RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ՝ ՄՈՐՍ

«Քեզ առաջին անգամ այս տեսքով բացահայտեցի»

«Դու էլ այնտեղ չես, որտեղ էիր, բայց դու ամեն տեղ ես, որտեղ մենք ենք»

Վիկտոր Հյուգո

Իմ կես դարն ապրածՙ մեկ շաբաթ առաջ ընդամենըՙ հուլիսի երեքին հասկացա, թե ինչու եմ ինն ամիս միաձույլ գոյելուց հետո, լացով մտել այս աշխարհ. Դուռդ բացել, ինձ արտաքսել ես քո դրախտից... այդ ժամանակ ես հո չգիտեի, թե քո մեջ լինելուց հետո քո կողքին լինելն էլ ուրիշ երջանկություն էր խոստանումՙ քո դեմքը, աչքերդ, քայլելդ իմը դարձնելու հանձնառությունն ունեի, ուզում էի քեզ նման սիրուն լինել նախ:

Ուզում եմ քեզ նման կարգուկանոնի, ժամանակը հարգելու, ժամադրությունից չուշանալու, գիտությունն ու լուսավորությունը գնահատելու կարողությունն ունենալ, քեզ նման եփել- թխելու, հյուսել- կարելու, գեղեցիկ մատուցելու, մաքրակենցաղ լինելու քննությունը հանձնել:

Ուզում եմ հասկանալՙ ի՞նչ պայման էիր կապել օրվա հետ, որ անթերիի սահմանը հատած կենցաղը քեզ չէր իշխում այնպես, որ մոռացության տայիր երեք լեզվով մեզ համար գիրք ընթերցելու, բալետ ու օպերա, թատրոն ու պատկերասրահ հաճախելու գլխավորը:

Քո խոսքը պարզ եւ բարդ նախադասության ներդաշնակ կառույց էրՙ երբեք չէր խճճվում, մարդկանց հանդեպ երախտագիտության, տունն ու երկիրը սիրելու պատգամն էլ ճռճռան ու վերամբարձ բառերով չէր կազմված, սահուն ընթացքով ականջ էր հասնում հանդարտ քո խոսքը:

Ես չգիտեմ մեկին, որ քեզ նման, մինչեւ վերջին օրը, բառարան է կարդում, որ գիրք կարդալիս դուրս է գրում դուր եկած բառը, որ թերթ կարդալիսՙ լրագրողին գնահատում է նաեւ իր ստեղծած, կիրառած բառարանով: Օրեցօր նվազում են քեզ նման թուղթուգրիչով մարդիկ, նվազում է քեզ նմանՙ ամենօրյա տպագիր թերթին կառչած ընթերցողն ու ձեռագիր նամակագիրըՙ վայելչագրության տեսանելի կնիքով:

Համավարակի պատճառով ես գնացք ու օդանավ էի փոխում, երբ քեզ հողին հանձնեցին: Ամենադաժան ճամփորդությունս էր, ամենածանր կնիքըՙ քեզ հրաժեշտ տալու պատվին չարժանալս մամլում է ինձ դեռ: Մի մխիթարություն կաՙ երկու աշխարհում իրար հետ լինելու բախտավորությունն ինձ հույս է տալիսՙ երրորդ աշխարհում հանդիպելու ենք դեռ...

***

Հովսեփյանները, Վարդանյանները, Արշակյանները, Միսակյանները, Գույումճյանները, Թումանյանները, Ղարիբյանները, Նազարյանները խոր կսկիծով սգում են իրենց սիրելի

Էլզա Գեւորգի Վարդանյանի մահը

(15 հունվարի 1941 թ.- 3 հուլիսի 2020 թ.)

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քյոլն-Երեւան

2020-07-10 19:29:05

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ