RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՈՒ՞Մ ԱՐՏՈՆԵՆՔ ԱՊՐԵԼ, ՈՒ՞Մ ԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԵՌՆԻ

Triage բառը «խոր սորտավորում, սելեկցիա» հայերեն համարժեքով 3 օր առաջ՝ մայիսի 22- ին մտավ Հայաստան: Պատերազմական ծանր իրավիճակի հետեւանքով ծնունդ առած այս երեւույթը կիրառվում է բուժառուների (պացիենտների) անակնկալ կուտակումների դեպքում, երբ օբյեկտիվ պատճառներով բժշկական օգնության միջոցները սահմանափակ են: Triage –ն առաջին անգամ կիրառվել է Նապոլեոնի օրոք: Վիրավորների բժշկական տեսակավորումը պատերազմ, երկրաշարժ տեսած մեր երկրում անծանոթ երեւույթ է, իսկ հիմա, երբ առողջապահության նախարարը Triage-ի մասին ակնարկելուց 2 օր հետո մայիսի 24-ին հաղորդում է, թե «Հայաստանում 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղեցված է 154- ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր, 52 ծայրահեղ ծանր հիվանդ», ես դողում եմ. Թվերն արդարեւ ցույց են տալիս, թե անբավարար է եղել կանխարգելող մեր աշխատանքը: «Բոլորը հավասար են, բժիշկը պարտավոր է կռիվ տալ յուրաքանչյուրի կյանքի համար» սկզբունքը հասարակության բարոյականության հիմքն է: Triage-ը այն սահմանն է, որ իրավունք չունենք հատելու: Միշտ ծանր է որոշում կայացնել՝ ում փրկել, ում զրկել կյանքից: Սա էթիկայի հարց է նաեւ ու առաջին հերթին, եւ ես սպասում էի, թե Հ1-ի կիրակնօրյա «Հանրային քննարկումը» կգտնի այն մարդկանց, որոնք կարող են խոսել այս գերհրատապ՝ ողբերգական, կոնֆլիկտային, հոգեբանական ծանր երեւույթի մասին: Եթե հոգեբանների, փիլիսոփաների, աստվածաբանների, բժիշկների այդ ծանր զրույցը լիներ, միգուցե հարկ չլիներ վարչական տույժ կիրառելու պայման դնել այն մարդկանց առջեւ, որ հրաժարվում են դիմակ կրել:

Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան չխուսափեցին...

Համավարակի աճող թվերին զուգահեռ մարտի վերջին, երբ հարեւան Ֆրանսիայում, նաեւ Իտալիայում ու Իսպանիայում հիվանդների թիվը հասավ մի կետի, որ տեղական հիվանդանոցներում մահճակալների թիվը գերազանցեց, ծանր, գերծանր հիվանդների քանակը անհամեմատ մեծ էր հիվանդանոցներում առկա շնչառական սարքերից, երբ հիվանդների մեծ թվի համեմատ սակավաթիվ բուժանձնակազմը լարված աշխատանքից հոգնաբեկ, անքուն, բարոյական հարցի առջեւ էր կանգնել՝ ու՞մ, ո՞ր հիվանդին բուժելու առաջնահերթություն տալ, գերմանական լրատվամիջոցները՝ առաջին հերթին հեռուստատեսությունը, ռադիոն, սկսեցին հանրությանը բացատրել, թե ինչ է Triage: Ես հիշում եմ իտալացի այն բժիշկներին, նրանց դեմքը, նրանց դանդաղ խոսքը, երբ պատմում էին, թե ստիպված են եղել ծանր հիվանդներին բուժօգնություն տրամադրելիս ընտրություն կատարել... այդ տրավման, եթե կուզեք՝ մեղքը, Հիպոկրատին երդում տված այդ մասնագետների կյանքում անբուժելի խարան է մնալու, տարիների հետ անհետեւանք չի անցնելու, նրանց մտքում ու հոգում ծանրանալու է ավելի:

Ցույց էին տալիս Միացյալ թագավորության բժիշկների, բուժքույրերի լուսանկարները, որ համավարակի դեմ լուրջ պայքար չձեռնարկած երկրում, պաշտպանական արտահագուստ չունենալու, չկրելու պատճառով զոհ էին գնացել Covid 19-ի համամոլորակային այս աղետին: Ո՞վ պիտի բուժեր այդ երկրի հիվանդներին, երբ բժիշկներն այդ երկրում իրենք են զոհ դառնում: Ցույց էին տալիս, թե կապիտալիզմի մայրաքաղաք Նյու- Յորքում ինչ անտանելի վիճակ է:

Գերմանական հեռուստատեսությունը միայն պատկեր չէր սփռում, խուճապ կսկսվեր, եթե այդպես աներ: Գերմանիան՝ հզոր տնտեսություն, բժշկական կայուն ու լավագույն համակարգ ունեցող երկիրը վախ ուներ, թե ինքն էլ գուցե իր հիվանդանոցների դռան վրա տեղադրի այդ սահմանային բառեզրը՝ Triage: Հանրային քննարկումը, կարծիքների բախումը, հանրության տարբեր խավերին եթեր տրամադրելը այս երկրում տարիների ճանապարհ է անցել: Համավարակի օրերին հեռուստաեթերը նոր հրամայական ունեցավ՝ բացատրել հանրությանը, թե ինչ պետք է անի, որ բժիշկներին այդ ծանր խաչից ազատի: Ո՞ւմ պիտի փրկի բժիշկը՝ տարիքավո՞ր հիվանդին, թե՞ երիտասարդին, նրա՞ն, ում վիճակն ավելի մոտ է կյանքից կառչած լինելուն, թե՞ նրան, որ հավատում է հրաշքի, կատարելու՞ է մահվան դեմ մաքառող այն հիվանդի խնդրանքը, որ հասկացնել է տալիս՝ «սարքն անջատեք, փոխանցեք ուրիշ հիվանդի»: Համավարակի առաջին փուլն անցավ Գերմանիայում, բարեբախտաբար Triage- ի երկընտրանք չեղավ: Դաշնային երկրի հիվանդանոցներն ընդունեցին Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից ծանր հիվանդների, այսպես փաստեցին, թե ուժեղ են, թե Եւրոպայի ապագայի հանդեպ անտարբեր չեն, այս հումանիզմով սրբագրելով նաեւ համաշխարհային պատերազմներում ունեցած դերակատարման խարանը: ԳԴՀ առողջապահական համակարգի պատասխանատուներն այսպես ձեւակերպեցին՝ «Շատ կարեւոր է, որ հիվանդանոցներում յուրաքանչյուր մահճակալ մարդկանց կյանքի համար փրկություն դառնա»:

Ամեն օր կրկնեցին «մնա տանը» հորդորը, որ վարակը դանդաղի: Գերմանացիները, ավստրիացիները անսացին հորդորին, եւ տանը նստած՝ հեռուստաեթերից տեղեկացան, թե ինչ է այս վարակը, ինչ կառուցվածք, քիմիական ինչ բաղադրություն ունի, ինչու է վտանգավոր, ինչպես կանխարգելել: Սրա հետ նաեւ անվերջանալի հարցեր սկսեցին քննարկել՝ հասարակական, քաղաքական, կրոնական, հոգեւոր, փիլիսոփայական, հոգեբանական, տնտեսական ի՞նչ փոփոխություններ է իր հետ բերում այն, ի՞նչ արժեքներ ենք ընտրելու, գլոբալիզացիան, դեմոկրատիան շարունակվո՞ղ, նախընտրելի՞ մոդելներ են լինելու, թե՞ իրենց տեղը զիջելու են ասենք արդեն ուրվագծվող ավտորիտարիզմին:

Ավելի հանգամանալից բացատրենք՝ ինչու պիտի սահմանափակվեն մեր սահմանադրական ազատությունները

Հասարակությանը հորդոր է տրվում՝ մնա տանը, սոցիալական հեռավորություն պահիր, քիթ-բերանդ փակիր դիմակով, մի համբուրիր, մի գրկիր, մարդկանց հետ շփումներդ նվազեցրու, ձեռքերդ դեմքիդ մի հպիր, 30 վայրկյան շարունակ օճառով լվա ձեռքերդ...պատվաստանյութի եւ դեղամիջոցների բացակայության պայմաններում սա ճիշտ եւ միակ ձեւն է Covid 19-ի համավարակի տեմպը դանդաղեցնելու համար, բայց երբ ժողովրդավար, ազատությունը սիրող հասարակությանը օրվա լույս ժամերին անընդհատ չես բացատրում՝ ինչու՞ն, նույն հասարակությունը, ոչ իր մեղքով նաեւ, մութ ժամերին ինքն է հյուսում դավադրությունների նոր տեսություններ, կառչում անհավանական, հակագիտական թեզերից, որ շատ վտանգավոր է:

Ձեր փոխարեն ինքս ինձ հակադարձեմ: Իսկ կարգուկանոնին ենթարկվող լուսավորյալ Գերմանիայում, տարբեր քաղաքներում ինչու՞ են շաբաթավերջին հանրահավաքի ելնում, ոստիկանությունն էլ հսկում է, նաեւ ցրում հանրահավաքը, ձերբակալում կարգազանցներին, երբ ամեն օր այդքան լավ բացատրում են: Շաբաթ օրը՝ մայիսի 23-ին ԳԴՀ սահմանադրության 71 ամյակի առիթով երկրի իշխանությունը հարկ նկատեց ընդգծել, թե ազատությունների համար տարիներով պայքար մղած քաղաքացուց չի պատրաստվում խլել այդ ազատությունները, ոչ էլ սահմանափակել նրա՝ կասկածելու, հարց հնչեցնելու իրավունքը, բարեբախտաբար կա Հիմնական օրենքը, որի կարեւորագույն կետը մարդու արժանապատվությունը հարգող դրույթն է: Հարգենք մարդուն, ստուգված, փաստարկված, համոզիչ տեղեկատվություն տրամադրենք, ավելի լավ բացատրենք, թե ինչպես են նրան...նաեւ խաբում:

Սահմանադրության օրվա առիթով «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ»-ում տպագրվեց քաղաքական, հանրային հայտնի մարդկանց, եկեղեցականների, գիտնականների կոչն ի պաշտպանություն տարեցների: Այն հիշեցնում է, թե «համավարակի ժամանակ չպետք է ստորադասել տարեցների կյանքի արժեքը, բոլոր անհրաժեշտ ջանքերը պիտի ներդնել, որ մարդկանց մեծ մասի կյանքը փրկել հաջողվի, բոլորի համար բուժման պայմաններն հնարավոր դառնան»: Կոչը ստորագրողներից են արդի ամենաճանաչված փիլիսոփաներից մեկը՝ Յուրգեն Հաբերմասը, ԵՄ հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին:

Գիտությունն ու կրթությունը, բժշկությունն ու հետազոտությունը, էթիկան ու փիլիսոփայությունը, աստվածաբանությունն ու հոգեբանությունը երբեք այսքան պահանջված չեն եղել: Հայաստանի հեռուստաեթերը ակնկալելի տեղեկատվական աշխատանքը չի կատարում մարդկանց բոլոր շերտերին հասանելի դարձնելու, թե ինչ է աշխարհը պատած այս համավարակը, ինչ վտանգներ է պարունակում, ինչ հետեւանքներ կարող է ունենալ, չի խոսում, որ բնական կյանքը նախկինից շատ տարբեր է լինելու, չի հրավիրում բարոյագետին ու հոգեբանին, լրագրողին ու բժշկին, փիլիսոփային ու աստվածաբանին, գիտնականին ու քաղաքական գործչին բանավեճի: Երբ եթերում ամեն օր չեն բախվում կարծիքներ, հանրությունը չի ստանում կասկած հարուցող իր հարցի պատասխանը, երբ քաղաքական տարբեր ուժեր եթերում չեն երեւում, թերահավատությունը մեծանում է, իսկ վարակը դառնում է՝ «մեզ չի հարվածի, հեռու է», դիմակը՝ «բիզնես են դրել, մեզ վրա փող են աշխատում» կեղծ արդարացում, պարզ է, որ վարակակիրների թիվը վերահսկելի սահմանը հատելու է: Մարդիկ լուրջ չեն ընկալում այս վարակը, չեն պաշտպանվում, իրենց եւ այլոց կյանքը վտանգում են՝ առաջին հերթին անգիտությամբ: Եւ եթե լուրջ չեն, վարակակիրների թիվն ավելանում է, պարզ է, մի օր էլ հասնելու է տրամաբանական այն գծին, որ բժիշկ ու բուժակ, մահճակալ ու շնչառական սարքավորում չի բավարարելու, ինչքան էլ այդ օրվանից սկսյալ փորձեն լրջանալ:

Համավարակի հենց սկզբից, երբ հորդոր եղավ, թե 1,5- 2 մետր տարածություն պահպանելը պիտի դառնա մեր վարքի նորմը՝ ի սեր դիմացինի, Գերմանիայի խանութների մուտքի առջեւ, դրամարկղերի մոտ ընդգծվեց այդ սահմանագիծը, մեծ խանութներում առանց գնումների համար նախատեսված կառքի մտնելն արգելված դարձավ, իսկ հեռուստաեթերն էլ ցույց տվեց, թե փոխել է թե իր ծրագիրը, թե իր տաղավարները: Հեռուստալրագրողի բարձրախոսի վրա հայտնվեց պոլիէթիլենային պաշտպանիչ թաղանթը, կարճ ձողը դարձավ երկար, որ հարցազրույց անելիս նվազագույն 2 մետրը պահպանի: Հանրային քննարկման մասնակիցները տեղավորվեցին 2 մետր նվազագույն հեռավորությամբ, նույն եթերը սպասարկող հաղորդավարները իրար կողքի չնստեցին այլեւս: Բունդեսթագի նիստերին պատգամավորները միմյանց միջեւ 2 աթոռ դատարկ թողեցին: Գրեցի անցյալ ժամանակով, բայց սա ներկա է նաեւ հիմա եւ պահպանվելու է մոտ ապագայում: Դեղատներում դիմակ չկար, հիմա երբեմն լինում է, բայց քանի որ թանկ է, շատերը տանը բամբակե կտորից երկտակ դիմակ են կարում կամ քիթն ու բերանը շալով փակում: Կարում են, նաեւ նվիրում նրանց, որ դրա կարիքն ունեն: Հանրության միլիոնաձայն երգչախումբը չի գոռում, թե հարուստ պետության մեջ ինչու՞ ենք նստել դիմակ կարում, ինչու՞ երկար ժամանակ զուգարանի թուղթ չէր ճարվում, ինչու՞ ալյուր ու թթխմոր չկար խանութներում: Ռադիոհաղորդավարներից մեկը մի օր կեսկատակ դժգոհեց, թե ինքն էլ խանութ է գնում այն հույսով, որ այդ օրը գոնե զուգարանի թուղթ կգնի, բայց դատարկաձեռն տուն է գալիս ու հավելեց՝ «երեւի պետք է սպառողներին հիշեցնել, որ գերմանացիներս անցյալում այդ նպատակով մամուռն էինք գործածում, ափսոս է մեր ժամանակը»: Հատուկենտ մարդիկ կրում էին թուղթը, ալյուրը, մակարոնեղենը, օճառը, անորոշության վախից բողոքում են նաեւ հիմա: 83, 02 միլիոնի մեջ Գերմանիայի մեծ քաղաքների հրապարակ ելած տարբեր պահանջներ ունեցող հազար կամ հարյուր ցուցարարը նույնպես այդպիսի հատուկենտ մարդկանց համակցություն է: Իսկ մեծ մասը կարգապահ է, ինչպես եղել է միշտ:

Համավարակի առաջին օրերից Հայաստանի խորհրդարանում պատկերն այնպիսին էր, ինչպես փողոցում, Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդաշարն էլ իրար շունչ շնչի հյուրերով ինչ էլ քննարկեր, լուրջ չէր ընկալվում Գերմանիայի նման մի երկրի համեմատությամբ, որ համավարակի բոլոր օրերին ցույց տվեց, թե բոլորս ենք խոցելի, բոլորս հավասար ենք: Համերաշխության, սոլիդարության տիպար 88-ի Ազատության հրապարակում իրար սեր ու գուրգուրանք փոխանցող մեր ժողովրդին ինչպե՞ս փրկենք մենք: 2018-ին գերմանական հեռուստատեսության գնահատմամբ՝ «հեքիաթն իրականություն դարձնող» Հանրապետության հրապարակում համախմբված մեր ժողովրդին ինչպե՞ս պահպանենք: Անփույթ ու անկարգ, անկիրթ ու հայհոյախոս շերտը չի կարող հեղինակություն լինել մի երկրում, որ բացառիկ պատմություն ունի՝ Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր: Չի կարող կրկնել տգիտության եւ խավարի այն ուղին, որի մասին գրում էր մեր ամենամատչելի հեղինակը՝ Թումանյանը: Ո՞վ եթեր տվեց «Նեսոյի քարաբաղնիսը», քանի՞ անգամ, ո՞վ վերլուծեց, թե ինչու համավարակի այս ահռելի՝ համամոլորակային այս կանգառի, այս մահերի խորապատկերին մեզ բացառություն չի արվելու, երբ տակավին հավատում ենք այն նեսոներին, որ կրակ են վառում կիրակոսներին բուժելու համար:

Հասարակության համերաշխությունը կարեւորագույն արժեք է

Հասարակությանը կոչ ուղղելուց առաջ Գերմանիայի եւ Ավստրիայի քաղաքական ղեկավարությունը (նրանց մամուլի ասուլիսներին հետեւում էի ամեն օր) առանց հոգնելու բացատրում են՝ ինչու՞: Քանի որ քաղաքական գործիչերն էլ ապրում են նույն կարգուկանոնի պայմաններում, ինչը հորդորում են պահպանել, նրանք մերձենում են հասարակությանը, դառնում մեկուսացման օրերի իրենց բախտակիցը: Կանցլեր Մերկելը 14 օրյա կարանտինից հետո մամուլի ասուլիսին խոստովանեց, թե իր համար էլ հեշտ չի եղել երկու շաբաթ շարունակ սենյակից դուրս չգալը, հեռավար աշխատելը եւ շնորհակալություն հայտնեց դաշնության բնակիչներին, որ համբերատար ենթարկվում են կարգուկանոնին: Մարդկանց հանդուրժող, օրինապաշտ վարքը գնահատելու, դրվատելու՝ ավստրիացի եւ գերմանացի քաղաքական գործիչների գործելակերպը, հրապարակային ելույթի սկզբում համավարակի պատճառով զոհ գնացածների ընտանիքներին ցավակցական խոսքը պոպուլիզմից որքան հեռու, նույնքան մոտ է կիրթ եւ բարոյական չափանիշները հարգող հանրության մտքին եւ սրտին: Սա ոչ այնքան հաջորդ ընտրությունների հաղթաթուղթ է, այլ նույն երկրում ապրելու, նույն օդը շնչելու բարոյական իրավունք:

Համավարակի՝ Գերմանիայում տարածվելու ակտիվ շրջանում՝ մարտին Ռոբերտ Կոխ ինստիտուտի ղեկավարությունը Բեռլինում հանդես էր գալիս ամենօրյա ասուլիսներով, որ հեռարձակվում էին մի շարք ալիքներով: Այնուհետ ասուլիսների հաճախականությունը շաբաթվա մեջ նվազեց, բայց չնվազեց տարբեր լրագրողների հաճախ տրվող կամ նույն հարցին ինստիտուտի ղեկավար Վիիլերի եւ նրա տեղակալի հանգամանալից պատասխանելու համբերությունը: Սկզբում զարմանում էի՝ ախր հարցն էլ, պատասխանն էլ երեկվա ասուլիսին կամ քիչ առաջ հնչել է արդեն: Հետո հասկացա, որ եթե համաշխարհային համբավ ունեցող Ռոբերտ Կոխ ինստիտուտի ղեկավարն է խոստովանում է, թե Covid 19-ը նոր է, իրենք էլ շատ բան դեռ չգիտեն, ուրեմն լրագրողների կրկնվող հարցը «ընկալելի է», շեշտում է նախ՝ լուրջ բանի մասին հանրությանը տեղեկատվություն տրամադրելու բարձր պատասխանատվության մասին: Վերլուծելու կարողությունը ստորադասվում է սրան:

Կորոնան օրվա մակերեսին գծեց մեր վախերը, անորոշությունը, մարտահրավեր եղավ խորհելու ապագայի մասին՝ ինչպես ենք վերաձեւելու այն աշխարհը, որում մեր գոյն ենք շարունակելու: Հասարակության համերաշխությունը շատ կարեւոր արժեք է, համբերատար ցույց տանք, որ սիրում ենք բոլորին, նրանց, որ կասկածում են, նրանց, որ մեզանից թույլ են, նրանց, որ մեր երկիրը կառուցել են, իրենց միտքը, արյունը, աշխատանքն ու երգն են տվել, նրանց, որ տանն աղոթում են սահմանին կանգնած իրենց որդիների առողջ վերադարձի համար, նրանց, որ սերունդ են տալու: Հանրության անկեղծ ձայնը լսենք, լսելի դարձնենք առայժմ միակ փրկարար հորդորը՝ տարածություն պահպանենք, դիմակ կրելիս էլ: Լավ է ուշ, քան ավելի ուշ, փոխենք մեր օրակարգը, առաջնահերթը մարդու առողջությունն ու կյանքն է: Այսօրը, այս վայրկյանը սկիզբ դարձնենք: Փրկենք մեր բժիշկներին բարոյական ծանր ընտրություն կատարելու վերահաս վճռից:

Ամեն օր համավարակից մարդ է մեռնում, եթե մեր հոգում չի արձագանքում մեր կողքին ապրող անծանոթ հոգու հրաժեշտի զանգը, նշանակում է մեր մահն է գուժում զանգը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

2020-05-25 10:58:26


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ