RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ԱՄՈՒԼՍԱՐԻ ԴԵՄ ԱՄՈՒԼ Է ՈՐԵՒԷ ՔԱՅԼ ՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած իշխանությունները խաղաղ հավաքներն ու բողոքի ակցիաները կորոնավիրուսի պատճառով արգելել են, եւ ոստիկաններն իրավունք ունեն դրանք իրականացնողներին բերման ենթարկել, վարչական վարույթ կազմել, բայց Ամուլսարում կրքերը թեժացել են։ «Հայկական բնապահպանական ճակատ», «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ համայնքների բնակիչները հունիսի 30-ի լուսաբացից փակել էին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայության ճանապարհը։ «Սեքյուրիթի»-ին վարձել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, պայմանագիր կնքել։ Մինչեւ հիմա Ամուլսարի տարածքում վերահսկողություն էր իրականացնում «Պանտերա» պահնորդական ծառայությունը, բայց «Լիդիան Արմենիան» «Պանտերային» փոխարինել է «Սեքյուրիթի»-ով։

Ինչպես եւ սպասելի էր, Ամուլսարի պաշտպանները դիմադրություն ցույց տվեցին։ Երբ պահնորդական նոր կազմակերպությունը ոստիկանների հետ Ամուլսար եկավ, ակտիվիստներն արդեն այնտեղ էին։

Ինչպես իր տեսաձայնագրության մեջ ցույց է տալիս «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության ղեկավար Շիրակ Բունիաթյանը, պահնորդական նոր ծառայության անդամներն ավտոմեքենաներով, բարձր արագությամբ Ամուլսարի տարածք են մտել ու անվադողերի տակ գցել շան երեք ձագերի։ Այդ փաստն ակտիվիստներին զայրացրեց։ «Ասենք այստեղ շներ չէին, այլ գյուղացիներ էին, հասարակ մարդիկ, այդքան անուշադի՞ր էիք լինելու, կարելի՞ է այս աստիճան արագ վարել մեքենան ու ձագերին վրաերթի ենթարկել»,- վրդովվեցին ակտիվիստները։

Նրանք պահնորդների այդ արարքը դիտարկում են որպես անտարբերություն ու անփութություն նաեւ իրենց միջավայրի, մարդկանց նկատմամբ։ Բացի այդ, բնակիչներին ու ակտիվիստներին բարկացրել էր այն, թե ինչու են անվտանգության աշխատակիցներն ինքնաձիգներով ու մահակներով շրջում Ջերմուկ տանող մայրուղովՙ տարածք, որն նրանց հսկողության տակ չպետք է լինի։

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն ամբողջ ընթացքում փորձում էին խաղաղ բանակցությունների ձեւաչափը պահպանել եւ ստիպված էին լսել Ամուլսարի պաշտպանների պահանջները։ Բողոքի ակցիայի բոլոր օրերին նրանք իրենց պահնջները թելադրեցին։ Ինչպես նախկինում «Պանտերայի», այնպես էլ «Սեքյուրիթիի» աշխատակիցները մեծ խմբերով չպետք է շրջեն Ամուլսարի տարածքով։ Պահնորդական ծառայությունը պետք է իրականացվի հերթափոխի փոքր խմբերով։ Բացի հերթափոխի անդամներից, մյուսները պետք է ապրեն ոչ թե Ամուլսարի տարածքում գտնվող վագոն-տնակներում, այլ շատ ավելի հեռու գտնվող հյուրանոցում։ Ակտիվիստները պահնորդական ծառայությանն ու ոստիկաններին ստիպեցին ենթարկվել այդ պայմանին, ըստ որիՙ ծառայության ղեկավարը պետք է աշխատակիցների համար Վայոց ձորում կեցության տեղ փնտրի։

Ակտիվիստները սահմանային գծանշումներ են կատարել, որոնք պետք է անխախտ մնան, իսկ պահնորդական հերթափոխի անդամները տարածք կմտնեն միայն տարբերանշան ունեցող ավտոմեքենաներով։

Դեպի Ամուլսար «Սեքյուրիթի» պահնորդական ծառայության մուտքը չստացվեց, որից հետո «Լիդիան Արմենիան» հաղորդագրություն տարածեց․ «Արդեն երկու տարի ընկերությունը շարունակում է ապօրինաբար զրկված մնալ իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք եւ տեխնիկա, եւ ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասակածների վերաբերյալ։ Ընդ որումՙ «Լիդիան Արմենիան» սեփական տարածքի եւ իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահնորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ օրենքի շրջանակում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»։

Իրավունքի եւ բարոյականության տեսակետից «Լիդիան Արմենիան» աննախանձելի իրավիճակում է հայտնվել արդեն 2,5 տարի։ Ընկերությունը միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել, գույք ու տեխնիկա բերել Ամուլսար, բայց տեւական ժամանակ մատնված է անգործության, որովհետւ հանքը շահագործելու կամ շահագործման հեռանկարը մտքից հանելու հստակ դիրքորոշում ու հրահանգ իշխանություններից չի ստացել։

Մի բան հստակ է, որ ակտիվիստներն ու բնակիչներն անզիջում էլ մնալու են։ Բողոքի ակցիաների ծավալից ու տրամաբանությունից ելնելովՙ կարելի է համոզվել, որ Ամուլսարի պաշտպաններն անդրդվելի են, նրանք պահնորդներին չեն թողնում անգամ մեկ սանտիմետր առաջ գնալ, բացառել են նրանց բնակությունը Ամուլսարի տարածքում։ Ռազմավարական պլանը շատ հստակ ու անվրեպ են մշակել ու հայտարարել ․ «Ով ուզում է լինիՙ պահնորդ, «Լիդիան», թե վարչապետ, պետք է հաշվի նստեն մեզ հետ»։ Համավարակի օրերին նոր պահնորդական խումբ ուղարկելու քայլը նրանք սադրանք են համարում։ «Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ամբողջ Ջերմուկ համայնքը եւ տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից։ Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ։

Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն եւ նրանց գործողությունները կկանխվեն։ Ակնկալում ենք նաեւ բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»։

Նույն իրավունքի եւ բարոյականության տեսանկյունից կոշտ ու կտրուկ քայլերի մեջ չենք կարող մեղադրել նաեւ Ամուլսարի հարակից տարածքների բնակիչներին եւ ակտիվիստներին։ Նրանք մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանինՙ ինչու են թույլ տալիս, որ համավարակի ծանր օրերին «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում տեղաշարժ ու տեղափոխություն նախաձեռնի, չէ՞որ իրենց դիրքորոշումը հայտնի է վաղուցՙ այդ տարածքում ցանկացած շարժ բողոքի ակցիաների, ընդվզման, մարդկային կուտակումների տեղիք է տալու։

Դժվար թե երկրի իշխանությունները չիմանային, որ «Լիդիան Արմենիան» պահնորդական կազմակերպության փոփոխություն է կատարելու Ամուլսարում։ Նման նախաձեռնությունները թաքուն չեն արվում, այդ դեպքում ի՞նչ բացատրություն տալ կատարվածին, երբ գիշեր-ցերեկ Ամուլսարում լարված իրավիճակ է, մարդկային կուտակումները սովորական երեւույթ են դարձել, ոստիկանական ուժերը ստիպված են պահնորդական ծառայողների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ պատ կազմել։

Միգուցե օրեր անց Ամուլսարում կրքերը հանդարտվեն։ Կհանդարտվեն, բայց չեն ոչնչանա։ Պահնորդական զինված, պրոֆեսիոնալ խմբերից թերեւս ավելի լավ Ամուլսարը հսկում են բնակիչներն ու Ամուլսարի պահապանները։ Հակառակ ճակատից չնչին քայլ, անգամ մտքում մշակված ծրագիր, եւ նրանք վայրկենապես տեղում ենՙ փաստարկված խոսքով, հիմնավորված պատճառներով, իրադարձություններն ուղիղ եթերով հանրությանը ներկայացնելու պատրաստակամությամբ։

Պարզ է, որ «Լիդիան Արմենիայի» այս քայլն ինչ-որ չափով նաեւ հերթական փորձն էրՙ համավարակի օրերին ստուգելու Ամուլսարի պաշտպանների մարտունակությունը, տրամադրությունը, զգոնությունը։ Մի՞գուցե նրանց ուշադրությունը բեւեռված լիներ կորոնովիրուսի կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրների վրա։ Բայց ոչ... Բողոքի, ընդվզման հերթական ալիքը քիմիական հերթական փորձի նշանակություն եւ իմաստ ունեցավ նաեւ իշխանությունների համար։ Ու բոլորը տեսան, համոզվեցին, որ քիմիական փորձի վերջը պայթյունն է։ Մոռացել էին, որ քիմիական նյութերն էլ են նույնը, փորձանոթն էլ, լաբորատորիան էլ։

ՆԱԻՐ ՅԱՆ

2020-07-03 15:25:25

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ