RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱՆՑ

Ընդամենը երեք օր առաջ լրագրողները հարց էին տվել կանցլեր Անգելա Մերկելին, թե ինչո՞ւ չի կրում դիմակ, որը Գերմանիայում պարտադիր է հասարակական վայրերում, մարդաշատ բոլոր տարածքներում։ Իմաստուն կանցլերի պատասխանը եղել էր հստակ եւ, ի տարբերություն մերոնց, տրամաբանական. «Բայց ես միշտ պաշտպանում եմ սոցիալական հեռավորությունը»։

Չորս թե հինգ ամիս առաջ հենց «ԱՐՄՆՅՈՒԶ»ի եթերում կարծիք էի հայտնել, թե ներկա ընթացքով իշխանությունը Հայաստանում, Սահմանադրական դատարանի հարցը «բարեհաջող» լուծելուց հետո, հաշվեհարդար է ձեռնարկելու մամուլի դեմ։ Սակայն մտքովս չէր անցնի, որ լենուբոլ տաղավարում ոտքի ազատ շարժուձեւով իր հաղորդումը վարող Աբրահամ Գասպարյանի դիմակ չկրելու պատրվակով ոստիկանությունը վարչական թե ինչական վարույթ կհարուցի հեռուստատեսությանը տուգանելու նպատակով։

Պատմությունից մեզ հայտնի է, որ ձեւը եւ ձեւականությունը հատկանիշներից մեկն է բռնատիրական բոլոր վարչակարգերի։ Ստալինիզմը, օրինակ, չէր թույլատրում տողադարձել «ժողովուրդների հայրիկի» անունը, իսկ սուլթան Համիդը չէր հանդուրժում կարմիր գույնը, դրա մեջ նկատելով հեղափոխություն։

Կորոնավիրուսի դեմ պայքարը մեր երկրում խտացել-խտացել ու դարձել է դիմակ կրելու ձեւականություն, այն դուրս է բերվել իր օգտակար գործածության իմաստից ու շրջանակից եւ դարձել համավարակի դեմ պայքարի խորհրդանիշ։ Իսկ ներկա պարագայում Առաջնորդի պահանջի չկիրառումը, ոչ ավել եւ ոչ պակաս, դարձել է անհնազանդության նշան եւ դավադրություն հեղափոխության դեմ, համարյա՝ հակահեղափոխականություն։

Չորս-հինգ ամիս առաջ կարծում էի, որ մամուլի, հատկապես անհնազանդ մամուլի դեմ սահմանափակումները կսկսվեն այլ՝ այսպես կոչված լուրջ մեղադրանքներով։ Պարզվում է սակայն, որ այս պահին ամենալուրջ մեղադրանքը լրագրողի անդիմակ լինելն է։

Բայց համբերենք, սա դեռ սկիզբն է երկանց։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2020-07-03 17:33:52

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ