«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2001-11-06 | #203, 2001-11-07 | #204, 2001-11-08


«ԳԱԶԱՆԸ...»ՙ ԸՆԴԴԵՄ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՌՆՈՒԹՅԱՆ

Հայաստանյան հանդիսատեսը բեմում այն դեռ չի տեսել

Թյուբինգենի թատրոնը Գերմանիայում երկրորդն է, որ անդրադառնում է մեր ժամանակակցիՙ 1948-ին Վիսկոնսինում ծնված ամերիկացի թատերագիր Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» ստեղծագործությանը: (ԳԴՀ-ում պիեսն առաջինը բեմադրվեց Վուպերթալի «Շիլլեր» թատրոնում, 1999թ.-ի սեպտեմբեր 11-2000 թ.-ի ապրիլ 15: Նույն թատերախմբի կողմից այն ներկայացվեց Մյունստեր քաղաքում): Հոկտեմբերի 14-ին ԳԴՀ հարավում գտնվող Թյուբինգենում տեղի ունեցավ «Ազգի» ընթերցողներին քաջածանոթ պիեսի առաջնախաղը, իսկ հոկտեմբեր 27-ի ներկայացման ավարտին կազմակերպված կլոր սեղանի հյուրը դարձան հրապարակախոս, վավերագրող Թեսսա Հոֆմանը, Գերմանահայկական ընկերության նախագահ, գրող, թարգմանիչ Րաֆֆի Քանդյանը, «Ընդդեմ ցեղասպանության» միության նախագահ Ալի Էրթեմը եւ թուրք գրող, Հայոց ցեղասպանության փաստն իր ստեղծագործության մեջ արծարծած Դողան Աքհանլին: Կալինոսկու պիեսը գերմաներեն է թարգմանել Ուրսուլա Գրյուցմախեր-Թաբորին: Քրիստոֆեր Մաասի 1 ժամ 40 րոպե առանց ընդմիջման բեմադրության մեջ Արամ Թոմասյանի դերակատար է ընտրվել Գուննար Շմիդտը, Սեդայինըՙ Ֆարիդա Շեհադան, Վինսենթի դերը մարմնավորում է Շտեֆան Ֆիիրինգը: Գերմանիայում թատրոնները սովորաբար յուրաքանչյուր բեմադրության համար ծավալուն տեղեկատվությամբ գրքույկներ են հրատարակում: Այդ իմաստով ուրախությամբ պետք է արձանագրել, որ բավականաչափ մանրամասն աշխատանք է կատարվել նաեւ այս անգամ: Թատրոնի կարմիր-սեւ-սպիտակ 48 էջանոց գրքույկը տպագրել է Թեսսա Հոֆմանի, Րաֆֆի Քանդյանի, Դողան Աքհանլիի այս առիթով գրված արժեքավոր հոդվածները, Հայոց ցեղասպանության 9 փաստաթուղթ-լուսանկարՙ հակիրճ մեկնաբանությամբ, ներկայացրել է հայոց պատմության հանգրվանային, կարեւորագույն տարեթվերը: Բացի վերը նշվածից, ներկայացումը Թյուբինգենի բեմում խաղացվել է նաեւ հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 2-ին: Հանդիսատեսին սպասվում է եւս 3 հանդիպումՙ նոյեմբեր 18-ին, 19-ին եւ դեկտեմբեր 9-ին:

Թեպետ «Գազանը...» տարբեր տարիներին մեծ հաջողություններ է գրանցել Տորոնտոյում, Լոնդոնում, Բուենոս Այրեսում, Լոզանում, Զալցբուրգում, Փարիզում ու ԳԴՀ վերոնշյալ քաղաքներում, բայց, կարծում ենք, սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված իրողությունն առավել բեմադրելի կդարձնի Հայոց ցեղասպանությանՙ հավաքական բռնության մասին գրված այս ոչ մեծածավալ ստեղծագործությունը: Հոլոքոստ իրականացրած ու իր մեղքը ճանաչած երկրումՙ Գերմանիայում, ուր պաշտոնական տեղեկատվությամբ 2,5 միլիոն թուրք է ապրում, հասկանալի է, «Գազանը...» բեմադրելն ուրույն արժեք ունի: Ակնկալելի է, որ տարիներ առաջ հրատարակված բարձրարժեք գերմաներեն տարբերակը նույնալեզու թատրոնների ուշադրությունից չի վրիպի ու թյուբինգենյան բեմին կհաջորդեն նոր հասցեներ: Եվ ուրեմն մի բնական, ենթադրելի հարց, որ պատասխան է սպասումՙ ինչո՞ւ հայկական մամուլում այսքան շատ «գովազդված» այս ստեղծագործությունը չի դառնում հայ թարգմանիչների, հայ բեմադրիչների, նաեւ հայ հանդիսատեսի «սեփականությունը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4