«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2001-06-29 | #121, 2001-06-30 | #122, 2001-07-03


ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍ

Մանուել Ադամյանի բանաստեղծությունը

Սփյուռքահայ բանաստեղծ Մանուել Ադամյանը ծանոթ անուն է ոչ միայն Մերձավոր Արեւելքի հայահոծ գաղութում, այլեւ Անգլիայում, ուր այժմ ապրում է, ստեղծագործում, հասարակական, ազգային գործունեություն ծավալում, նաեւ մայր հայրենիքում, ուր հրատարակվել են նրա բանաստեղծական ժողովածուները: Էությամբ անհանգիստ, անխառն ազգապաշտ Ադամյանը թեեւ խոսքի, գրչի մարդ է, սակայն իր խոսքն առավել մեծ արժեք է ստանում հասարակական-ազգային գործունեության շնորհիվ:

Դեռեւս 1962-ին Բեյրութում հրատարակվում է Մանուել Ադամյանի բանաստեղծությունների առաջին ժողովածունՙ «Կռունկները երգեցին»: Հաջորդըՙ «Տաք մոխիրը», հրատարակվեց 1984-ին, իսկ մեկ տարի անցՙ «Անողոք ճակատագիր» չափածո ողբերգությունը: Եվս երկու տարի, եւ Մանուել Ադամյանը 1987-ին ընթերցողի դատին է հանձնում մի նոր ժողովածուՙ «Արեւագալը»: Այսքանըՙ միայն ժողովածուների տեսքով: Հապա որքան հրապարակումներ է ունեցել հայաստանյան եւ սփյուռքահայ մամուլում, հանդեսներում ու պարբերականներում:

Սփյուռքում ճանաչման արժանացած բանաստեղծին հնարավոր չէ, որ չնկատեին հայրենի գրահրատարակիչները: Եվ ահա, 1990 եւ 1991 թթ. Երեւանում տպագրվեցին Մանուել Ադամյանի «Հատուցում» եւ «Քարե ծաղիկ» հատորյակները: Դասական բանաստեղծության կանոնիկությամբ արարված նրա ստեղծագործությունները ներքին հզոր լիցք ունեն իրենց մեջ, որոնք արթուն ու զգաստ են պահում ընթերցողին, հայ մարդուն: Մանուել Ադամյանը մի կարեւոր առաքելություն ունի. արթուն պահել հայեցի ոգին, հայի հիշողությունը. «Սուրը չենք դրած արծաթյա պատյան»: Ոչինչ չի մոռացվում: Զենքի չուշացած պաշտամունք ունի Ադամյանը, որովհետեւ ժողովրդի հիշողությունը վաղեմություն չճանաչող խորհուրդ ունի:

Յուրաքանչյուրըՙ աստղի զորությամբ, /Յուրաքանչյուրըՙ ծանրությամբ մեղքի: /Արնաներկ վարքի, սուրի բռնությամբ /Գործած ոճիրով պիտի գա ծունկի.

Ու մենք Մասիսի դիմաց արդարության պատիվը պիտի փրկենք:

Պատահական չէ, որ Մանուել Ադամյանի սիրած հերոսը Սողոմոն Թեհլիրյանն է, նա, ով միշտ արթուն է պահում հայի միտքը: Լինելով հասարակական, ազգային գործիչ, հիանալի ուսումնասիրելով հայոց պատմությունը, ճիշտ գնահատելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակըՙ բանաստեղծն անվերջ զգոնության կոչ է անում.

Մանուել Ադամյանի բանաստեղծական աշխարհը հասկանալու համար անպայման պետք է թեկուզ թռուցիկ կարգով ծանոթանալ նրա կենսագրությանը: Նա միշտ էլ գտնվել է հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման ջատագովների առաջին շարքում, գլխավորել ու համակարգել սփյուռքահայ երիտասարդների Հայաստանում ուսանելու աշխատանքները: Ինքը շատ լավ գիտե այդ ուսումնառության կարեւորությունը, քանզի ինքն էլ ժամանակին սովորել է Երեւանի պետական համալսարանում: Ապա հանդես է եկել հայ կրթական գործի լավագույն կազմակերպչի իր որակով, ղեկավարելով Բեյրութի Սահակ-Մեսրոպյան վարժարանը, կատարել դասախոսի առաքելությունը: Այո, առաքելությունը, քանզի սփյուռքում մանկավարժի մասնագիտությունն իսկապես առաքելություն է:

Որպես ազգային գործիչ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության երկարամյա ղեկավարներից մեկը, Լիբանանում ու Անգլիայում ղեկավարելիս է եղել «Նոր սերունդ» մշակութային միության, անձնապես մասնակցություն է ունեցել լիբանանյան քաղաքացիական կռիվներում հայկական համայնքի դրական չեզոքության դիրքորոշման ձեւակերպմանն ու գործադրմանը, հայկական համայնքի ուժերի միասնությանն ու համախմբմանը:

1986-ից Մանուել Ադամյանն ազգային-հասարակական լայն գործունեություն է ծավալել Անգլիայում, որը նրա լիբանանյան գործունեության որակական հարստությունն է: Կրթական գործչի նրա համբավը հնարավորություն ընձեռեց բացելու «Մարիցա Սողանալյան» մեկօրյա հայկական վարժարանը, հիմնել «Կոչնակ» երկշաբաթաթերթը, «Նոր սերունդի ձայն» ամսագիրը: 1998 թ. Մանուել Ադամյանը Երեւանում խմբագրեց հայրենադարձված «Երիտասարդ Հայաստան» շաբաթաթերթը:

Որքան էլ բազմաբնույթ ու ազգանպաստ լինի Մանուել Ադամյանի հասարակական գործունեությունը, այնուամենայնիվ, առավել գնահատելին նրա գրական գործունեությունն է: Ժամանակի շունչը պահելով, Ադամյանն ի զորու է պատմական փաստերն ու պատմության հերոսներին դարձնել ժամանակի իրողության կրողներ, ավելինՙ ժամանակի գաղափարական առաջնորդներ: Պատմական փաստերին եւ անձանց դիմելը Ադամյանի մոտ ինքնանպատակ չէ, քանզի իր մեջ վառ պահելով արմատների գիտակցումը («Սիսի մեջ են արմատներս»), փորձում է (եւ կարողանում) ազգային զուգահեռները անընդհատել: Կիլիկիան Մանուել Ադամյանի համար մերն է ոչ միայն «երազի բոցի մեջ», այլեւ փրկության դռան բանալին է:

Սերվելով Րաֆֆու եւ Պատկանյանի գրականության առողջ ավշից, համակցելով հայոց այս երկու մեծերի մտածողությունը, Մանուել Ադամյանը շատ լավ է գիտակցում արդի ժամանակը, հատկապես 20-րդ դարավերջը: 1965 թ.-ից սկսված հայոց հոգեւոր վերազարթոնքը դարավերջի հաղթական ազատամարտերին պետք է հասցներ: Մանուել Ադամյանը համոզված էր դրանում դեռեւս 60-ականների սկզբներին: «Դարը պղտոր է, զենք առ քու ձեռքին», նախագուշակում էր նա: «Մոռնանք աղերսը», պատգամում է բանաստեղծը «Արցախի ուխտավորները» բանաստեղծությամբ: «Ալ մեզ պետք է Դավթի սուսեր», /Ոչ թե աղերս. /Թուր Կայծակին հույսն է մեր» («Գորթյան հանգույց): Ինքնազոհաբերման պատրաստ բանաստեղծը («.Բայց ես կուզեմ վերջին կռվի մեջ ահեղ /Մեռնիլ այնտեղ. առանց փառքը հիշելու.») «Տենչ»-ում իր հավատո հանգանակն է տալիս, այսինքնՙ եթե ինքը պիտի երկրային կյանքին հրաժեշտ տա, ապա նախընտրում է Արցախը:

Ավելի նուրբ ու քնարական է Մանուել Ադամյանի «Քարե ծաղիկ» ժողովածուն, որը նվիրել է կնոջըՙ Լիլի Ադամյանին: Իսկապես բոցերում տառապող բանաստեղծական ոգին այստեղ փոքր-ինչ հանդարտվում է, բյուրեղանում, նրբին զգացումների թարգմանություններ անում: «.Մշուշ եւ անձրեւ քիչ-քիչ կանհետնին, /Դուն աստվածային աշխարհ ու նշխար.», այսպես է դիմում սիրելի էակին անվերջ ներքին լարվածության մեջ ապրող, փոթորկվող բանաստեղծը: Երկինք ու երկիր գրկել են իրար, աստղերը փայլում են, անուշ բաղձանքն է բանաստեղծի հետ խոսում.

Ի սրտե հոգեկան հանգստություն ես ցանկանում ոգեղեն բառեր անվերջ փնտրող Մանուել Ադամյանի համար: Թող լինի այդ խաղաղությունը.

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4