«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2001-02-24 | #36, 2001-02-27 | #37, 2001-02-28


ԱՐԴՎԱՐԴ ԿԱՆԱՅԱՆ

Նոր էր լրացել նրա ծննդյան 90 տարին. իսկ այսօր, գլխիկոր մենք հրաժեշտ ենք տալիս Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Կանայանների նշանավոր տոհմի արժանավոր ներկայացուցիչ Արդվարդին: Ծնվել է 1910-ին Թիֆլիսում, ուսուցչի ընտանիքում: 1924- 27 թթ. սովորել է Երեւանի ինդուստրիալ տեխնիկումում, իսկ 1932-ին ավարտել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Տասնամյակներ նրա ձեռքում եղել են ոչ միայն մատիտն ու վրձինը, այլեւ գրիչը, քանզի հիանալի տիրապետում էր մայրենի լեզվին, օժտված էր գրական ձիրքով:

Հարուստ է եղել նրա ստեղծագործությունըՙ իր ոլորտում ընդգրկելով քաղաքաշինական հատակագծերի, տարաբնույթ շենքերի նախագծերի մշակումը: Դրանց թվին են պատկանում Գյումրիի եւ Չարենցավանի բնակելի թաղամասերի հատակագծումները, 20-ի հասնող բնակելի տների, դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, վարչական ու արտադրական շենքերի, պիոներական ճամբարների նախագծումները:

Արդվարդ Կանայանը զուգահեռաբար հանդես է եկել բազմաթիվ հոդվածներովՙ նվիրված հայ ճարտարապետությանն ու ճարտարապետներին: Նա մասնակցել է «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանի» համար շինարարական-ճարտարապետական տերմինների մշակմանը: Անդամ էր Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտաճյուղային հանձնաժողովի: Նրա հոդվածները տպագրվել են հանրագիտարանի տարբեր հատորներում:

Բեղուն կյանքով ապրած Արվարդ Կանայանը նվիրումով ծառայեց հայրենիքին ու հարազատ ժողովրդին, բարի հիշատակներ թողեց: Դրանցով նա արժանավայել տեղ գրավեց Կանայանների փառապանծ տոհմում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4