«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2001-07-05 | #125, 2001-07-06 | #126, 2001-07-07


ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՐՈՀՈՒՄ

Երեկ հանրապետության նախագահը հրամանագիր ստորագրեց Երվանդ Զախարյանին պետեկամուտների նախարար նշանակելու մասինՙ նրան ազատելով տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից: Նույն պաշտոնից ազատված Անդրանիկ Մանուկյանը մեկ այլ հրամանագրով նշանակվեց տրանսպորտի եւ կապի նախարար:

Մինչ այդ, կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց վերջին օրերի ամենաաշխույժ քննարկվող հարցերից մեկի վերաբերյալ: Պետական եկամուտների նախարարությունից տարանջատվեց մաքսային ծառայությունը, որն այսուհետ կկոչվի կառավարությանն առընթեր մաքսային կոմիտե: Ակնհայտ է, որ այս տարաբաժանումը քաղաքական դրդապատճառներ ուներ, քանի որ զուտ նպատակահարմարության տեսակետից ավելի ճիշտ էր հարկային եւ մաքսային ծառայությունների համատեղումը մեկ նախարարության կազմում: Փորձը ցույց տվեց, որ կադրային հաջող նշանակման դեպքում, ինչպիսին էր հավանաբար արդեն նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի նշանակումը, այս համակարգն իրական արդյունքներ կարող է ապահովել:

Կառավարության նիստում որոշվել է նաեւ մեկ տարով երկարաձգել Վրաստանից Հայաստան մուտք գործող մեքենաները ճանապարհային տուրքից ազատելու որոշումը: Ինչպես պարզաբանեց գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը, նպատակը հայկական գյուղմթերքների Վրաստան արտահանումը հեշտացնելն է: Այս տարի սպասվում է կարտոֆիլի, կաղամբի առատ բերք: Գյուղնախարարը հերքեց նաեւ իր պաշտոնանկության մասին լուրերը:

Կառավարությունը որոշել է 3 տարվա ընթացքում միջոցառումներ ձեռնարկել հանրային ռադիոծրագրերը Հայաստանի ամբողջ տարածքում լսելի դարձնելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4