«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2001-05-05 | #83, 2001-05-08 | #84, 2001-05-09


ՄԱՅԻՍԻ 10-ԻՑՙ ԵՐԵՎԱՆ-ԹԱՎՐԻԶ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐ

Այսուհետեւ յուրաքանչյուր հինգշաբթի «Հայկական ավիաուղիները» կիրականացնի Երեւան-Թավրիզ կանոնավոր չվերթներ: Վաղը «Յակ-40» ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւանի ժամանակով 13.00-ին կուղեւորվի Թավրիզ եւ նույն օրը ժամը 14.40-ին (Թավրիզի ժամանակով) կվերադառնա Երեւան: Ինչպես տեղեկացրեց ՀԱՈՒ-ի լրատվական ծառայության ղեկավար Թ. Սարգսյանը, Երեւան-Թավրիզ միակողմանի չվերթի ուղեւորատոմսն առանց օդային տուրքի սահմանվել է 80 ԱՄՆ դոլար, իսկ հետդարձի դեպքումՙ 140-150 դոլար:

Տեղեկացվեց նաեւ, որ մինչ այժմ ՀԱՈՒ-ն իրականացնում էր Երեւան-Թեհրան կանոնավոր չվերթներ, եւ Ատրպատականի նահանգ ու նրա մայրաքաղաք մեկնողները ստիպված էին Թավրիզ հասնել կամ Թեհրանով (որը Երեւանից շատ ավելի հեռու է, քան Թավրիզը), կամ ցամաքային ճանապարհով: Իրանի հետ երկրորդ օդային ուղու բացումը թելադրված է շուկայի պահանջներով եւ կդյուրացնի Հայաստանի ու նրա հարեւան նահանգի միջեւ տրանսպորտային կապը:

Մեր կողմից ավելացնենք, որ վերոհիշյալ չվերթի բացումը լիովին ներդաշնակ է վերջերս հայ-իրանական կապերի (հատկապեսՙ տնտեսական) աշխուժացման մասին կոչերի հետ: Նույն Ատրպատականի նահանգի հետ տնտեսական կապերի աշխուժացման մասին «Գրանդ» հոլդինգի նախագահի վերջերս արված կոչին հետեւեց ՀՀ-ում Իրանի դեսպանության տնտեսական կցորդի ասուլիսըՙ երկկողմանի տնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, ապա դեսպանի հանդիպումը հայաստանյան գործարար շրջանակների հետՙ ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միությունում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4