RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ՍԵՎԱՆԱ ԼԻՃ ԹԱՓՎՈՂ ԳԵՏԵՐԸ ՄԱՔՐԵԼ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼ ՁԿՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Սեւանա լճի պահպանության պայքարը տանուլ է տրվել, որի մեղավորներից մեկը նաեւ ինքն է, եւ, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել:

Հաջորդն օրն արդեն Սեւան ազգային պարկը հայտարարեց, որ լճում ձկնագողության դեպքերը պետք է բացառվեն, լճից ձուկ որսալ կարող են միայն նրանք, որոնք համապատասխան լիցենզիա ձեռք կբերեն: Այստեղ են ասել` է՛շ, մի՛ սատկիր, գարուն կգա:

Պարզվում է` ՍԱՊ-ի աչքին չեն երեւում լիճը գերեվարած միլիոնավոր ծառակոճղերն ու ճյուղերը, որոնք փտելով ջրի մեջ, մամաուռ են արտադրում, չեն երեւում նաեւ տասնյակ հեկտարներով չիչխանենու թփերը, որոնք մնացել են ջրի տակ` կրկին մամուռ արտադրելով: Հուսով եմ` ՍԱՊ-ը գոնե գիտի, որ այդ թփերն ու ծառակոճղերը չպետք է մնային ջրի տակ, որովհետեւ պետությունը լճափը մաքրելու համար մեծ գումարներ է հատկացրել, բայց ոմանք, չգիտես ինչու, լճի համար վտանգավոր են համարել միայն այն ծառերը, որոնցից կարելի է շինանյութ պատրաստել, մի խոսքով` փող աշխատել:

Իրականում ՍԱՊ-ը պետք է ձեռնամուխ լինի Սեւանա լիճ թափվող գետերն ու նրանց ավազանները մաքրելուն, որովհետեւ այսօր դրանք կա՛մ առնված են հեկերի մեջ, կա՛մ խիստ աղտոտված:

Օրինակ` կարելի է շատ լուրջ մտածել Սեւանա լճից մոտ երեսուն կմ հեռավորության վրա գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի մասին, որը շահագործվում է եւ բացահանքի, եւ ստորգենյա պայթեցումների եղանակով:

Ըստ «Էկոլուր» կայքի, դեռ երեք տարի առաջ կատարված հետազոտությունների համաձայն, ստոգետնյա հանքամշակման ժամանակ իրականացված հորապայթեցումների արդյունքում օգտագործվում է 298.0 տոննա պայթուցիկ նյութ: Շրջակա միջավայր է նետվում 252,2 տոննա վտանգավոր նյութ` հանքաքարի փոշի, ածխածնի, ազոտի, մանգանի, երկաթի օքսիդներ, ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ նյութեր:

Դե, Սեւան ազգային պարկում էլ, վստահ եմ, գիտեն, որ հանքին ամենամոտ գետը Սոթք գետն է, որը Մասրիկ գետի վտակն է. վերջինը թափվում է Սեւանա լիճ, իսկ ամենաողբերգականն այն է, որ հենց Սոթք գետն է լցվում ոսկու հանքավայրի ամբողջ վնասակար նյութերը:

Ըստ վերոնշյալ աղբյուրի` ջրային ռեսուրսների աղտոտման հետեւանքով պետությանը հասցվում է 494 մլն դրամի վնաս բացահանքի շահագործման դեպքում, 817,8 մլն դրամՙ ստորգետնյա հանքի շահագործման դեպքում: Բացի այդ, տարածքում են գտնվում մի շարք բուսատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

Հիմա հարց` ի՞նչ եք ուզում ձկնորսներից, աշխատելու իմիտացիա՞ եք ստեղծում, թե՞, ինչպես ասում են, այդքան պլոճիկ չունեք` Սոթքի հանքի առաջն առնելու:

Հ.Գ. Լիճը չորս կողմից օկուպացրած ժամանցի վայրերի ու հանգստյան գոտիների մասին էլ դեռ չեմ խոսում, որոնցից միայն մեկ-երկուսը կոյուղատար ունեն: Գուշակեք` որտե՞ղ են թափվում մյուս օբյեկտների կոյուղաջրերը:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վարդենիս

2020-07-03 14:34:04

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ