«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


2000 ԹՎԱԿԱՆԻՆՙ 761 ԲՆԱԿԱՐԱՆ, 12 ԴՊՐՈՑ

Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների, անցած 2000 թվականին Գյումրի քաղաքում ու մարզում հետերկրաշարժյան վերականգնման նպատակով իրականացվել է մոտ 7,4 մլրդ դրամի շինարարություն: Շահագործման է հանձնվել 57,3 հազար քմ ընդհանուր մակերեսով 761 բնակարան, որից 730-ը Գյումրիում: Շարք է մտել 12 դպրոցական շենք, այդ թվում մարզկենտրոնումՙ 4-ը:

Շահագործման են հանձնվել նաեւ կոմունալ օբյեկտներ, մասնավորապեսՙ նոր ջրագծեր Մարալիկ քաղաքում ու մարզի սահմանամերձ գյուղերում: Նշված ծավալի շինվերականգնողական աշխատանքներն իրականացվել են ֆինանսավորման տարբեր աղբյուրների միջոցով, պետական բյուջեից ուղղակի ներդրումների բացակայության պայմաններում: Այդուհանդերձ, ներդրված գումարների ավելի քան 45 տոկոսը կազմում են պետական միջոցներըՙ սեփականաշնորհումից ստացված գումարները: Դրանց հաշվին տարվա ընթացքում կառուցվել ու շահագործման է հանձնվել 13 բնակելի շենքՙ 551 բնակարանով, ինչպես նաեւ 5 դպրոցական օբյեկտ: Եվս 3 բնակելի շենք կամ 74 բնակարան հանձնվել է բյուջեից հատկացված վարկի հաշվին: Լինսի հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Կարմիր խաչի ֆինանսավորմամբ, շահագործվել է 120 բնակարան: Մեկական դպրոցական շենք է շարք մտել Հայ օգնության ֆոնդի, Հանթսման եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, 4 դպրոցՙ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Իրականացվել են նաեւ մի շարք այլ շինարարական ծրագրեր:

2000 թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Գյումրիում իրականացվեց երկրաշարժից անօթեւան ընտանիքների մի մասին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման փորձնական ծրագիր, որի շրջանակներում այդպիսի վկայագրեր ստացավ 225 ընտանիք: Այս ուղղությամբ արդեն հիմնական ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել 2001-2002 թթ., հասկանալի էՙ առավել մեծ ընդգրկմամբ:

Անցյալ տարի սկսվել է Գյումրի քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակումը, որը կարեւոր հիմք կդառնա մարզկենտրոնի հետագա զարգացման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4