«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2001-10-18 | #190, 2001-10-19 | #191, 2001-10-20


ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՎԵՐԱՑՈՒՄՆ Է

Կարծում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների աջակցման խորհրդի քարտուղարը

Հայաստանում ինտերնետ ծառայությունների մատուցման ցածր որակին եւ բարձր սակագներին «Ազգը» քանիցս անդրադարձել էՙ ներկայացնելով ոլորտը ներկայացնող մասնավոր ընկերության, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսակետներն ու մոտեցումները: Հիշեցնենք խնդրի էությունը. նաեւ այս ոլորտում մենաշնորհ ունեցող «Արմենտելը» հրաժարվում է միջազգային ելքի կապուղիներ տրամադրել պրովայդեր կազմակերպություններին: «Արմենտելի» պարզաբանումներն ու պաշտոնական տեսակետը նույնպես ակնկալում ենք ստանալ: Իսկ մինչ այդ որոշեցինք տեղեկանալ եւս մեկ շահագրգիռ կողմիՙ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված ինֆորմացիոն տեխնոլոգիաների (ԻՏ) աջակցության խորհրդի դիրքորոշմանը: Այն ներկայացրեց խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նաեւ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարն է:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ խորհրդի աշխատանքային խմբերից մեկը զբաղվում է այդ խնդրով եւ մշտական շփումների մեջ է ե՚ւ «Արմենտելի», ե՚ւ տրանսպորտի ու կապի նախարարության հետ: Նա հավաստեց, որ ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում զարգանա առողջ բիզնեսը, եւ բոլոր պրովայդերներն ունենան հավասար պայմաններ: Սակայն թե ե՞րբ կարելի է ակնկալել խնդրի լուծումըՙ որոշակի պատասխան չստացանք: ԻՏ աջակցման խորհրդի քարտուղարի կարծիքով, նկատի ունենալով «Արմենտել»-ՀՀ կառավարություն հարաբերությունների լարված վիճակը, դժվար է որոշակի ժամկետներ նշել: Հնարավոր չէ նաեւ կանխատեսել, թե ինչ ճանապարհով կարելի է լուծումներ ակնկալել, քանզի «հնարավոր է, որ «Արմենտելը» չլինի, լինի մեկ այլ ընկերություն կամ «Արմենտելը» մնա եւ ինչ-որ զիջումների գնա»: Համենայն դեպս, ըստ Արմեն Գրիգորյանի, նախագահն ու կառավարությունը վճռական են տրամադրված: Դեռեւս փետրվար ամսին, երբ բարձրացվեց Հայաստանում ինտերնետ ծառայությունների գների հարցը (որոնք բազմիցս գերազանցում են միջազգային գները), նախագահի կողմից պահանջ դրվեց մինչեւ տարեվերջ լուծումներ գտնել: Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը հուսով է, որ դա հնարավոր կլինի կատարել: Նրա կարծիքով, ընդհանրապես ավելի լավ է մի փոքր տուժել, բայց «տալ դրական լուծում»: Այդպիսին համարվում է «Արմենտելին» մենաշնորհից զրկելը, քանի որ «մենաշնորհային դիրքը միշտ խանգարելու է Հայաստանում հեռահաղորդակցության զարգացմանը»: Հատկապես ներկա ժամանակներում, երբ այս ոլորտը սրընթացՙ «օրերով եւ ոչ թե ամիսներով» զարգանում է, կարելի է ենթադրել, թե ինչ տեղի կունենա, եթե մենք հետ ընկնենք: Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն ինտերնետ ծառայություններին, այլեւ հեռահաղորդակցության մյուս տեսակներինՙ բջջային, կաբելային հեռախոսակապին: Մասնավորապես բջջային կապը, որը հնարավորություն է տալիս էժան միջոցներ ներդնելով հսկայական շահույթներ ստանալ: Այստեղ նոր ուղղությունն է կապի ապահովումն անկախ այս կամ այն երկրում գտնվելուց կամ համատեղ բջջային, ինտերնետ կապի ու այլ ծառայությունների ապահովումը: Սրանք արդեն կիրառվում են զարգացած երկրներում: «Պատկերացնո՞ւմ եք, նստենք ու սպասենք, «Արմենտելը» սա կիրառելո՞ւ է, թե՞ ոչ: Դա նույնն է, որ ինքներս կործանենք մեր երկիրը», նշում է Արմեն Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե հնարավոր չէ՞, որ «Արմենտելը» մենաշնորհը պահպանի, սակայն թույլ չտրվի չարաշահել, նկատի ունենալով, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ է զբաղվում այս հարցով, ԻՏ խորհրդի քարտուղարը բացասական պատասխանեց: «Այժմ բոլորն էլ զբաղվում են այդ հարցով: Ե՚վ մենք ենք զբաղվում, ե՚ւ տրանսպորտի ու կապի նախարարությունը, ե՚ւ Ազգային ժողովը, ե՚ւ գործարարները: Սա այնպիսի ոլորտ է, որ բոլորի շահերին է առնչվում: Երբ դրսում տեսնում ես ինտերնետի, բջջային կամ սովորական հեռախոսակապի որակն ու հնարավորությունները, գալիս ես մեզ մոտ, ուղղակի հիասթափվում ես», նշեց մեր զրուցակիցը եւ ավելացրեց, որ «Արմենտելի» մենաշնորհի առկայությամբ հարցի կարգավորումն ինքը կհամարեր վատագույն տարբերակը: «Բնականաբար լավագույն տարբերակը կլիներ, եթե մենաշնորհը վերացվեր», եզրափակեց նա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4