«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԵՏՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Մենք պլանավորում ենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Ռուսաստանի հանրային հեռուստաալիքի (OPT) մետրային հեռարձակումը Հայաստանում», վստահեցրեց երեկ ՌԴ մամուլի, հեռուստատեսության ու ռադիոյի սփռման եւ զանգվածային հաղորդակցության միջոցների նախարար Միխայիլ Լեսինը հայ լրագրողներինՙ իր եւ OPT-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստիՙ Երեւան կատարած պաշտոնական այցի ավարտին:

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության մետրային հեռարձակման վերականգնումը Հայաստանի տարածքում այս պաշտոնական այցի թերեւս գլխավոր խնդիրն էր: Այցի շրջանակներում հյուրերը հանդիպել են ՀՀ նախագահին, իրենց հայ գործընկերներին: «Ռուսաստանում մեր հեռուստաընկերությանը բաժին է ընկնում հեռուստադիտողների ամենամեծ տոկոսը, եւ չնայած պետությունն ունի բաժնետոմսեր, մենք բյուջեից դրամ չենք ստանում, գոյատեւում ենք սեփականՙ գովազդային միջոցներով: Այս առումով մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսությունը, հասարակությունը դինամիկ պիտի զարգանան եւ այդ պատճառով էլ շատ էինք կամենում վերականգնել հեռարձակումը», նշեց Կ. Էռնստը:

Պրն Լեսինը տեղեկացրեց, որ առաջին խնդրից բացի որոշում է ընդունվել նաեւ ՀՀ կապի եւ ՌԴ մամուլի նախարարությունների միջեւ մի համաձայնագրի ստորագրման մասին, որը պիտի նպաստի փոխհամագործակցությանն ու սրա ընդլայնման հնարավոր տարբերակների մշակմանը ռադիոհեռուստահաղորդակցության ոլորտում:

Գալով դեռեւս «Զվարթնոց» օդանավակայանում արված իր հայտարարությանը, թե իրենք կաշխատեն, որ հայաստանյան ԶԼՄ-ներն առավել լավ ներկայացված լինեն Ռուսաստանում, պրն նախարարն ասաց, թե դա պետք է նկատի առնել հայկական ու ռուսական հեռուստաալիքների համատեղ աշխատանքն արտասահմանյան հեռարձակում ապահովելու խնդրում, ինչպես ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, Ռուսաստանում լույս տեսնող հայկական տպագիր լրատվամիջոցներին ցուցաբերվող աջակցություն, Ռուսաստանում առկա կաբելային ցանցերում հայկական ռադիոալիքի հնարավոր գործարկում:

Ամփոփելով իրենց հանդիպումներն ինչպես նախագահ Քոչարյանի, այնպես էլ այլ պաշտոնական այրերի հետՙ թե՚ Մ. Լեսինը, թե՚ Կ. Էռնստը նշեցին, թե իրենք իրենց գործունեության ողջ ընթացքի կտրվածքով դժվարանում են հիշել նույնքան արդյունավետ, դյուրին քննարկումներ, բանակցություններ, ինչպիսին ունեցան Հայաստանում: Պրն Էռնստը մասնավորապես նշեց, թե երկու կողմերն էլ ակտիվորեն իրար ընդառաջ էին գնում, եւ սա բացատրեց նախագահներ Պուտինի ու Քոչարյանի միջեւ նախապեսՙ Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4