«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2001-11-02 | #201, 2001-11-03 | #202, 2001-11-06


«ԱՐԴԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԲԱՆԱՎԵՃՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հավաքական բռնությունն ու պատերազմն իրենց դիմագիծը փոխել են, սպառնալիքներն ու սցենարներն այսօր «սառը պատերազմի» տարիներից շատ են տարբեր: Ծոցի երկրորդ ու նախկին Հարավսլավիայի տարածքում բռնկված պատերազմները ասվածի վկայությունն են: Սպառնալիքների առկա պոտենցիալն ու դրա հետեւանք պատերազմի նոր չափերը 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո դառնում են գերարդիական խոսակցության նյութ: Հոկտեմբերի 24-ին Մյուլհայմի (Ռուհրի) «Դի Վոլֆսբուրգ» կաթոլիկական ակադեմիայի հետ համատեղ մեկօրյա «Արդար խաղաղություն» վերնագրյալ բանավեճը կազմակերպելու առիթն այսպես էր մեկնաբանել Բոխումի համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտը: Դաշնային բանակի 30 ենթասպաների համար նախատեսված քննարկմանը, որն ընդգրկում էր հավաքական բռնության, ցեղասպանության կանխման, ցեղասպանության ու միջազգային իրավունքի հարցեր, մասնակցում էին հայտնի գրող, հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Քրիստին Պլատը եւ միջազգային իրավունքի մասնագետ Հանս Յոախիմ Հայնթցեն: Նոր մարտահրավերներին, այդ թվում նաեւ բալկանյան իրավիճակին արձագանքելով անցյալ տարի գերմանական եպիսկոպոսաց ժողովը եկեղեցական բազմադարյա «արդար պատերազմ» ուսմունքը վերափոխելով հրապարակ նետեց «արդար խաղաղություն» արտահայտությունը, ինչը բանավեճի կազմակերպիչները ոչ միայն իբրեւ վերնագիր «օգտագործեցին», այլեւ դարձրին քննարկման ելակետ: Բնականաբար, խոսակցության գլխավոր առարկա դարձան Նյու Յորքում կատարված դեպքերը: Ներկաների մեծ մասն արդեն ծանոթ էր Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրենի այդ առիթով հայտնած տեսակետներին, քանի որ «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթն իր սեպտեմբեր 15-ի համարում տպագրել էր պրն Դաբաղի «Ապագայի խնդիր է» (Մահափորձն ԱՄՆ-ում աշխարհի վերափոխման նախագծի մի մաս) արագ արձագանքը: 25-45 տարեկան ենթասպաների համար կազմակերպված միջոցառման մասին տեղեկացրին նաեւ տեղական մամուլը, հեռուստատեսությունն ու WDR ռադիոկայանըՙ ցավոք, չանդրադառնալով բանավեճի հետկեսօրյա «անակնկալ» հատվածին: Նախ ներկաներին զարմանք պատճառեց Ռալֆ Ջորդանոյի «Հայկական հարց այլեւ գոյություն չունի» (WDR, 1986 թ.) ֆիլմը: Ինչո՞ւ մինչեւ հիմա չգիտեինք, որ անցյալ դարասկզբին տեղի է ունեցել առաջին ցեղասպանությունըՙ հավաքական բռնության առաջին ու դեռեւս չճանաչված իրողությունը, մոտավորապես այսպես կարելի է ամփոփել գերմանացի զինվորականների հարցերի այն շարանը, որ հետեւեց ֆիլմի ցուցադրման ավարտին: Պրն Ջորդանոն ներկայացրեց ֆիլմին ուղեկցած դժվարություններըՙ մասնավորապես հիշատակելով 10 հազար թուրքերի բողոքի ցույցը, իսկ պրն Դաբաղը խոսեց ուրացման մասին: Ենթասպաների համար նորություն էր նաեւ այն հանգամանքը, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման հայցադիմումը մերժում էՙ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հանդեպ իր զգույշ վերաբերմունքն ընդգծելով:

Իրազեկենք, որ շահագրգիռ կողմը խնդրել է Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտին այլ խմբերի համար էլ նույնօրինակ բանավեճ-քննարկում կազմակերպել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4