RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ


ԱԶԻՄՈՎԻ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ

Մեկնարկել են ինչպես ԲՈՒՀերի ընդունելության քննությունները, այնպես էլ առաջին դասարանցիների դպրոց մուտք գործելու գործընթացները։ Դպրոցները ուսումնադաստիարակչական հիմնարկություններ են, որոնք աճող սերնդին զինում են գիտելիքներով եւ նպաստում ձեւավորելու նրանց մտավոր, ֆիզիկական եւ գեղագիտական հմտությունները։ Առաջին դպրոցները գոյություն են ունեցել, բոլորովին ոչ մերօրյա հարմարություններով, շատ վաղ ժամանակներում։ Եղել են տարբեր նպատակների, հետաքրքրությունների եւ դասակարգմանՙ հանրակրթական, մասնագիտական, միջնակարգ, աշխարհիկ, եկեղեցական, վանքապատկան, ճեմարանատիպ, եւայլն։

Դրանք հիմա էլ կան, բարեբախտաբար, բայց ահա Բելոռուսիայում ծնված ամերիկացի հեռատես գրող, գիտաֆանտաստիկ գրքերի հեղինակ Այզեկ Ազիմովը (1920-1992) նախատեսել է, որ 2157 թվականին դպրոցները վաղուց արդեն թանգարանային նմուշների շարքին դասված են լինելու։

Ազիմովի ծնողները 1923-ին տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Այզեկը մեծացել է, հաճախել եւ ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Մասնագիտությամբ բիոքիմիկոսը հակված է եղել ավելի շատ գիտաֆանտաստիկ գրքեր կարդալու, որն էլ նրան դարձրել է այդ ժանրի ամենաբեղուն հեղինակը։ Գրել է մոտ 500 պատմվածքներ, գիտահանրամատչելի վիպակներ, էսսեներ, դասագրքեր, եւ նույնիսկ սատիրային եւ մանկական կատակային ոտանավորներ։ Նրա գրքերում գործում են «արհեստական խելացի էակներ»։

Գողտրիկ կարճ պատմվածքներից մեկում, որը նա վերնագրել է «The Fun They Had» (Երջանիկ պահը, որ նրանք վայելեցին) ընտանիքի երկու զավակներըՙ Թոմը (13 տարեկան) եւ Մարջին (11 տարեկան) գիտելիքներ են ձեռք բերում «մեխանիկական դասատուից», որ օրվա որոշակի ժամերին տան առանձնացված մի սենյակում տարբեր առարկաներ է «դասավանդում» եւ «հանձնարարություններ» տալիս երեխաներին։ Երբ ինչ-որ անսարքություն է նկատվում, ծնողները շրջանային տեսուչին են կանչում, որ ստուգի եւ վերացնի թերությունը։ Դպրոցի մասին, որպես կրթական օջախի, երեխաները գաղափար չունեն։ Տեղյակ չեն նաեւ գրքերի գոյության մասին։ Պատահում է այնպես, որ մի օր (հիշենք, որ դեպքը տեղի է ունենում 2157-ին) տան ձեղնահարկում Թոմը գտնում է իսկական մի գիրք, շատ հին, մաշված ու դեղնած էջերով։ Էջերը թերթելով երեխաները զարմանում են, որ բառերը շարժվելու փոխարեն, ինչպես լինում է սովորական էկրանի վրա, անշարժ կանգնած են իրենց տեղերում, հետ ու առաջ չեն տեղափոխվում։ Տեղի ու միջոցների ինչպիսի՜ վատնում, մտածում են նրանք։ «Մեր նոուտբուկերում հազարավոր պատմվածքներ կան եւ դեռ նույնչափ պատմվածքների տեղ կա», բարձրաձայնում է Թոմը։ Նա նաեւ աղոտ հիշում է եւ քրոջը՝ Մարջիին փոխանցում պապի պատմածներն այն մասին, որ նախկինում հատուկ դպրոցական շենքեր են եղել, որտեղ իսկական մարդ-դասատուներ գիտելիք են փոխանցել երեխաներին («ինչպե՞ս կարող էր մարդը այդքան բան իմանալ, որ փոխանցեր երեխաներին», զարմանում է Մարջին), որտեղ տարբեր թաղամասերից տղաներ ու աղջիկներ աղմուկ-աղաղակով հաճախել են, նստել կողք-կողքի, օգնել միմյանց դասերը պատրաստելու, քննարկել իրար հետ տարբեր թեմաներ, ուրախացել ու տխրել միասին, ծննդյան տոներ նշել, հանդիսությունների ու արշավների մասնակցել։ Այդ ժամանակ է, որ նրանք՝ Թոմն ու Մարջին հասկանում են, թե ինչքան ուրախ է եղել ժամանակին գիտելիք ձեռք բերելը, մինչդեռ իրենք սենյակում մեկուսացված ռոբոտ դասատուի հետ, լսում են նրա չոր ու ցամաք խոսքը՝ զուրկ զգացմունքայնությունից, ջերմությունից, հուզականությունից, եւ կատարում նրա բարդ, երբեմն անհասկանալի ու ձանձրալի հանձնարարությունները։

Համավարակի ներկա պայմաններում, երբ կրթական համակարգը գրեթե հիմնովին փոփոխության է ենթարկվում եւ հեռահար դասընթացներին է տրվում առաջնահերթությունը, արժե մտածել, թե դեպի ո՞ւր են գնում մեր դպրոցները։ Թոմի ու Մարջիի ճակատագի՞րն է սպառնում մեր թոռներին ու ծոռներին։ Ճիշտ է, դպրոցները, փառք Աստծո, դեռ գոյություն ունեն, բայց ի՞նչ կարգավիճակով։ Եվ արդյոք համավարակը չի՞ նպաստում արագացնելու դրանց գոյության սպառնալիքը։ Ազիմովը մեկ դար անց էր նախատեսել։ Արդյո՞ք մենք գտնվում ենք դպրոցների անհետացման առաջին փուլում։ Մերօրյա օտար գիտնականներից մեկը առցանց հարցազրույցի ժամանակ հեռահար դասընթացները համարել է «կրթական գործընթացի ավարտը» («This is the end of education», ասել է նա)։ Հոռետես չլինենք եւ հուսանք, որ դեռ բավական երկար ժամանակ դպրոցները կշարունակեն առաջ տանել իրենց առաքելությունը՝ կենդանի ու անմիջական շփումների միջոցով։

* * *

Իսկ մենք Այզեկ Ազիմովի ծննդյան հարյուրամյակի առթիվ մի քանի կենսագրական մանրամասներ փորձենք հիշատակել։ Երբ 1980-ականների վերջերին ամերիկացի հայտնի լրագրող Բիլ Մոյերսն նրա հերթական, 391-րդ «Far as Human Eye Could See» (Այնքան հեռու, որքան մարդկային աչքը կարող է տեսնել) խորագրով գրքի լույս ընծայման առթիվ հարցնում է, թե իրականում որքա՞ն հեռուն կարող ենք մենք տեսնել, Ազիմովը պատասխանում է. «Դա կախում ունի, թե մենք ինչո՞վ ենք հետաքրքրված եւ ի՞նչ ենք ցանկանում գտնել։ Եթե մարդկության պատմությունն է մեզ հետաքրքրում, շատ հեռուն չենք կարող տեսնել, որովհետեւ մարդկության պատմությունը քաոսային վիճակում է, բայց եթե մոլորակների, աստղերի, համաստեղությունների ու նման բաներով ենք հետաքրքրվում, ապա կարելի է շատ հեռուն գնալ։ Մեր գուշակությունները կարող են սխալ լինել, բայց կարեւորը դրանց մասին մեր կարծիքը հայտնելն է, կարծիք, որն ուրիշ մեկը հնարավոր է հետագայում՝ 10, 50 կամ 100 տարի անց զարգացնի։ Ես այդ վերնագիրը վերցրել եմ լորդ Ալֆրեդ Թենեսիի «Լոքսլի Հոլ» բանաստեղծությունից։ Գիտեք, կյանքն այնքան արագ է առաջ գնում, փոփոխվում, որ մենք պարտավոր ենք ամեն րոպե մտածել, մտահոգվել ապագայի մասին։ Կարեւոր չէ, որ բոլոր մարդիկ լավ բան անեն, բայց անհրաժեշտ է, որ հանուն մարդկության նրանք վատ բան չանեն։ Իսկ Մոյերսի այն հարցին, թե «կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը կրթել ինքնիրեն, առանց արտաքին միջամտության, որւեէ նյութի, առարկայի մեջ, որն իրեն հետաքրքրում է», Ազիմովը պատասխանում է. «Ամբողջ գաղտնիքը ձեր նշած վերջին բառերի մեջ է։ Այո, կարող է, եթե տարված է դրանով, եթե իրեն հետաքրքրում է»։ Տեսեք, ես ավելի շատ եմ գրել աստղագիտության մասին, որ իմ մասնագիտությունը չէ, քան բիոքիմիայի մասին, որն իմ ուսումնառության բնագավառն է եւ որի համար գիտական աստիճան է շնորհվել ինձ»։ Գալով խնդիրների լուծման արդյունավետությանը, որն այսօր էլ ավելի քան երբեւէ այժմեական է, Ազիմովը խորհուրդ է տվել «համագործակցել»։ «Ոչ մի երկիր առանձին չի կարող արդյունավետ կերպով գլոբալ հարցեր լուծել։ Մարդկությանը սպառնացող վտանգները կարելի է լուծել միայն համագործակցությամբ», ասել է տեսլականի տեր գրողը։

Ազիմովի հեղինակած գրքերի թվում են «Տիեզերքի շինարարական քարերը», «Կենդանի գետը», «Արեւի թագավորությունը», «Հավիտենականության վերջը», «Բախտավոր աստղերն ու աստերոիդների ծովահենները», «Խելամիտ մարդու գիտական ուղեցույցը» եւ «Հիմք» (կամ հիմնադրում) եռահատորը, որի հիման վրա հետագայում նկարահանվել է «Արտասովոր (կամ երեւակայական) ճանապարհորդություն» ֆիլմը։ Այլ պատմվածքների մոտիվներով ուրիշ ֆիլմեր եւս նկարահանվել են։

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

2020-07-13 14:07:56

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ