RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ՍՈՎ ՀՀ-ՈՒՄ. ԽՈՒՃԱ՞Պ... ԹԵ՞ ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության հետ մասամբ առնչություն ունեցող որոշ այրեր, ովքեր նաեւ գործարարներ են որակվում, կարծիք են հնչեցնում, որ մեզանում ընթացող տնտեսվարական գործընթացները մոտեցնում են սով հասկացության ժամանակները: Սթափեցնող է, ուստի փորձենք ծանոթանալ այդ հասկացության ինչ-որ առումով գիտական ձեւակերպմանը: 1980-ին ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակած բացատրական բառարանի համաձայն սով-ը հացի ու հացամթերքի սուր պակասն է...

Սույն ձեւակերպման առումով ՀՀ վիճակն արդեն երեք տասնամյակ մտահոգիչից առավել է: Ասվածին յուրօրինակ է արձագանքում ՀՀ տնտեսվարա-գիտական միտքը, առանց որեւէ փաստարկման նշելով, որ Հայաստան աշխարհամասը երբեւէ հացի առոււմով անգամ նվազագույն ինքնաբավ չի եղել եւ չի էլ կարող լինել, քանզի ըստ ինչ-ինչ հաշվարկների այդ ինքնաբավություն կոչվածը պահանջում է մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրություն. 3 մլն հայաստանցու հաշվով ստացվում է 3 մլն տոննա, որը ՀՀ-ի պարագայում անհնարին է, եւ՝ հարցը փակված է: Իսկ ահա իրականում մեկ բնակչի հաշվով պարենային ցորենի պահանջը 120-160 կգ է, որից կարելի է ստանալ հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի պահանջվող քանակները: Օրինակ՝ թիվ 1 գյուղատնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում այս ցուցանիշը 160 կգ է, որի մի մասն արտահանվում է:

Ինչպես շատ դեպքերում, մեզանում նաեւ այս խնդրում, պակասում է մասնագիտական պարզ բարեխղճությունը: Բացեք ՀՍՀ հանրագիտարանի 13-րդ հատորի 284-րդ էջի «Բուսաբուծություն» վիճակագրություն-աղյուսակը եւ կտեղեկանաք, որ ասենք 1940 թվականին ՀՍՍՀ 434 հազար հեկտար դաշտային ցանքատարածքներից 340 հազարի վրա իրականացվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքս: Հետպատերազմյան շրջանում, կենտրոնացված պլանավորման առումով, նպատակահարմար է գտնվել ՀՍՍՀ գյուղոլորտը կողմնորոշել այգեգործա-բանջարաբոստանային ուղղությամբ, երաշխավորելով ցորենի անհրաժեշտ քանակների կայուն մատակարարումներ: 1985-ին արդեն հացահատիկ մշակվում էր ընդամենը 135 հազար հեկտար, ցածր 2 տոննա բերքատվությամբ: Արտառոց տարօրինակ է, որ արդեն երեք տասնամյակ հնարավոր չէ մոտենալ հեկտարից 6-8 տոննա ցորենի ստացման ցուցանիշի, որի պայմաններում անգամ 100 հազար հեկտար ցանքսը մի բան ավելիով կբավարարի 3 մլն եւ ավելի բնակչության հացամթերքների պահանջը: «Չգիտես ինչու»-ի առումով մի փաստ նշեմ: Հունիսի 11-ին հեռուստաալիքներից մեկով հաղորդում հեռարձակվեց, որի ընթացքում Գրիբոյեդով համայնքի 86-ամյա ֆերմերը նշեց, որ 10 հեկտար ցորենի ցանքսից նվազագույնը 50 տոննա բերք է ակնկալում, որը կարող է չստանալ հերթական ջրումը չիրականացնելու պարագայում: Ահա այն բազում պատճառներից մեկը, որոնց արհեստական առկայությունը հիմք ու առիթ է տալիս խոսել ՀՀ-ում սովի հնարավոր իրավիճակի մասին:

Առերեւույթ ՀՀ-ում սովի մասին խոսելու անհրաժեշտություն ուղղակի առումով չկա, քանզի համաշխարհային տնտեսությունում բոլոր տեսակի սննդահումքի զգալի քանակների արտադրություն կա: Ըստ որոշ հրապարակումների, բրազիլական լինի թե նորզելանդական, բեռնանավերը կանգնած են Միջերկրական ծովում, պատվիրիր ինչ եւ ինչքան ուզում ես: Ցավոք, այսկերպ չենք կարող գնահատել վիճակը ՀՀ-ում: Թե ինչո՞ւ, ծանոթացեք ստորեւ՝ պարենային զամբյուղի հիմնական մաս կազմող մի այլ սննդատեսակի, հավի մսի օրինակով: 2017-ին այս մսատեսակի համաշխարհային արտադրությունը կազմել է 122 մլն տոննա, 1 բնակչի հաշվով 17 կգ, ՀՀ-ում՝ 3 կգ: Բացը լրացվում է ներկրումներով: Թե ինչու չի խթանվում պահանջարկ ունեցող տեղական արտադրությունը, որի պարագայում սով եւ համանման քննարկումներն անիմաստ կդառնան, իշխանություններին չի հետաքրքրում: Նկատենք, որ տեղական հավի միսը ներմուծվածի համեմատ էապես թանկ է վաճառվում: Պարզ չէ, թե երբ ՀՀ-ում բուսայուղ կարտադրվի, նույնը՝ կարագի պարագայում, որը ներմուծվում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից ու Նորվեգիայից: Դժվար չէ պատկերացնել այն վիճակը, որում կհայտնվենք ներկրումների խոչընդոտի դեպքում: Փոխարենը գիտենք, որ 1 բնակչի հաշվով 6000-7000 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողեր ունենք, երբ շատ երկրներ դրա կեսն էլ չունեն: 1960-ին, երբ ՀՀ բնակչությունը 1,8 մլն էր, 600 հազար խոշոր մսատու կար, որպիսի ցուցանիշ ունենք 60 տարի անց արդեն 3 մլն բնակչության պարագայում: Արդյունքում՝ սեփական արտադրության նվազում, ներկրումների էլ աճ:

Լավատեսության շատ մեծ չափաբաժին է պահանջվում պարենային ներկա վիճակում ինչ-որ լուծում տեսնելու առումով: Սով որպես այդպիսին թերեւս չի լինի, իսկ ահա ուտելու սուր ցանկության պահանջի պարագայում պակաս կզգացվի: Կխորանա՞ այս վիճակն առաջիկայում, կապրենք կտեսնենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

30.06.2020, Երեւան


2020-07-03 14:39:24

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ