RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 18 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԲՈՂՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ

Օրերս «ՍԻՎԻԼՆԵԹ»ը Թուրքիայի նախագահ Էրդողանի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար նոր կառույց ստեղծելու նախաձեռնության շուրջ զրուցել էր Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆ․, թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամի հետ։ Զրուցը վարել և թարգմանել է Գոռ Երանյանը, իսկ Կ․Պոլսո «Հայ Թերթ» կայքը հուլիսի 9-ին հայերեն և թուրքերեն հրապարակել։ Աքչամը հարցազրույցում արտահայտվել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մեկուսացման մասին։ Խոսքն անշուշտ դրա միջազգային բնույթի մասին է։ Սակայն, Թուրքիայի մեկուսացվածության պարագայում խոսքը ոչ միայն հայերի, այլև վերաբերում է նաև ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությանը։

Որքան էլ վերջին երկու ցեղասպանությունները միջազգայնորեն ինչպես հարկն է ճանաչված չլինեն, միջազգային հնչեղություն արդեն ձեռք են բերել։ Բերման շեմին է նաև 1937-38-ի Դերսիմի զազաների ցեղասպանությունը, որը հաջորդ տասնամյակներում հայրենազրկման՝ այսինքն Դերսիմից բռնի վտարման տեսքով շարունակվել և շարունակվում է։ Հարցի էությունը, սակայն, այս ամենով չի սահմանափակվում։ Դրանում համոզվելու համար անդրադառնանք «Արթի Գերչեք» ինտերնետային թերթի «Թուրքիայի դեմ ցեղասպանության մեղադրանքով բողոք են ներկայացրել Եվրոպական Խորհուրդին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին» վերնագրով հոդվածին, որը հուլիսի 6-ին արտատպել է «Հայ Թերթը»։

Ըստ հոդվածի այս բողոքը ներկայացրել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ պայքարող 18 կազմակերպություն, մասնավորապես Ավստրիայի մարդու իրավունքների պաշտպանության միությունը, Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն և եվրոպական քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ «Հյուսիսային և Արևելյան» Սիրիայում «մարդկության դեմ հանցագործություն, էթնիկ զտում և ցեղասպանություն» իրականացնելու մեղադրանքով Թուրքիայի դեմ բողոք են ներկայացրել Եվրոպական Խորհուրդին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

Ըստ «Mezopotamya» գործակալության «Հյուսիսային և Արևելյան» Սիրիայի շրջաններում Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողություններից հետո, այդ շրջանները վերածվել են մարդու իրավունքների ոտնահարման կենտրոնի, որտեղ Անկարայի հովանավորած ահաբեկչական խմբավորումները սկսել են խոչընդոտել խաղաղ բնակիչների վերադարձը բնակության նախկին վայրեր, զբաղվել են գողությամբ, ավազակային հարձակումներով, ունեցվածքի առգրավմամբ, մարդկանց առևանգմամբ, կամայական ձերբակալություններով, անտառների հրկիզմամբ, ինչպես նաև գերեզմանոցների ու մշակութային արժեքների ոչնչացմամբ։ Նշված հանցագործությունները հաստատել են Միջազգային համաներում կազմակերպությունը, Մարդու իրավունքների վերահսկման կազմակերպությունը՝ HRW-ն և Սիրիայի հետաքննության անկախ և միջազգային հանձնաժողովը։

Թուրքիայի դեմ ներկայացված բողոքի տեքստին կցվել է HRW-ի 2019 թ․ նոյեմբերին պատրաստած զեկույցը, որը փաստում է․ «Թուրքիային հարող զինյալ խմբավորումները սիրիացի քրդերին թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, որպեսզի բռնագրավեն դրանք»։ Այդ կազմակերպության Միջին Արևելքի տնօրեն Սարահ Լ․Ուիտսոնն ավելացրել է․ «Մարդկանց կամայականորեն մահապատժի ենթարկելը, նրանց ունեցվածքը կողոպտելն ու սեփական տնից վտարվածների վերադարձն արգելելն այն փաստերն են, որոնք ապացուցում են, թե ինչու է վտանգավոր Թուրքիայի ձևավորած (2019-ին Ռաս ուլ-Այն և Թել Աբյադ հատվածում) «անվտանգ գոտին»։

Այդ ընթացքում «Ժողովրդավարական Սիրիայի Մեջլիսի գործադիր խորհուրդի նախագահ Իլհամ Ահմադն ասել է, որ թուրքերը ռազմական գործողությունների ժամանակ թալանում և վաճառելու համար Թուրքիա էին փոխադրում գյուղացիների բերքը, մասնավորապես հացահատիկն ու ձիթապտուղը, իսկ անցյալ շաբաթ դիտավորյալ կտրեցին ոռոգման ջուրը, որպեսզի երաշտի մատնեն գյուղատնտեսական շրջանները։

Հ․ Չաքրյան

2020-07-10 21:53:01

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ