«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


ՀԱՅ ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԸՙ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՆԱՏՈԼԻ ԶԻՆԵՎԻՉ

Օգոստոսի մեկին լրացավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի մահվան մեկ տարին: Նա իր կյանքի վերջին տասը տարիները նվիրեց Հայաստանի զինված ուժերի կայացմանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը: «Խոր վշտով ընդունեցինք ականավոր ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիմիրի Զինեւիչի մահվան գույժը: ԼՂՀ իշխանությունները, արցախահայությունը բարձր են գնահատում Ա. Զինեւիչի ավանդը մեր բանակի հաստատման եւ զորացման գործում, թշնամու դեմ ձեռք բերված հաղթանակում... Նրա հիշատակը միշտ վառ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ», գրված էր ԼՂՀ իշխանությունների մահախոսականում:

Անատոլի Զինեւիչը ծնվել է 1932 թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում: 1953 թ.-ին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1975-1976 թթ. իբրեւ ռազմական խորհրդատու ծառայել է Սոմալիում եւ Եթովպիայում: Հինգ տարի կռվել է Աֆղանստանում, 1983-1986 թթ. Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էր: 1992-ի հունիսից մինչեւ 1997-ի մայիս գեներալ Զինեւիչը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, նախ որպես պաշտպանության նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994-իցՙ ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ: 1997-ին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 1995-ին պարգեւատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:

Ղարաբաղում գեներալին բոլորը սիրով «Դեդ» էին ասում: Երբ հարցնում էին, թե ինչո՞ւ եկավ երեք օրով եւ մնաց տարիներ, նա կարճ պատասխանում էր. «Դուք չեք տեսել 1992-ի ամռանը այդ մարդկանց աչքերը, փախստականների դեմքերը: Ոչ մի խուճապ չկար, միայն հուսահատություն... Ինչ-որ բան կոտրվեց հոգուս մեջ, չկարողացա ղարաբաղցիներին մենակ թողնել, մնացի»: Մնաց Ղարաբաղում հինգ տարիՙ վայելելով հրամանատարների, հազարավոր զինվորների, հասարակ մարդկանց հարգանքն ու սերը: Որքան պրոֆեսիոնալ էր ռազմական գործում, նույնքան ձգտում էր նոր գիտելիքներ ձեռք բերել եւ ամենակարեւորըՙ իմացածը փոխանցել ուրիշներին: Եվ Վազգեն Սարգսյանը, եւ Սերժ Սարգսյանը գեներալ Զինեւիչին իրենց ուսուցիչն են համարել: Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել էր. «Գեներալ Զինեւիչը Հայաստանին ամենահավատարիմ հայն է: Դա իրոք, այդպես է: Նա իմ, Սերժի, Սամվելի ուսուցիչն է: Զինեւիչը ամենածանր ժամանակներում չլքեց Ղարաբաղը, այնպես որ մենքՙ հայերս, շատ բանում պարտական ենք այդ մարդուն: 1992-ի հունիսին ես խնդրեցի Անատոլի Վլադիմիրովիչին երեք օրով գալ Հայաստան, տեսնել, թե մեր տղաները ինչպես են կռվում: Նա ահա քանի տարի Ղարաբաղում է: Քանի՞ հայ սպայի եմ ուղարկել Ղարաբաղ: Նրանցից շատերը երեք օրից ավելի այնտեղ չմնացին...»:

Երեւի կգա ժամանակը, եւ հայ ազգի նվիրյալ գեներալ Զինեւիչի գործունեությունը իր արժանի տեղը կգտնի Հայաստանի զինված ուժերի պատմության էջերում:

Գնդապետ Արամ Պահլավունին երկար տարիներ կողք-կողքի աշխատել է Անատոլի Վլադիմիրովիչի հետ եւ սիրով է հիշում «Դեդին»:

- 1992-ին, այն ծանր օրերին, երբ նահանջում էինք, եւ Վազգեն Սարգսյանը մահապարտների ջոկատ հավաքելու կոչ արեց, Անատոլի Վլադիմիրովիչը արդեն Ղարաբաղում էր: Մարդակերտը թողել էինք... Հասանք Խաչեն գյուղի կամրջին: Անատոլի Վլադիմիրովիչը կանգնեցրեց մեքենան ու ասաց. «Եթե այս գետը եւ այս կամուրջը հանձնենք, ապա Ղարաբաղն էլ կհանձնենք»: Հարցրեցի, ի՞նչ եք առաջարկում: Ասաց. «Չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես մնում եմ: Սա իմ չորրորդ պատերազմն է: Երեքում ես հաղթել եմ եւ չորրորդը չեմ կարող պարտվել: Նման իրավունք մենք չունենք: Սկսենք կազմակերպել պաշտպանությունը: Հրամանատարներին հավաքեք այստեղ: Թող զինվորները հանգստանան, իսկ մենք այստեղ խելք խելքի տանք, թե ինչ է պետք անել...»: Եվ այդպես սկսվեց Սրխավենդ-Կիչան պաշտպանական գիծը, որը հետագայում Մարդակերտի ազատագրման հենարանը դարձավ: Եթե գեներալ Զինեւիչը մինչեւ Ղարաբաղ գալը ոչինչ արած չլիներ, ապա միայն «ղարաբաղյան տարիները» բավական էին, որպեսզի նա ըստ արժանվույն գնահատվեր որպես Լեռնային Ղարաբաղիՙ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի հիմնադիրներից մեկը, առանց որի դժվար է պատկերացնել արցախյան բանակը:

Ի՞նչն էր դրդում ռուս գեներալին օտար ազգի բանակում նման նվիրվածություն ցուցաբերել: Այս հարցը նրան հաճախ էին տալիս: Գեներալի պատասխանը մեկն էր. «Արհեստավարժ զինվորականը հայրենիքին ծառայելուց զատ երդում է տալիս իր զենքը ծառայեցնել ճշմարտությանը, արդարության վերականգնմանը»: Այս խոսքերն ասում էր բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության տեր մի զինվորական, ով անգամ հասուն տարիքում շարունակում էր հղկել մասնագիտությունը, խորացնել գիտելիքները: Գեներալ Զինեւիչի «ակադեմիաները» ավարտել են շատերը, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանի զինված ուժերի համակարգը եւ հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում ազգային բանակի տարբեր զորամասերում:

Հայ ազգի նվիրյալ Անատոլի Զինեւիչի աճյունը հանգչում է Ռուսաստանում, Կովրով քաղաքում, թեեւ գեներալը սիրում էր ասել, որ Վազգենը Եռաբլուրում նրան մի լավ տեղ է հատկացրել: Գեներալ Զինեւիչի մարտական ընկերներն ու բարեկամները, ցավոք, հնարավորություն չունեն այցելելու նրա շիրիմին, սակայն անջնջելի է նրա պայծառ հիշատակը երախտապարտ հայերի սրտերում:

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4