«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2001-05-03 | #81, 2001-05-04 | #82, 2001-05-05


ԻՍԿ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑԱԾՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Գյումրիում, Ախուրյանում, ինչպես գուցեեւ աղետի գոտու այլ բնակավայրերում, մեծ տոկոս են կազմում այն բնակիչները, որոնք չեն օգտվել պետական բնակֆոնդի իրենց բնակարանների անհատույց սեփականաշնորհման իրավունքից: Մարզկենտրոնում, մասնավորապես երկրաշարժից հետո կառուցված 9500 բնակարանների ընդհանուր թվի գրեթե կեսը սեփականաշնորհված չէ:

Սրա պատճառները թերեւս առանձին ուսումնասիրության կարիք ունեն: Այդ պատճառներից կամ խոչընդոտող հանգամանքներից մեկը Համաշխարհային բանկի վարկով շինարարական ամրացման ենթարկված բնակարանների խնդիրն է, որոնց բնակիչների վրա, ի տարբերություն մյուս բոլոր ֆինանսական աղբյուրներով կառուցված ու հանձնված բնակարանների տերերի, պարտավորություն է դրված տարիների ընթացքում վճարել բնակարանի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսը: Միայն դրանից հետո այդ բնակիչներն իրավունք կունենան դիմելու սեփականաշնորհման համար: Փաստորեն պետությունն անհասկանալի մի տրամաբանությամբ իր քաղաքացիների մի մասին (այն էլՙ սոցիալապես առավել խոցելի խմբերից) զրկել է անհատույց սեփականաշնորհմանՙ նույն պետության օրենքով բոլորին տրվող հնարավորությունից: Ի դեպ, նրանց պարտադրված գումարը տեղ-տեղ մոտավորապես հավասար է այդ բնակարանների այսօրվա շուկայական արժեքին: Մանավանդ հայտնի է, թե դրանք, կառուցված լինելով ՀՀ կառավարության 1994 թ. 444-րդ որոշմամբ նախատեսված պայմաններով, ինչքան պակասություններով են հանձնված:

Գյումրիում կա 1800, իսկ ամբողջ աղետի գոտում, որոշ չճշտված տվյալներով, մոտ 4000 այդպիսի բնակարան: Տեղի իշխանություններն անհրաժեշտ են համարում, որ կառավարության հիշյալ որոշման որոշ կետեր ուժը կորցրած ճանաչվեն եւ նման բնակարանները մյուսների նման առանց նախապայմանների սեփականաշնորհվեն: Իսկ անցած ամսին Գյումրի այցելած քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը հեռուստատեսային ելույթում հավաստեց նաեւ հանրապետության ղեկավարության դրական տրամադրվածությունը: Հարցը նախապատրաստվելու եւ ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը: Մնում է հուսալ, որ առանց ուշացման այդպես էլ կլինի, իսկ խորհրդարանն իր քվեարկությամբ մարդկանց կվերադարձնի ՀՀ քաղաքացու նրանց խլված իրավունքը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4