ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 2017-11-03

ՕՐԱԿԱՐԳ

ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ ՄԱՏՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ, ԿԱՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԱՌԸ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Գաղտնիք չէ, որ երկրի սոցիալ-տնտեսական պայմանները շատերին ստիպում են արտագաղթել: Բայց սա միայն առաջին հայացքիցՙ կա՛ արտագաղթ:

Իսկ թե որպես հետեւանք ի՞նչ երեւույթներ կարող են լինելՙ շատերը պարզապես չգիտեն կամ չեն ուզում գիտենալ, կամ էլ գիտենՙ սակայն իրենց դա չի հետաքրքրում:

Գաղտնիք չէ նաեւ, որ արտագաղթողների ճնշող մեծամասնությունը արտագաղթում է ՌԴ: Լինելով այնտեղ եւ մոտիկից շփվելով տարբեր խավերիՙ այդ թվում նաեւ հայ հասարակ-չարքաշ խավի մարդկանց հետ, ցավալիորեն նկատել եմ, որ արտագաղթած ընտանիքներից շատերը բառացիորեն կազմալուծվում են:

Դրսում հայ ընտանիքների կազմալուծմանն նպաստող պատճառները շատ ենՙ բազմաբնույթ եւ բազմազան: Ու եթե միջին խավը կամ նյութապես գոնե որոշակիորեն կայացած անձինք- ընտանիքի կազմալուծման դեպքում. փոխադարձ համաձայնությամբ կարողանում են այս կամ այն կերպ ապահովել իրենց երեխաներին եւ զերծ պահել տարաբնույթ բացասական երեւույթներից, ապա նույնը չի կարելի ասել հասարակ-անապահով մարդկանց եւ նրանց երեխաների մասին: Այդպիսի որոշ մարդկանց երեխաներն ընտանիքի կազմալուծման դեպքում բառացիորեն հայտնվում են փողոցում, որտեղ երբեմն գտնվելով անօգնական եւ անելանելի իրավիճակներումՙ մատնվում են բախտի քմահաճույքինՙ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Այո՛, ցավալոիրեն այս երեւությը կա: Որոշ հայ երեխաներ զանազան պատճառներով դուրս մնալով ծնողական ուշադրությունիցՙ հայտնվում են փողոցում եւ հանգամանքների բերումով գտնվելով անելանելի եւ անօգնական իրավիճակներումՙ ստիպված զբաղվում են ոչ ցանկալի բաներով: Իսկ այդ երեխաները մեր երեխաներն են եւ մեր ապագայի մի մասնիկը, եւ ո՞վ գիտե, թե այդ երեխաներից ով ինչ շնորհք ու տաղանդ ունի եւ միջազգային արենաներում ինչպես կարող է բարձրացնել հայի պատիվն ու անունը, կամ հենց մեր երկրի ապագայի կերտմանը ինչ ներդրումներ կարող է ունենալ, եթե նրանց հավաքող լինի, նրանցով սրտացավորեն հետաքրքրվող ու զբաղվող լինի, նրանց տեր ու հովանավոր եղող լինի:

Այո՛, իրականապես եւ սրտացավորեն այդ երեխաներով զբաղվել է պետք, չէ՞ որ մենքՙ հայերս, թե՛ ներսում եւ թե՛ դրսում շատ ենք սիրում արտաբերել մեր հայտնի մարդկանց անունները եւ մանավանդ օտարների մոտ իրավացիորեն հպարտանալ նրանցով: Իսկ գուցե հենց այդ երեխաների մե՞ջ նոր հայտնիներ են թաքնվածՙ ասենք մի նոր Տիգրան Մեծ կամ Թումանյան կամ Ազնավուր կամ Ալիխանյան եղբայրներ, եւ այդպես շարունակ: Կամ հենց միայն նրա համար, որ աղճատումից փրկվեն այդ երեխաները եւ վերադարձվեն կյանքի բնականոն հուն: Դա էլ քիչ չի, չէ՞:

ՎԱՂԻՆԱԿ ՖՐԱՆԿՅԱՆ, Ռուսաստան


https://www.azg.am/AM/2017110305

© AZG Daily, 2008