«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2001-07-31 | #143, 2001-08-01 | #144, 2001-08-02


ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գերմանիայում բնակվող թուրք հայտնի պատմաբան եւ հասարակագետ Թաներ Աքչամը Փարիզի «Մոնդ դիպլոմատիկ» ամսաթերթի հուլիսյան համարի երկու էջերում վերլուծական հոդված է հրապարակել «Պաշտոնական պատմության ծնունդը. Հայոց ցեղասպանության արգելված թեման հետապնդում է թուրք հասարակությանը» վերնագրով: Պատմաբանը հայտնի է նաեւ որպես իրավապաշտպան: Խոսելով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, Աքչամը միաժամանակ պարզաբանում է. «Կոտորածների ընդունումը Թուրքիայի համար կնշանակեր խոստովանել, որ ներկայիս պետությունը կառուցած հերոսներից ոմանք նաեւ մարդասպաններ են եղել: Երկրի պատմության ամբողջ պատկերը կփլուզվեր»:

Զարմանալի չէ, որ «ցեղասպանություն» բառը նման հիվանդագին զայրույթով է ընկալվում Թուրքիայում, թեեւ, ինչպես գրում է Աքչամը, «պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը տասնյակ անգամներ խոսել է այդ մասին, դատապարտելով նողկալի կոտորածները եւ պահանջելով հանցագործների պատիժը»: Հեղինակը նշում է, որ 1878-1918 թթ. կորցնելով Օսմանյան կայսրության տարածքի 85 եւ բնակչության 75 տոկոսը, թուրք ղեկավարներն ամբողջ մեղքը բարդեցին հայերի վրա: «Իրականում Մուստաֆա Քեմալը լայնորեն օգտվում էր հայկական կոտորածների համար փնտրվող երիտթուրքական կուսակցության անդամների աջակցությունից», գրում է Թաներ Աքչամը: Տեղահանության գլխավոր կազմակերպիչներից մեկըՙ Շուքրու Քայան Աթաթուրքի օրոք դարձավ ներքգործնախարար եւ ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար: Բիթլիսի եւ ապա Հալեպի նահանգապետ եւ դահիճ Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան դարձավ նախարար եւ Ազգային ժողովի նախագահ: Դիարբեքիրի դահիճ Ազիֆ Ֆեւզին 1922-1923 թթ. դարձավ տարածքային կառավարման նախարար:

Հայոց ցեղասպանությունն արգելված թեմա է Թուրքիայում, եւ պատճառներից մեկը վերոհիշյալ փաստերն են: «Հայրենիքը փրկած մեծ հերոսներից» ոմանք եղել են մարդասպաններ ու կողոպտիչներ: Այս իրողության ընդունումը կքայքայեր թուրքական հասարակությունը, սասանելով հանրապետության եւ ազգային ինքնության հիմքերը: Բայց ժողովրդավարական արժեքները պահանջում են սահմանազատվել երկրի անցյալի որոշ դրվագներիցՙ դրանք խոստովանելու միջոցով:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4