«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2001-10-23 | #194, 2001-10-25 | #195, 2001-10-26


2002 Թ. ԲՅՈՒՋԵՆ ԱՌԱՆՑ SAC-ԵՐԻ

Երեկ կառավարությունում քննարկվեց այս տարվա բյուջեում փոփոխությունների կատարման հարցը: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, այս տարվա 7 մլրդ դրամ թերակատարման հետեւանքով 3-րդ եռամսյակում նախատեսված, բայց չկատարված ծախսերը տեղափոխվել են 4-րդ եռամսյակ: Դա հնարավոր է դարձել լրացուցիչ ստացված գումարների շնորհիվ: Կենտրոնական բանկը 4 մլրդ դրամ գումար ավելի է տրամադրել պետբյուջեին, քան նախատեսված է եղել, «հողի վաճառքից ավելի գումար է ստացվել» եւ այլն:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նաեւ որոշակի տեղեկություններ հայտնեց 2002 թ. պետբյուջեի քննարկած եւ կառավարության հաստատմանը ներկայացրած նախագծից: Եկող տարվա պետբյուջեի ծախսային մասը, ըստ նախնական տարբերակի, կկազմի 248 մլրդ դրամ, եկամտայինըՙ 217 մլրդ դրամ: Այս բյուջեի նորույթն այն է լինելու, որ դրա կատարումը չի կապվելու SAC վարկերի ստացման հետ: Վարդան Խաչատրյանը դա բացատրեց նրանով, որ սպասելով վարկին, պարտքեր ենք կուտակում: 1999-ին ունեցանք 27 մլրդ դրամ, 2000-ինՙ 10 մլրդ դրամ: Երկու տարվա արդյունքում 20 մլն դոլար ստանալու համար 37 մլրդ դրամ պարտքեր էին կուտակվել:

Սակայն Հայաստանի իշխանությունները դեռեւս ամբողջությամբ չեն հրաժարվում այդ վարկերից: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ SAC-IV-ի երկրորդ տրանշն ամենայն հավանականությամբ կստանանք մինչեւ դեկտեմբերի կեսերը: Վերջինՙ երրորդ տրանշըՙ 20 մլն դոլարը, որը պետք է ստացվի ԲԷՑ-երի սեփականաշնորհումից հետո, հավանաբար այս տարի չենք ստանա: Այն, ինչպես նաեւ SAC-V-ը ստանալու դեպքում կառավարությունը կուղղի դրանք նախորդ պարտքերի մարմանը: Ինչ վերաբերում է երկրի տնտեսական վիճակը բնութագրող գլխավոր ցուցանիշներից մեկինՙ համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ), ապա եկող տարի ակնկալվում է 6 տոկոս աճ: Երեկ Վարդան Խաչատրյանի արտահայտած հույսերից մեկն էլ այն էր, որ կբարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերը եւ կենսաթոշակները: «Որքան հնարավոր լինի», ավելացրեց վերջում նախարարը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4