RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ԱԼԵԳՈՐԻԱ. ՇՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ՇԱՆ ՏԻՐՈՋԸ

Հայտարարվեց, որ Մ. Նահանգների պետքարտուղարությունը համաձայնվել է, կամ համաձայնեցվել է Հայաստան ուղարկել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետների խումբ, որը որպես խորհրդական օգնելու է մեր կառավարությանը այդ ազնիվ գործում։ Ըստ երեւույթին ամերիկյան կառավարությունը դժգոհ է մերոնց աշխատանքից եւ, կամ, մեր կառավարությունն է դժգոհում իր իսկ աշխատանքից, որ հանձն է առել մեր սուղ միջոցներից այդքան փող ծախսել այդ մասնագետներին հրավիրելու համար՝ ամերիկյան ձեւով վարձատրելու։

Մասնագետների վարձատրություն ասացի եւ հիշեցի ամերիկահայ բարեկամներիցս մեկին, որ տանը մի հսկա, սեւ, փայլուն մաշկով, կերած-խմած շուն ուներ, «Քաջո» անունով։ Հակառակ տեսքին՝ «Քաջոն» բարի եւ ազնվացեղ շուն էր։ Օրինակ, երբ իրեն անծանոթ մեկը տուն էր մտնում, «Քաջոն», բնականաբար, առաջինն էր դիմավորում նրան։ Տեսնելով ներս մտնողի այլայլումը՝ բարեկամիս տիկինն ասում էր. «Քաջո, ինքը կվախնա», եւ «Քաջոն», որ, ինչպես հասկանում եք, «հայախոս» էր, անմիջապես քաշվում էր իր անկյունը՝ շարունակելով ուշադիր հետեւել հյուրին։

Սակայն «Քաջոն» ուներ, ինչպես ասում են, բզիկներ որոշ տեսակի մարդկանց նկատմամբ. երբեմն գռմռում էր, չհամակրելու նշաններ էր ցույց տալիս, փորձում իր իրավասությունների սահմաններից դուրս գալ, ինչը, հասկանում եք, անհանդուրժելի է ամերիկյան հյուրընկալության կանոններով, եւ ինչու չէ, նաեւ հայկական։

Ու բարեկամս որոշում է հրավիրել շների մասնագետի, այսպես կոչված շնաբանի կամ շնագետի, այն էլ՝ պրոֆեսորի կոչումով եւ, անշուշտ, համապատասխան հոնորարիումով։

Պրոֆեսորը գալիս է տուն, թեթեւակի, գրեթե ձեւի համար լսում է «Քաջոյի» սիրտը, ստուգում լեզուն, աչքերը պահում լույսի տակ եւ հրամայում է բարեկամիս ու տիկնոջը նստել աթոռին։ Հարցեր է տալիս խելոք նստած ամոլին ու դաստիարակիչ խորհուրդներ, ավելի շուտ՝ հանձնարարականներ է թելադրում նրանց։ Բայց երկար է տեւում այդ պրոցեսը,- վերջապես սա Ամերիկան է, պետք է ժամավճարի ժամը հարգել,- մինչ այդ աթոռին խելոք նստած բարեկամս ընդվզում է. «Բայց, ասում է նա, պրոֆեսոր, մենք ձեզ 400 դոլար ենք վճարել եւ հրավիրել ենք, որպեսզի մեր շանը դաստիարակիչ դասեր տաք, մինչդեռ դուք...»։ Պրոֆեսորն անվրդով, ակնոցների հետեւից սառը հայացքով սաստում է նրան. «Ձե՛զ պետք է դաստիարակել եւ ոչ թե շանը»։

Արեւմտահայերս ասում ենք՝ հասկցողին շատ բարեւ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2020-07-13 11:06:48

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ