«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


ԿԱՊԱՆՈՒՄ ԵՎ ՄԵՂՐԻՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅԼ Է

Համեմատած Քաջարանի եւ Ագարակի հետ

Սյունիքի մարզի ռազմավարական կարեւորության մասին այնքան է գրվել ու խոսվել, որ վերստին ասելն ուղղակի ավելորդ է: Սակայն ոչինչ կամ գրեթե ոչինչ չի ասվում, թե հայոց աշխարհի այդ իսկապես հրաշագեղ անկյունում ինչպե՞ս, ի՞նչ հոգսերով եւ հույսերով են ապրում նրա բնակիչներըՙ սյունեցիները: Չմոռանանք, որ մարզն ամենահեռավորն է մայրաքաղաքից, նրա տարածքի մեծ մասը գտնվում է լեռնային եւ բարձր լեռնային գոտում, սակավահող է, իսկ եղած հողերն էլ հիմնականում թեք հարթությունների վրա են: Թերեւս հողագործության համար ոչ այնքան նպաստավոր պայմաններն էլ հանգեցրել են նրան, որ այստեղ ժամանակին հիմնադրվել են արդյունաբերական ձեռնարկություններ, եւ ստվարացել է քաղաքային բնակչությունը:

Գաղտնիք չէ, որ Զանգեզուրի ամենաարդյունաբերական քաղաքը, դեռեւս նախախորհրդային շրջանից, Կապանն էր: Այն ժամանակ քաղաքն առավել հայտնի էր հանքարդյունաբերությամբ: Խորհրդային տարիներին, բացի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայից, կառուցվեցին բազմաթիվ այլ ձեռնարկություններ: Դրանցից առավել խոշորներից էին կահույքի, կոնդենսատորների, էլեկտրաշարժիչների, տրիկոտաժի գործարանները, ավտոտեխսպասարկման ձեռնարկությունը: Մի խոսքովՙ Կապանի շուրջ 50 հազ. բնակիչներն ապահովված էին աշխատանքով, իսկ քաղաքային կյանքը լի էր աշխուժությամբ եւ զանազան միջոցառումներով: Սակայն, ինչպես Հայաստանի մյուս արդյունաբերական քաղաքները, Կապանը եւս 90-ական թթ. հայտնվեց ճգնաժամային վիճակում: Նրա վիճակը բարդանում էր նաեւ մերձսահմանային լինելով, կապանցիները դեռեւս հիշում են ադրբեջանական օդուժի ռմբակոծությունները: Ինչ վերաբերում է տնտեսական կյանքին, ապա այն, կարելի է ասել, կաթվածահար եղավ: Դադարեցին գործել քաղաքի ձեռնարկությունները: Գործազրկությունը զանգվածային դարձավ:

Ներկայումս խոշոր ձեռնարկություններից աշխատում է միայն լեռնահարստացուցիչ ֆաբրիկան: Այն վերագործարկվել է ընդամենը 1 տարի առաջ: Այստեղ այժմ աշխատում է շուրջ 750 մարդՙ 100 դոլարին հասնող միջին աշխատավարձով: Չնայած ֆաբրիկայի խոստումնալից հեռանկարներին (շնորհիվ նոր հայտնաբերված հարուստ հանքավայրի), այնուամենայնիվ, սա միակ մեծ թվով աշխատատեղեր ապահովող ձեռնարկությունն է Կապանում: Մի քանի հարյուր կապանցիներ էլ աշխատում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ եթե այստեղ աշխատավարձի ուշացում է լինում, անմիջապես ազդում է Կապանի սոցիալական վիճակի վրա: Ճիշտ է, աշխատում են նաեւ մի քանի փոքր արտադրություններ (տրիկոտաժի, թռչնաբուծական ֆաբրիկաներ եւ այլն), սակայն դրանք լուրջ եղանակ չեն ստեղծում: Անցած տարիների ընթացքում արտագաղթը Կապանից մեծ ծավալներ է ընդունել, եւ այստեղ բնակվողների թիվն, ամենալավատեսների հաշվարկով, 25-30 հազար է:

Զբաղվածության խնդիրն առկա է նաեւ Մեղրի քաղաքում: Քաղաքապետ Միշա Ավանեսյանը, սակայն, նշում է, որ որոշ դրական տեղաշարժ այստեղ եւս կա: Աշխատում է ոսկերչական գործարանի մասնաճյուղը, որտեղ ներգրավված է 60 մարդ, մասամբՙ պահածոների գործարանը: Սկսել են աշխատել «Էլեկտրասարք» ձեռնարկությունը, գինու գործարանը: Վերջինս այս տարի մթերել է 19800 տոննա խաղողՙ 1 կգ-ը 70 դրամով, բայց գինու արտադրությունը դեռեւս չի սկսվել: Հարկ է լուծել իրացման հարցը: Այս դեպքում կարտադրվի նաեւ համային հատկանիշներով բացառիկ նռան գինի: Այս ամենով հանդերձ, Մեղրու 5600 բնակիչների մեծ մասը դեռեւս գործազուրկ է եւ շարունակում է ապավինել այգիներից ստացվող արքայախնձորի, նռան եւ թզի բերքին: Սակայն մերՙ Սյունիքում գտնվելու ընթացքում մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշեց, որ Մեղրու զբաղվածության խնդիրը կձգտեն լուծել նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների օգնությամբ, եւ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: Նա նաեւ հավաստեց, որ Մեղրու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման ընթացքն ամեն ամիս քննարկվում է կառավարությունում: Հուսանք, որ ինչպես Մեղրիում, այնպես էլ Կապանում 1-2 տարի հետո առիթ կունենանք խոսելու այնպիսի հաջողությունների մասին, որպիսիք արձանագրվել են Քաջարանում եւ Ագարակում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Կապան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4