղում անցկացրած իր երկու օրվա մասին: Բացառիկ հիշողություններ ու գնահատականներ կային գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի , թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի , գրականագետ եւ գրչակից ընկերներից շատերի ելույթներում: Բայց իմաստ չունի մեջբերումներ անել, ուղղակի շատ կարճ նկարագրենք նրանց ելույթների, բնութագրումների հասցեատիրոջ կերպարը, որ այսօր էլ մեր կողքին անհրաժեշտ կլիներ, նրա հեղինակավոր խոսքը մեր կյանքի այսուայն իրողության վերաբերյալ, վստահ եմ, ուսանելի ու պահանջարկված կլիներ, նրա տարողունակ, խիտ, միաժամանակ զգացմունքային հրապարակախոսությունը կսթափեցներ էսօրվա դեղնոտ լրագրության` մի երկու տարի աշխատած ու արդեն մեծամտացած հեղինակներին, քանի որ Սասունիկ Թորոսյանը, իր մի բնորոշման վերափոխմամբ եթե մենք էլ բնորոշենք իրեն, իր գործում նման էր կռվի տեղն ու ժամն իմացող զինվորի, որ աշխարհը բարոյական չափանիշների մեջ է դնում:

Գրախանութներում փնտրեք «Գիշերը», սա Էրգրի մասին ստեղծված տարատեսակ պատումների կարծրատիպերից դուրս գալու համարձակ փորձ է, ըստ Արամ Թորոսյանի ` սոցիոլոգիական, հոգեբանական, փիլիսոփայական վիպակ, որտեղ Սասունիկ Թորոսյանի գրողական ներաշխարհն ավելի ընկալելի է: Սասունիկ Թորոսյանի այլ գրական գործեր եւս պատրաստվում են տպագրության`մենք փաստորեն ականատես կլինենք գրող Սասունիկ Թորոսյանի հետմահու երկրորդ ծնունդին` կյանքի ընթացքում լույս տեսած մի քանի գրքերի եւ «Ափնարոտիկ» հիանալի վիպակից հետո: Բանաստեղծ Հակոբ Մովսեսի բնորոշումն այս դեպքում անհրաժեշտ պարզաբանում է.

«Սասունիկի դեպքում պետք է ասել բարձր հայ մտավորական: Նկատի ունեմ մեր մշակույթի ամբողջ ներկայությունը նրա գրականությունում, հայրենիի հանդեպ նրա ակնածալից վերաբերմունքը եւ դրա վարպետորեն վերամարմնավորումը: Գրողական հարթությունում նա իրեն հետ պահեց առաջին գծերից, որ ավելի նուրբ ու խորը տեսնի, որ նրան ո՛չ գովեստի խոսքեր ասողները խանգարեն, ո՛չ պարսավողները: Համոզված եմ` նրա գրականության գնահատումը դեռ առջեւում է»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ