«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2001-05-04 | #82, 2001-05-05 | #83, 2001-05-08


ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԾՐԱԳԻՐԸՙ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Անցյալ տարի ՀՀ կառավարությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Գյումրիում սկսեցին համատեղ իրականացնել փորձնական մի ծրագիր, որով նախատեսվում էր քաղաքի երկրաշարժից անօթեւան մնացած 150 ընտանիքների տրամադրել անշարժ գույքի շուկայից բնակարան գնելու հնարավորություն ընձեռող վկայագրեր:

Ընտրվեց Երեւանյան խճուղուն հարող տարածքի տնակային թաղամասը, որի բնակիչներին էլ հիմնականում հանձնվեցին վկայագրեր այն հաշվով, որ քաղաքի այս մի ամբողջական հատվածն ազատվի տնակներիցՙ հետագա բարեկարգման ու կառուցապատման համար: 2000 թ. ընթացքում բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) են ստացել գյումրեցի 225 ընտանիքներ, իսկ առ այսօր այդ թիվը հասել է 317-ի: Նրանց որոշակի մասն արդեն հասցրել է ձեռք բերել բնակարան, իսկ մյուսներն այդ ճանապարհին են:

Ծրագրի գործողությանՙ ապրիլի վերջին լրացած մեկ տարվա առիթով այցելելով Գյումրի, ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը, Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի եւ «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչները դիտեցին տնակներից ազատված տարածքը, այստեղ մասնակցեցին ծառատունկի: Ամերիկյան կողմի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետը եւ Գյումրու քաղաքապետը նշեցին, որ ավարտված փորձնական ծրագրի հաջողությունը հիմք է տալիս սկսելու 2001-2002 թվականների համար նախատեսված հիմնական ծրագիրը: Վերջինիս արժեքը կազմելու է 20 մլն ԱՄՆ դոլար: Երկու տարվա ընթացքում ԲԳՎ-ներ կհանձնվեն Շիրակի եւ Լոռու մարզերի 3000 ընտանիքների, իսկ եւս 1000 ընտանիքների կտրվեն տների բարեկարգման դրամաշնորհներ: Նշված 3000 վկայագրերից 2400-ը կտրամադրվի Գյումրի քաղաքի բնակիչներին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4