RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՀԱՅԵՐԸ ՊԵՏՈՒԹԵՆԱՍՏԵՂԾ ԱԶԳ

Վանի թագավորության գլխավոր զինանշանը` առյուծը

Նախանցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած միտքը, թե հայ ժողովրդի համար պետականության գաղափարը խորթ է, եւ հայերս ազգովին չենք սիրում այն, մեղմ ասածՙ զարմացրել էր մեր շատ պատմաբանների: Մեր թերթում առաջինը դրան արձագանքեց պրոֆ. Ս. Սարգսյանըՙ «Մենք պետականության գաղափարը հավերժ կրող ազգ ենք» հոդվածով: Այսօր նույն խնդրին անդրադառնում է պատմաբան-արեւելագետ, ակադեմիկոս Ն. Հովհաննիսյանը ընդարձակ հոդվածով, ներկայացնելով Վանի թագավորությանը հաջորդած հայկական եւս 5 թագավորական հարստությունների (դինաստիա) պետականաստեղծ ու պետականաշեն գործունեության շատ հակիրճ պատմությունը, չմոռանալով նշել նաեւ, անշուշտ, բազմաթիվ այլ պետություններում հայկական պետականաստեղծման դրվագներ:

Խմբ.

Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկըՙ հայ ժողովուրդը, ունի իրեն բնորոշ մի շարք բարձրարժեք որակներ եւ յուրահատկություններ: Մենք համաշխարհային պատմության խորքային ուսումնասիրության հիման վրա հանգել ենք այն եզրակացության, որ հայերը պետութենաստեղծ ազգ են: Դարերի ըմթացքում միանգամ չէ, որ հայությունը հիմնել է իր պետականությունը, կորցրել, նորից վերականգնել եւ նորից կորցրել: Բայց անկախ պետականություն ունենալու հայերի ձգտումը մնացել է անկոտրում: Այդպես է եղել հնագույն շրջանում, այդպես է եղել միջին դարերում,այդպես է եղել նոր եւ նորագույն շրջանում, այդպես է մեր օրերում: Դա դրսեւորվել է երկու կերպ:

Առաջին, ազգային պետականության հաստատում իր բնօրրանումՙ բուն Հայաստանում:

Երկրորդ, օտար երկրների եւ ժողովուրդների պետականության ստեղծում, պահպանում եւ օժանդակում: Դա համաշխարհային պատմության մեջ բացառիկ երեւույթներից մեկն է:

Առաջին կամ բուն Հայաստանի առումով, պետութենաստեղծումն իրականացվել է մեկը մյուսին հաջորդած Վանի (մ.թ.ա. 858-մ.թ.ա.585 ), Երվանդունիների (մ.թ.ա. 570-մ.թ.ա.195), Արտաշեսյանների ( (մ.թ.ա.189-մ.թ.1 ), Արշակունիների ( 54-428 թթ.) եւ Բագրատունիների ( 885-1045թթ ) հայկական թագավորական դինաստիաներով, Կիլիկյան Հայաստանով ( 1080-1375թթ.):Պետության գաղափարը ամուր նստած է հայության գեներում եւ նա ուր գնում է, որ երկրում հաստատվում է, պետության գաղափարն իր հետ է տանում:

Հաստատվելով օտար երկրներում, հայկական հավաքականությունը որպես կանոն ակտիվ դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ, օտար ժողովուրդների պետական կառավարման համակարգում, այդ պետությունների ամրապնդման ու կայացման գործում, որը հաստատվում է բազմաթիվ օրինակներով:

428թ., Արշակունիների անկումից հետո, թեեւ Հայաստանը կորցրեց ինքնուրույն գործոն լինելու իր կարգավիճակը, սակայն անգամ այդ պայմաններում, V-VII դարերում, մարզպանության շրջանում, Հայաստանը հլու հնազանդ ենթակա չէր, այլ կարողանում էր յուրահատուկ ձեւով դրսեւորել իր կամքը եւ պահպանել իր ազգային կերպարը, որի հետ հարկադրված էր հաշվի նստել Սասանյան Պարսկաստանը: Ընդորում, հայ նախարարները պահպանում էին իրենց ժառանգական իրավունքները, տիրույթները, համապատասխան տեղը կառավարման համակարգում: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հայկական ռազմական ուժերը չլուծարվեցին կամ չտարրալուծվեցին պարսկական ռազմական ուժերի մեջ: Նրանք պահպանեցին նաեւ այլ արտոնություններ: Այս բոլորը հիմք է ծառայել այն տեսակետի համար, որ Արշակունիների անկումից հետո էլ յուրահատուկ կերպով պահպանվել է թագավորական, այսինքն պետական իշխանությունը, որն անցել էր հայ նախարարներին:

Այդ շրջանում, 640-ական թվականներին, քաղաքական քարտեզի վրա հայտնվում է մի նոր պետությունՙ Արաբական խալիֆայությունը, որը պարտության է մատնում Սասանյան Պարսկաստանին, նվաճում այն եւ այլ տարածքներ: Տեղի են ունենում նաեւ բախումներ խալիֆայության եւ Հայաստանի միջեւ: Հայաստանի իշխան Թեոդորս Ռշտունին, որը շատ հեռատես, ճկուն եւ խելացի պետական այր էր, մտահոգ Հայաստանի ապագայով եւ անվտանգության խնդիրներով, որդեգրում է նոր ռազմավարություն, որի արդյունքում 652թ. ստորագրվում է հայ-արաբական պայմանագիր, որը հայ պատմիչ Սեբեոսը բնութագրում է որպես «Հաշտության պայմանագիր»: Թեոդորս Ռշտունին Արաբական խալիֆայի կողմից վերստին հաստատվեց ոչ միայն Հայոց իշխանի իր պաշտոնում, այլեւ նշանակվեց նաեւ Վիրքի եւ Աղվանքի իշխան: Այսպիսով, Թեոդորոս Ռշտունու իշխանության ներքո հայտնվեցին Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը եւ ողջ Կովկասը մինչեւ Ճորա պահակ: Հետագայում իրադրությունը փոխվում է եւ արաբները ներխուժում են Երուսաղեմ, Հայաստան, Քարթլի եւ կովկասյան այլ շրջաններ: Երուսաղեմի Հայ եկեղեցու առաջնորդը, կանխատեսելով արաբների մոտակա ներխուժումը Երուսաղեմ, ճանապարհորդում է Մեքքա, հանդիպում իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեին եւ նրանից ստանում հրովարտակ, որն երաշխավորում էր Երուսաղեմում բնակվող հայերի կյանքի եւ գույքի ապահովությունը: Միաժամանակ մարգարեն ճանաչում է Հայ եկեղեցու իրավունքները Երուսաղեմի բոլոր այն սրբատեղերի վրա, որոնք գտնվում էին նրա վերահսկողության տակ: Երբ խալիֆա Օմարը 638թ, գրավում է Երուսաղեմը, ապա նա իր նոր հրովարտակով հաստատում է բոլոր այն երաշխիքները, որ Մուհամմադ մարգարեն տվել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը: Հետագայում Սալահ ադ-Դինը նույնպես ճանաչում է Երուսաղեմի Հայ եկեղեցու բոլոր այն իրավունքները, որը նրան տվել էին իր նախորդները#:

Արտաշիսյանների թագավորության խորհրդանշանը` Արծիվը, մագիլների տակ` թշնամիները

Բագրատունյաց հարստության զինանշանը

VII դարի կեսերին վերսկսվում են արաբական նվաճումները, որոնք ծավալվում են երեք ուղղություններովՙ արեւմտյան, արեւելյան եւ հյուսիսային : Արաբական խալիֆայությունը ձգտելով ծավալվել դեպի հյուսիս, նպատակ ուներ նվաճել Կովկասը: 701թ. տեղի ունեցավ Հայաստանի նվաճումը: Նույն այդ թվականին Արաբական խալիֆայությունը նվաճեց նաեւ Վրաստանը, Աղվանքը եւ մերձկասպյան տարածքները : Հարավային Կովկասն ամբողջությամբ անցավ խալիֆայության տիրապետության տակ: Եվ դրանից հետո տեղի ունեցավ մի կարեւոր իրադարձություն: Արաբական խալիֆայությունը վերոնշյալ նվաճված տարածքներից 701թ. ստեղծեց նոր վարչական տարածք կամ միավոր, որը կոչվեց Արմինիաՙ Հայաստան: Նրա մեջ մտնում էին Հայաստանը, Վրաստանը (Ջուրզան),Աղվանքը ( Առանը), մերձկասպյան շրջանները, որոնց հիման վրա հետագայում ձեւավորվեց Շիրվանը եւ Դերբենդը (Բաբ ալ-Աբվաբ): Արմինիա վարչատարածքային միավորի կառավարիչը կոչվում էր ոստիկան, որի նստավայրը Հայոց հին մայրաքաղաքՙ Դվինն էր: Սա նույնպես բացառիկ իրողություն է: Արմինիան ըստ էության մի պետություն էր պետության մեջ, տվյալ պարագայումՙ Արաբական խալիֆայության մեջ: Դա ուղղակի շշմեցուցիչ փաստ է:

Հետագա տարիներին սրվում են հարաբերությունները Արաբական խալիֆայության եւ Հայաստաանի միջեւ, որի արդյունքում, ի վերջո, 885թ. Հայաստանին հաջողվեց նվաճել իր անկախությունը: Արաբական խալիֆա Մութամիդը ստիպված հաշտվում է կատարված իրողության հետ եւ Աշոտ Բագրատունուն ճանաչել Հայաստանի թագավոր, նրան թագ ուղարկել, ինչպես նաեւ արքային վայել նվերներՙ թագավորական զգեստներ, պարգեւներ, ընծաներ, հրեղեն երիվարներ, զենքեր ու զարդեր: Նա օծվում է « Հայոց թագավոր Աշոտ I» անվամբ, իսկ Բագրատունիները հաստատվում են որպես կառավարող թագավորական դինաստիա:

Այսպիսով, Արշակունիների անկումից 457 տարի եւ արաբական նվաճումից մոտ 200 տարի անց, Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը: Նա դարձավ իրենից որոշակի ուժ ներկայացնող երկիր, ներազդում էր աշխարհաքաղաքական մթնոլորտի ձեւավորման եւ քաղաքական ուժերի հավասարակշռության հաստատման գործընթացի վրա: Ասվածն ավելի է հաստատվում, եթե նկատի ունենանք, որ արաբական խալիֆան եւ բյուզանդական կայսրը մշտապես մրցակցում էին Հայաստանն իրենց կողմը գրավելու եւ դրանով տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու եւ ազդեցությունն ուժեղացնելու համար:Այդ պարագան բարձրացնում էր Հայաստանի կարեւորությունը հաչս կայսեր եւ խալիֆայի:

Բյուզանդիային հաջողվեց տապալել Բագրատունիների դինաստիան եւ իրեն ենթարկել Հայաստանը: Ահա, այսպես, Հայաստանը կրկին կորցրեց իր անկախությունը եւ մոտ հինգ դար հայտնվեց օտար նվաճողների իշխանության ներքո, որոնք մորեխի նման հայտնվում էին տարածաշրջանում:

Սակայն պետք է նշել, որ տարբեր երկրներում, մասնավորապես արաբական երկրներում, Բյուզանդիայում, Կիլիիկիայում, Ռուսաստանում կենտրոնացված էին ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք կարեւոր քաղաքական, ռազմական, տնտեսական եւ մշակութային դիրքեր ունեին եւ ներգրավված էին հյուրընկալ երկրների հասարակական եւ քաղաքական, անգամ կառավարման համակարգում: Ահա հենց այս հայկական համայնքներն էին, որ ամենաակտիվ կերպով ներգրավվել էին հյուրընկալ երկրների եւ ժողովուրդների պետականաստեղծ գործունեության մեջ, նրանց կայացմանը եւ զարգացմանը: Կանգ առնենք դրանցից մի քանիսի լուսաբանության վրա:

1. Բյուզանդական կայսրություն: Հայկական դինաստիա: Հայտնի է, որ Հռոմեական կայսրությունը 395թ. բաժանվեց երկու մասիՙ արեւմտյան, որը շարունակվեց կոչվել Հռոմեական կայսրություն, եւ արեւելյան, որը կոչվեց Բյուզանդական կայսրություն: Դրանք առանձին, միմյանցից անկախ կայսրություններ էին: Բյուզանդական կայսրությունում մեծաքանակ էին հայերը, այդ թվում պաշտոնյաները, զինվորական գործիչները, հոգեւորական այրերը, որոնք մեծ ազդեցություն եւ դիրք ունեին: Նրանք այնքան ուժեղ էին, որ 867 թ. գրավեցին իշխանությունը, Բյուզանդիայի կայսրությունում հաստատվեց Հայկական դինաստիան: Հայկական դինաստիայի հիմնադիրը հայազգի Բարսեղ Առաջինն էր: Հայ կայսրերը Բյուզանդիան կատավարել են համարյա երկու դար, մոտ 190 տարիՙ 867-1057 թթ:

2. Ռուսիայի ուղղափառության ընդունումը եւ հայազգի Աննա իշխանուհու դերը : Սկզբնական շրջանում Բյուզանդական կայսրությունը կառավարում էին համակայսր երկու հայ եղբայրներըՙ Բարսեղ Երկրորդ Բուլղարասպանը եւ Կոնստանտինը: Հայերի ղեկավար դերակատարումը չի սահմանափակվել միայն Բյուզանդիայով: Հայկական դինաստիան բախտորոշ դերակատարում է ունեցել նաեւ Ռուսիայի ճակատագրումՙ կապված 988թ. Ռուսիայի քրիստոնեություն ընդունելու հետ: Նրանց քրոջՙ Աննայի հետ ամուսնանալու ցանկություն է հայտնում Ռուսիայի իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչը: Ամուսնանալու համար Աննան պայման է դնում, որ Վլադիմիրը պետք է ընդունի քրիստոնություն: Վերջինս համաձայնվում է եւ «Վերադառնալով մայրաքաղաք (Կիեւ-Ն.Հ.) Վլադիմիրը հրամայում է ոչնչացնել կուռքերը, իսկ ժողովուրդը մկրտվեց Դնեպրում»: Ռուսիան ընդունում է ուղղափառ քրիստոնեություն: Ուղղափառությունըՙ Պրավոսլավիեն, ինչպես հայտնի է, ռուսական պետության հիմքերի հիմքն է: Մյուս կողմից, եթե մի պահ ենթադրենք, որ Ռուսիան ընդուներ իսլամ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կընթանար համաշխարհային պատմությունը: Հայոց իշխանուհի Աննան, որը դարձավ Ռուսիայի իշխանի առաջին տիկին, բախտորոշ եւ դրական դերակատարում ունեցավ ոչ միայն Ռուսիայի, այլեւ համաշխարհային մասշտաբով:

Վերջը` հաջորդիվ

Պրոֆ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020-06-26 20:08:23


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ