RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՍՊԱՌՆԱԼԻՑ ՆԱՄԱԿ “ՀՐԱՆՏ ԴԻՆՔ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՍԱԴՐԻՉՆ ԱՐԴԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

Ստամբուլում մայիսի 8-ին Բաքըրքոյի Ծնունդ Ս. Աստուածածնի, իսկ 23-ին Սկյուտարի Ս.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցիները ենթարկվել էին հարձակման։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելությունից բխող այս հարձակումները, սակայն, թուրքական իրականության մեջ սոսկ եկեղեցիներով չեն սահմանափակվում։ Դրա վառ ապացույցը ինտերնետային սպառնալից այն նամակներն են, որոնց թիրախը մայիսի 27-28-ին դարձել է “Հրանտ Դինք” հիմնադրամը։ Եթե եկեղեցիների վրա կատարված ոտնձգություններին հակազդեցությամբ արձագանքել էին գլխավորապես ընդդիմադիր թուրքական լրատվամիջոցները, ապա սպառնալից նամակներին արձագանքեցին նաև իշխանամետ թերթերը, հեռուստատեսությունները, հասարակական կազմակերպությունները, նախագահ Էրդողանի իշխող “Արդարություն և բարգավաճում” կուսակցության գլխավորությամբ ընդդիմադիր ու նորաստեղծ կուսակցությունները։

Հատկանշական է, որ մինչ իշխող կուսակցությունը զազրելի արարք էր համարում այդ կարգի նամակները, ընդդիմադիրները իրենց համերաշխությունն էին հայտնում հանգուցյալ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, նրա փաստաբաններին և հիմնադրամին։ Նշենք, որ մայիս ամսվա մեջ հիմնադրամը ստացել էր երկու սպառնալից նամակ ևս։ Մայիսի 29-ին հիմնադրամը խնդրո առարկա նամակին առնչվող հաղորդագրություն էր տարածել։ Քանի որ դա ամբողջությամբ արտացոլում է սպառնալից նամակի բովանդակությունը, ուստի նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ հենց հաղորդագրությանը։ Ահա թե ինչ է ասված.

“Մեր հիմնադրամը մայիսի 27-28-ին ստացել է մահվան սպառնալիքով սպառնալից մի նամակ, որի մասին ցանկանում ենք իրազեկել հասարակությանը։ Նամակի առնչությամբ գրավոր դիմել ենք Շիշլիի իրավապահ մարմիններին և Ստամբուլի կուսակալություն։ Որոշ շրջանակներ, համարելով շնորհք “մի գիշեր հանկարծակի գալու ենք” կարգախոսի կրկնությունը, որը հաճախակի լսում էինք Հրանտ Դինքի պետական կառույցների գիտությամբ կատարված սպանությունից առաջ, հիմնադրամին մեղադրում են “եղբայրության հեքիաթներ” պատմելու մեջ, պահանջում են, որ լքենք երկիրը, սպառնալով սպանել Ռաքել Դինքին և մեր փաստաբաններին”:

Մայիսի 29-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը նամակի առնչությամբ հետաքննություն էր սկսել։ Մինչ շարունակվում էր հետաքննությունը մայիսի 30-ին Ժողովրդա-հանրապետական, Ժողովուրդների դեմոկրատական, Ալի Բաբաջանի նորաստեղծ “Ժողովրդավարություն և արդարություն”, ինչպես նաև Ահմեդ Դավութօղլուի “Ապագա” կուսակցությունները, ի դեմս իրենց գլխավոր նախագահների, հանդես եկան “Հրանտ Դինք” հիմնադրամի պաշտպանությամբ։ Նույնը արեց նաև իշխող “Արդարություն և բարգավաճում” կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

Ավելին, վերոհիշյալ կուսակցությունների ղեկավարները, ոմանք իրենց կանանց մասնակցությամբ, հեռախոսակապ հաստատելով Ռաքել Դինքի հետ, հավաստիացրին, որ ինքը մենակ չէ։ Եվ վերջապես նույն օրը հայտարարություն արեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նա տեղեկացրեց, որ Քուզգունջուքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը ջարդող սադրիչը 24 ժամվա ընթացքում, իսկ “Հրանտ Դինք” հիմնադրամին սպառնալից նամակ ուղարկող սադրիչը իսկույն ձերբակալվել են։ Օգտվելով առիթից ասենք, որ մինչ նախարար Սոյլուն հայտարարություն էր անում, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլում այցելեց Քուզգունջուքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հայտնելու իր համերաշխությունը համայնքին։

Հ.Չաքրյան

2020-05-30 20:24:27


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ