«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2001-10-27 | #197, 2001-10-30 | #198, 2001-10-31


ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՄՍԱԹԵՐԹՙ «ՄԵՂՎԻԿ»

Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն ունեցավ իր համանուն ամսաթերթը, որի առաջին համարը լույս տեսավ օրերս: Ճիշտ է, «Մեղվիկը» հրատարակվել է ոչ զանգվածային տպաքանակովՙ 100-ից պակաս օրինակ, բայց նրա ստեղծումն ինքնին մի կարեւոր քայլ է իր անվանը համապատասխանող այս կենտրոնի սաների համակողմանի զարգացման եւ նրանց ստեղծագործական ակտիվության խթանման ճանապարհին: Առաջին համարը բացվում է ժրաջան մեղվիկցիների հիմնով, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը կենտրոնի տնօրեն Վեհանուշ Հովհաննիսյանն է: Համարում պատանի լրագրողների տպագրած նյութերը պատմում են մասնավորապես ամռանը Եղնաջուրում, Ղրիմի «Կաստրոպոլ» միջազգային խաղաղության ճամբար-դպրոցում անցկացրած անմոռանալի օրերի եւ այլ ազգերիՙ իրենց հասակակիցների հետ ծանոթությունների, ուրիշ հիշարժան իրադարձությունների ու կատարած լավ գործերի մասին: Նյութերը մատուցված են գրագետ շարադրանքով եւ էջերի պատշաճ ձեւավորմամբ, հետաքրքիր եւ խոսուն լուսանկարներով:

Բարի երթ եւ երկար ճանապարհ նորելուկ «Մեղվիկին»:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4