«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2001-10-18 | #190, 2001-10-19 | #191, 2001-10-20


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Սակայն դրանք բախվում են «Արմենտելի» մենաշնորհին

10 տարի առաջ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, նրա նախկին հանրապետությունները փորձեցին պահպանել տարբեր ոլորտներում ստեղծված ընդհանուր կառույցները: Նման փորձերից էր միջռեգիոնալ համագործակցության պայմանագիրը, որը վերաբերում էր արբանյակային կապի համակարգին: Այդ պայմանագրի 10-ամյակի առիթով Երեւան էին ժամանել եւ երեկ իրենց ծառայություններն այս ոլորտում ներկայացրին «Տիեզերական կապ» Ռուսաստանի դաշնային պետական ձեռնարկության ներկայացուցիչները: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Հայաստանում էին նաեւ ՌԴ մամուլի նախարարը եւ OPT հեռուստաալիքի գլխավոր տնօրենը: Այդ փաստը, ինչպես նաեւ «Տիեզերական կապի» մարկետինգի բաժնի պետ Քսենյա Դրոզդովի հաղորդումը, որ իրենց ձեռնարկությունը նախ եւ առաջ մտադիր է իր ծառայություններն առաջարկել ԱՊՀ երկրներին, թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանը որոշակի հետաքրքրություն ունի Հայաստանում նաեւ այս բնագավառում:

Ձեռնարկությունը ստեղծվել է 1976-ին, Ռուսաստանում արբանյակային կապի հիմնական օպերատորն է եւ սպասարկում է այդ շուկայի 64 տոկոսը: Եկող տարի կզբաղեցնի 68 տոկոսը, ոչ թե այլ օպերատորներին դուրս մղելու, այլ ծառայությունների ընդլայնման շնորհիվ: 2000 թ. «Տիեզերական կապի» շահույթը կազմել է 58 մլն դոլար: Ռուսաստանի արբանյակային կապի առաջատարն աշխարհի 47 օպերատորներից 15-րդն է: 2002-2004 թթ. նախատեսում է ծառայություններ մատուցել լրացուցիչ տարածքների համար, ինչը հնարավոր կլինի եւս 7 արբանյակ արձակելով: Ձեռնարկության կողմից հեռարձակվում են հիմնական դաշնային հեռուստաալիքներըՙ OPT-ն, HTB-ն, TB-6-ը, «Hjccbz»-ն, «Rekmnehf»-ն: Տեղեկացնելով այս մասին, ձեռնարկության մարկետինգի բաժնի պետը հնարավոր համարեց Հայաստանին տարբեր ծառայությունների մատուցումը, ինչի շուրջ նրան բազմաթիվ հարցեր ուղղվեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության (որը կազմակերպել էր այս միջոցառումը), ինտերնետ ծառայություններ մատուցող պրովայդեր ընկերությունների, «Արմենտելի» ներկայացուցիչների կողմից: Բնականաբար, բացի տեխնիկական հնարավորություններից, նրանց գլխավորապես հետաքրքրում էր այս կամ այն ծառայության սակագինը: Այն, ի դեպ, հաճախ բազմակի ցածր էր Հայաստանի օպերատորիՙ «Արմենտելի» սակագներից: Օրինակՙ Երեւանից Վաշինգտոն տիեզերական երկկողմանի ծառայությունը կարժենա ամսական 8 հազար դոլար, մինչդեռ «Արմենտելի» առաջարկած համանման ծառայության գինը 60 հազար դոլար է: Նույն «Արմենտելը» երեկ այն պատն էր, որին բախվում եւ ոչնչանում էին ռուսական ընկերության ներկայացուցիչների համագործակցության բոլոր առաջարկները: Տեսնելով այդ կացությունը, տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչը հարկադրված եղավ կեսկատակ-կեսլուրջ ազդարարել, որ այս ոլորտում «Արմենտելի» մենաշնորհը կվերանա 2004 թ. մարտի 3-ին, եւ այդ ժամանակ էլ «Տիեզերական կապի» նոր արբանյակներն արդեն տիեզերքում կլինեն, որից հետո ռուսական ընկերությունն առարկայական համագործակցության հնարավորություն կունենա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4