«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2001-07-11 | #129, 2001-07-12 | #130, 2001-07-13


ՍԱՆՏԱ ՄԱՐԻՆԵԼԼԱՅԻ ՀԱՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒՀԻՆ ՆՎԱՐԴ ԶԱՐՅԱՆ

Հռոմից 30 կմ հեռու, ծովեզրյա Սանտա Մարինելլա քաղաքում մեկուսի, առանձնացած կյանքով արդեն 13 տարի ապրում է քանդակագործ Նվարդ Զարյանը: Սանտա Մարինելլայի ստուդիան դարձել է սիրված հավաքատեղի քաղաքի արվեստասերների համար: Հազվադեպ է այցելում Հռոմ եւ քանի որ շատ քիչ շփումներ ունի հայ համայնքի հետ, հայերեն խոսում է միայն աղջկաՙ Ռիտայի հետ, «բլուրի գագաթի ծովեզերքի իր տան վերից է սիրում նայել ծովը»ՙ շրջապատված պարտեզի նստարաններին տեղադրված «Պառկած կինը», «Նստած կինը», «Փոքրիկը գրկին կինը» եւ այլ քարեղենացած իր «հարազատներով»: Կին քանդակագործուհի, որ դժվարորեն է հարթել իր ուղին եւ հռչակն արվեստում ու միշտ իր ստեղծագործությունները հպարտորեն է ներկայացրել իբրեւ հայ արվեստագետ:

Նվարդ Զարյանը վերջին անգամ Հայաստան այցելել է 1987-ին: Իր աշխատանքները ցուցադրվել են Երեւանում, հրատարակվել է կատալոգ: Իր այս վերջին այցին հետաքրքրված էր Երեւանում գտնվող աշխատանքների ճակատագրով, երախտագիտությամբ է հիշում սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանին, որ նրան այդ տարիներին օգնել էր ստուդիայի համար հողատարածք տրամադրելու հարցում, սակայն անհասկանալի պատճառներով այդ տարածքը ետ էին վերցրել: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ լինելով հայրենիքում, շատ փոփոխություններ է նկատում. «Մերին անուշ կիները դարձեր են եվրոպականՙ հագուստները, կոշիկները ստանդարտ կդառնա, իրենց հայկական անուշիկ կինությունը կորցրեր են, ինձի համար նույնն են, ինչպես իտալացի կիները, մինչդեռ հայ կինը տարբեր էր»:

Նվարդ Զարյանը ծնվել է Իտալիայի Ֆիորենցիա քաղաքում, արվեստագետ ծնողների ընտանիքում: Հայրը հայ տաղանդավոր գրող Կոստան Զարյանն էր, մայրը երաժիշտ էր, դաշնակահարուհի: Մեծանալով արվեստի մթնոլորտում, նա ստացել է եվրոպական հիմնավոր կրթություն: 1922 թ. ընտանիքով Երեւանից տեղափոխվել են Փարիզՙ կրելով սփյուռքահայերին բաժին ընկած բոլոր դժվարությունները: 1934 թ. վերջնականապես հաստատվելով Իտալիայումՙ հաճախում է նախ Պրերայի, ապա Վենետիկի արվեստի վարժարանները: Ուսանում է Հռոմի գեղարվեստից ակադեմիայում, ճարտարագիտության բարձրագույն դպրոցում: Պատերազմի տարիներին շարունակում է աշխատել դժվարին պայմաններում, մենակ, նորածին դստեր հետ: Ամուսինըՙ նկարիչ, քանդակագործ Մարիո Չիմարային, մեկնել էր պատերազմ: Իտալիայում այն ժամանակ դժվար էր «կին եւ միաժամանակ քանդակագործ ըլլալ», չէր ընդունվում: Եվ միայն 1945 թ. «Մայրություն» եւ «Մերկը» քանդակներիՙ Թերնի Մանցոնքելլի պալատում ցուցադրության առիթով գրվեց առաջին եւ դրվատելի հոդվածը, չիմանալով, որ հեղինակը կին է (աշխատանքների մեծածավալությունը եւ ներքին ուժը տղամարդ քանդակագործի տպավորություն էին ստեղծել:

Պատերազմի ավարտից հետո Նվարդ Զարյանը սկսում է մասնակցել ինչպես հավաքական, այնպես էլ կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ (Հռոմում, Վիեննայում, Միլանում, Կոպենհագենում, Օսլոյում եւ այլուր)ՙ արժանանալով բարձր գնահատանքի եւ մրցանակների, այդ թվում նաեւ առաջին մրցանակի, բացառիկ նրանով, որ տրվել էր կին քանդակագործի: Զարյանի անձնական մասնավոր ցուցասրահը («LA CASSAPANCA») բացվում է 1951 թ.: 1960 թ. հորՙ Կոստան Զարյանի հետ 30 տարիների բացակայությունից հետո այցելում է Հայաստան, ծանոթանում եւ համագործակցում Հայաստանի նշանավոր ճարտարապետների, նկարիչների, հնագետների հետ, ստեղծում իր տուֆե քանդակները: Այդ տարիներին դասավանդելով Հռոմի արվեստի վարժարանումՙ միեւնույն ժամանակ աշխատում է իր խմբաքանդակների վրա, շարունակում կազմակերպել ցուցահանդեսներ: Տարիներ անց հրավիրվում է հայրենիքՙ աշխատելու Հայաստանը ներկայացնող «Մայրություն» մեծածավալ ստեղծագործության վրա: Ցավոք, այս աշխատանքի հետ կապված տխուր հիշողություններ ունի տկն Զարյանը: «Եղբայրսՙ Արմեն Զարյանը, բուլվար կնախագծեր հոս: Փոքրիկ ստուդիո մը տվին իր մոտ: 2 ամիս կեցա հոս եւ ըրի այս քանդակին մակետը (3,5 մ), բուլվարին վերը (Գլխավոր պողոտա) պիտի դրվեր «Մայրություն» 10 մ բարձրությամբ քանդակը: Եկան ճարտարապետները եւ հիացած էին, գտած էին քարը, որ ես կուզեի, կարմիր, գոց գույնի քարը, կտրած էին կտորը: Ես մեկնեցա, որովհետեւ ակադեմիայի պրոֆեսոր էի, աշխատանք ունեի: Երբ որ կոմունիզմը ընկել է, քանդել էին, նետել էին»:

Նվարդ Զարյանի առայժմ վերջին ցուցահանդեսը 1996 թ. Սանտա Մարինելլայի ծովափին գտնվող միջնադարյան (X դ.) սքանչելի բերդի մեջ կազմակերպվեց: Հայ մշակույթը ճանաչելի դարձնելու առումով շատ ուսանելի ու կարեւոր այս ցուցահանդեսն ընդգրկում էր Նվարդ Զարյանի քանդակները, ինչպես նաեւ կազմակերպվել էր լսարան հայ ճարտարապետության վերաբերյալ, ուր ներկայացված էին հայոց եկեղեցիներն ու խաչքարերը (նաեւՙ Իտալիայի)ՙ լուսանկարներով, իրենց պատմությամբ: Այս ցուցահանդեսի առիթով իտալացի արվեստաբան Ֆորենցա Թրուչին «Frera letteraria» հանդեսում գրում է. «Իր աշխատանքի եւ իր հղացումի ժամանակ նա հաղթահարում է ամեն փորձություն, որ կարող էր իրեն հեռացնել այն իրական ու քնարական աշխարհից, որոնցով ողողված էին ներկայացված կանայք, ի՜նչ քնքշություն եւ միաժամանակ վճռականություն կա կանացի այդ բոլոր տիպարների մեջ: Մարմարով, ցեմենտով, հանքաքարերի կույտերով շաղախված այս զանգվածներից ծնվել են մայրերՙ զավակները գրկներին»:

Սանտա Մարինելլայիՙ թանգարանի վերածված իր գեղեցիկ տան առանձնության մեջ ապրող ու ստեղծագործող 80-ն անց հայ քանդակագործուհին քաղաքի շատ ճանաչված ու գնահատված անձերից է: Երբ 1982 թ. Սանտա Մարինելլայի լեռնասահքի վթարը պատահեց, զոհվածների հիշատակին նվիրված քանդակի համար քաղաքի բնակիչները նրան դիմեցին: Եվ 2000 թ. աշնանն իր «Փոքրերի շուրջպարը մեռած ծառի շուրջը» աշխատանքը տեղադրվեց Սանտա Մարինելլայի հրապարակներից մեկում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4