«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2001-02-22 | #34, 2001-02-23 | #35, 2001-02-24


ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ը ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ 136-ԱՄՅԱԿԻ ՕՐՆ Է

Մեծ հայըՙ ազգասեր ու բարեգործ

Հայտնի է, որ Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի համար սոսկ անհատ չէ, այլ մարմնավորումն է մի հզոր ու անսասան գաղափարիՙ ազատության գաղափարի եւ այդ գաղափարին անմնացորդ ծառայելով կենդանության օրոք իսկ առասպելացավ եւ Սասնա Մհերի նման դարձավ ժողովրդի իղձերի եւ մաքառումների, ազատության գաղափարի ջահակիր հերոսը:

Հայտնի է նաեւ, որ Մեծ Զորավարն աստվածատուր եւ անվրեպ ռազմավար եւ քաղաքագետ էր, դրանց վառ օրինակները չե՞ն արդյոք, որ Անդրանիկն իր վարած 114 ճակատամարտերում երբեք չունեցավ պարտություն, իսկ եթե նահանջում էրՙ հանուն իրեն ապավինած տասնյակ հազարավոր գաղթականների անվտանգության, երբ նա արժանապատիվ կռվելով փրկեց շուրջ 40 հազար գաղթականներիՙ իր հետ տանելով Էրզրումի, Կարսի, Ջալալօղլիի, Նախիջեւանի, Խոյի, Զաբուխի շրջաններով, երբ միայն իրենՙ Զորավարին էր ապավինում երկրից տարագրված հայությունը: Ինչպես հայտնի է, նրանց բոլորին Զորավարը տեղավորեց հատկապես Սյունիք աշխարհից մինչեւ Էջմիածին, հիմնելով որբանոցներ, ծերանոցներ, որոնցով ապահովեց նրանց վերապրումը:

Հրամանատարական եւ քաջության բարձր հատկանիշների համար է, որ բուլղարական, ռուսական, հունական, անգլիական, եգիպտական, ամերիկյան կառավարությունները ժամանակին ժողովրդական հերոսին պարգեւատրեցին իրենց երկրների զինվորական ամենաբարձր 13 շքանշաններով եւ մեդալներով:

Բարեբախտաբար վերջին տարիներին Գ. Ղարիբջանյանի, Հ. Սիմոնյանի, Հ. Կարապետյանի, Հ. Այվազյանի, ի վերջո սփյուռքահայ անդրանիկագետ Ա. Չելեպյանի մենագրություններում հանգամանալից վեր է հանված Մեծ հայի զորավարական եւ մարդկային անխաթար կերպարը:

Այսօր Զորավարի ծննդյան 136-րդ ամյակի առիթով մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրում ենք Զորավարի ազգապահպան-բարեգործական գործունեության վրա, որն առանձնակի այժմեական է հնչելու ի լուր եւ հուղեցույց ժողովրդի ճակատագիրը տնօրինող պետական այրերի եւ դրամատեր հայրենակիցների համար:

Երբ Զորավարը հարկադրված տարագրվում էր Հայաստանից, հայտնի է, որ վերջին հանգրվանը սուրբ Էջմիածինն էր, որտեղ զենքերը Վեհափառ հայրապետին հանձնելուց հետո Անդրանիկը զորացրեց իր գունդը:

Զորավարը Վեհափառ հայրապետին է հանձնում իր մոտ եղած ողջ գումարը. 40 հազար ռուսական ոսկով խնդրում է հոգալ Էջմիածնում հավաքված գաղթականության եւ զինվորների կարիքները, իսկ 15 հազար ոսկին էլ օգտագործել մի հուշարձան կառուցելուՙ ազատության համար կռված եւ զոհված կամավոր զինվորների հիշատակին: Եթե հիշենք, որ դրանից էլ առաջ Անդրանիկի զինակիցներից Հերյան ընկած գյուղացիներից ինչպես էր մեկական ոսկով գնում հայ որբուկներին քուրդ եւ թուրք ընտանիքներից, ապա պարզից էլ պարզ է դառնում, թե որքան էր Զորավարը մտածում հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի մասին:

Նշեցինք, որ Զորավարի վերջին հանգրվանը սուրբ Էջմիածինն էր, որտեղից եւ նա իր մի քանի զինվորներով ուղեւորվեց Բաթում: Թբիլիսիում վրաց իշխանավորները ի պատիվ հերոսի ճոխ սեղան էին պատրաստել կայարանի մեծ սրահում:

Զորավարը հյուրասիրությունից հրաժարվեց եւ դիմելով երկրի արտաքին գործոց նախարար Գեգեչկորիին, հորդորեց, ասելով. «Ես ո՞նց կարող եմ ձեր հացից ճաշակել, երբ դուք շրջափակելով երկաթգիծը, ալյուրով լի կառաշարը, որը ուղարկվում է օգնություն Հայաստանի ժողովրդին, դրանով սովի եք մատնում հարյուր հազարավոր գաղթականների»: Եվ մինչեւ շոգեքարշի կառաշարը ճանապարհ չընկավ դեպի Հայաստան, Անդրանիկը նրանց սեղանից չօգտվեց: Վերջում շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար, Զորավարը նրանցից պատվո խոսք վերցրեց, որ այլեւս նման շրջափակումներ չեն լինի: Իսկ ճաշկերույթին ներկա թիֆլիսահայ մեծամեծներին հորդորեց, որ շտապ կազմակերպեն հանգանակություն Հայաստանի գաղթականությանը օգնելու համար, որն, ինչպես հայտնի է, նույնպես կատարվեց:

Նույնն Անդրանիկը կատարեց Բաթումում, նավահանգստում առկա եւ թալանման վտանգի տակ գտնվող Հայաստանին որպես օգնություն հասցեագրված բեռները ճանապարհելով Հայաստան: Ապա հանգանակություններ կազմակերպեց Բուլղարիայում, Ռումինիայում, որտեղ հայերին հորդորեց օգնել սովյալ հայրենիքին:

Անդրանիկի բոլոր ջանքերըՙ անցնելու Կիլիկիա, մասնակցելու պաշտպանական կռիվներին, անցնում են ապարդյուն, որտեղ նույնպես գործեցին դիվանագիտական ոչ հայանպաստ խաղերը: Եվ Զորավարը հուսահատ վերադարձավ Վառնա, ուր ընդառաջ գնալով քրոջՙ Մարիամի թախանձանքներին, տալիս է համաձայնություն ամուսնանալու համար, որտեղ եւ 1921 թ. աշնանը կատարվում է Զորավարի նշանադրությունը օրիորդ Նվարդի հետ, ապա եւ պսակը Փարիզում, Պողոս Նուբար փաշայի կնքահայրությամբ: Ինչպես նշանադրության, այնպես էլ հարսանիքի առիթով ստացված ընծաներով Զորավարը շտապում է սնունդ եւ հագուստ հայթայթել եւ ուղարկել Հայաստան:

Հետագայում էլ թե՚ Անգլիայի, թե՚ Ամերիկայի քաղաքներում Անդրանիկն իր բյուրեղյա մաքրությամբ պահանջատիրաբար հորդորում է տեղի հայկական համայնքներին, որպեսզի կատարվեն հանգանակություններ եւ շտապ ուղարկվի օգնություն եղեռնից մազապուրծ եւ Հայաստանում ապաստանած հարյուր հազարավոր գաղթականությանը օգնելու համար: Իսկ երբ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) պատվիրակությունը 1926 թ. Գրիգոր Վարդանյանի ղեկավարությամբ Ամերիկայում հանդիպել էր անբարյացակամ վերաբերմունքի բոլշեւիկյան Հայաստանը չընդունող հայրենակիցների կողմից, Անդրանիկն էր, որ օրինակ ծառայելով, իր համար ամենաթանկ իրըՙ եգիպտահայերի ընծայած ոսկեզարդ ադամանդապատյան սուրը նվիրեց Հայաստանի թանգարանին, ապա եւ 2 անգամ մեկական միլիոն դոլարի հանգանակության գործը գլխավորեց Մ. Նահանգներում, հօգուտ Հայաստանի:

Անդրանիկի բարեգործական գործունեությունը դասական տիպար է հայրենասիրության եւ հարազատ ժողովրդի ցավերին սպեղանի դնելու օրինակ:

Այդ բոլոր բարեգործությունների համար է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ն իր կոնդակով Զորավար Անդրանիկին պարգեւատրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ոսկյա առաջին աստիճանի ադամանդազարդ շքանշանով: Իսկ Զորավարի ամենամեծ շքանշանն իր ժողովրդի երախտագետ սերն է, որը ոչ վերջին անգամ արտահայտվեց մեկ տարի առաջՙ հերոսի աճյունի տունդարձի ժամանակ, երբ բյուրավոր հայորդիներ ձմռան ցրտին բարձրանում էին Ծիծեռնակաբերդի եւ Եռաբլուրի բարձունքներըՙ հերոսին հանդիպելու եւ հավերժություն ճամփելու առիթով:

ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ, «Զորավար Անդրանիկ» Հ. Հ. Բ. միության նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4