«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2001-07-13 | #132, 2001-07-17 | #133, 2001-07-18


ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐԱՐԸ

Այս անգամ դատի կտա Արդշինբանկին

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Ալավերդու գարեջուր» ԲԲԸ նախագահ Հակոբ Ճարոյանը դիմեց Արդշինբանկի գլխավոր տնօրենինՙ բանկից մինչ ձեռնարկության սեփականաշնորհումը վերցրած վարկի եւ նրա տոկոսների մարման վերաբերյալ տեղեկանք ստանալու խնդրանքով: Խոսքը ձեռնարկության բաժնետոմսերի թողարկման ազդագրում նշված 4 մլն 865 հազ. դրամի մասին է, որը նոր սեփականատերը վճարել է սեփականաշնորհման պայմանագիրը կնքելուց մի քանի օր առաջ: Այդ տեղեկանքը Հակոբ Ճարոյանին անհրաժեշտ էր Էկումենիկ եկեղեցական վարկային հիմնադրամ ներկայացնելու համար: Վերջինս պատրաստակամություն էր հայտնել 25 հազ. դոլար վարկ տրամադրել գործարանի վերագործարկման նպատակով: Սակայն Արդշինբանկը ոչ միայն տեղեկանքը չի տրամադրում, այլեւ որոշում է առիթը չկորցնելով եւս մի «փոքր» գումար ձեռք գցել: Բանկի պատասխանում նշվում է այդ «փոքր» գումարի չափըՙ 2 մլն 792 հազ. դրամ, որն իբր պարտք է «Ալավերդու գարեջուր» ընկերությունը Արդշինբանկին: Նման պատասխանը զարմացնում է ընկերության նախագահին, եւ նա խնդրում է պարզաբանումներ ներկայացնել պարտքի առաջացման վերաբերյալ: Արդշինբանկի պատասխան գրությունն իր անհեթեթությամբ գերազանցում է առաջին գրությանը:

«Պարզաբանման» մեջ բացատրվում է, որ համաձայն իրենց տնօրենի հրամանի, այդ փաստաթղթերը ստանալու համար ձեռնարկությունը պետք է համապատասխան վճարումներ կատարի: Այսինքն վճարիր, որպեսզի իմանաս, թե ինչքան պետք է վճարես: Նման պատասխանը դրդում է Հակոբ Ճարոյանին սեփական հետաքննությունն անցկացնել վարկի մասին ամբողջ տեղեկատվությանը տիրապետելու համար:

Պարզվում է, որ վարկը տրամադրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Այն նախկին տնօրենին տրվել է հումք ձեռք բերելու նպատակով, սակայն փոխարենը փակվել է էլեկտրաէներգիայի պարտքը, գնվել տրանսֆորմատոր եւ մազութ: Դրանով խախտվել են կառավարության եւ Կենտրոնական բանկի մի շարք որոշումներ, որոնց հիմնական էությունն այն է, որ ստացված վարկով նախ եւ առաջ պետք է մարվեն պետբյուջեի պարտքերը: Դա, բնականաբար, չի կատարվել: Սակայն տարօրինակն այլ է: Ինչո՞ւ Արդշինբանկը վարկի ստացումիցՙ 1995 թ.-ից ի վեր որեւէ անգամ չի պահանջել իր գումարները եւ 6 տարի անց, որից 4 տարինՙ ժամկետանց, հանկարծ հիշել է այդ մասին: Սա եւս մեկ ապացույց է, որ վարկի հետ կապված վերոնշյալ խախտումներն ակնհայտ են, եւ այս տարիների ընթացքում նախընտրելի էր այդ մասին չխոսել: Մյուս կողմից սակայն չէր կարելի վարկ ստանալու շեմին գտնվող գործարարին «պլոկելու» պահը կորցնել: Փույթ չէ, որ դրանով խախտվում էր ՀՀ ԿԲ սահմանված մեկ այլՙ «ՀՀ տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձեւավորման կարգի մասին» կարգը, որտեղ ասվում է, որ «բանկի 180 օրից ավելի ժամկետանց վարկերի գումարը դուրս է գրվում նրա հաշվեկշռից... եւ դադարեցվում է տոկոսների հաշվարկը»: Այս փաստերի վերհանումից հետո, զանազան գերատեսչությունների (էլեկտրացանց, ջրմուղի տեղական բաժանմունքներ, պետական գույքի կառավարման նախարարություն) ապօրինի գործողությունների դեմ դատավարությունների հարուստ եւ հաջող փորձ ունեցող Հակոբ Ճարոյանը մտադիր է դիմել դատարան: Նա համոզված է, որ այս դատը եւս կշահի: «Ալավերդու գարեջրի» նախագահը դատարանից պահանջելու է անվավեր ճանաչել 1995-ին կնքած վարկային համաձայնագիրը եւ փոխհատուցել Արդշինբանկից իրեն պատճառած վնասը, որը նրա հաշվարկով կազմել է 3 մլն 629 հազ. դրամ:

Ինչ վերաբերում է բուն ձեռնարկության գործունեությանը, ապա վաղուց արդեն կսկսեր իր աշխատանքը, եթե չլինեին պետական չինովնիկների հարուցած խոչընդոտները, երկարատեւ դատական գործընթացները: Դժբախտաբար, այս անգամ արդեն նրանց է միացել նաեւ մասնավոր կառույցըՙ բանկը, ինչը հնարավորություն չի տալիս տեղական արտադրողին առնվազն 60-70 աշխատատեղ ստեղծել գործազրկության մեծ ծավալներ ունեցող Ալավերդի քաղաքում: Այդուհանդերձ, Հակոբ Ճարոյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է լիմոնադի արտադրությունը: Առաջին երեք օրում թողարկված արտադրանքըՙ 10 հազ. շիշ, ամբողջությամբ սպառվել է, բացվել է 15 աշխատատեղ: Վերանորոգման ընթացքում է մակարոնեղենի արտադրամասը: Նախատեսվում է հոկտեմբերից սկսել հիմնական արտադրանքիՙ գարեջրի թողարկումը: Մի խոսքով, ծրագրեր կան եւ դրանք իրատեսական են: Միայն թե հերթական անգամ հերթական կազմակերպության (պետական կամ մասնավոր) ներկայացուցչի խելքին չփչի սեփական գրպանը ուրիշի հաշվին լցնել: Ինչպես ցույց է տալիս փորձը, այս դեպքում դրանից նախ եւ առաջ կտուժի ինքը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4