«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2001-11-07 | #204, 2001-11-08 | #206, 2001-11-10


ԱՔՍՈՐԻՑ ՄԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՂ ՄԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վեգների 115-ամյակն էլ դարձավ թուրքական շահարկման առարկա

«Մոռացված հումանիստը»: Բրեմենում ապրող անգլիացի գրականագետ Մարտին Ռոոնին Արմին Թեոֆիլ Վեգների 115-ամյակին նվիրված իր կազմակերպած հիշողության միջոցառումներին (ցուցահանդես, ընթերցումներ, դասախոսություն, ֆիլմի ցուցադրում) այս վերնագիրն էր ընտրել: Հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 7-ը գրողի ծննդավայր Վուպերթալ-Էլբերֆելդի քաղաքային գրադարանում անցկացված միջոցառումներն, իհարկե, միայն շնորհավորական ձեռքսեղմումների չարժանացան: 15 տարի առաջ էլ 100-ամյա հոբելյանը (Վեգները ծնվել է 1886-ի հոկտեմբեր 16-ին, մահացել 1978-ի մայիսի 17-ին) ծննդավայրում նշելու Ռոոնիի ցանկությունը դեմ էր առել թուրք դեսպանի բողոքին եւ գերմանական դիվանագիտական շրջանակի զգուշավոր լռությանը:

«Մոռանալու ցանկությունը երկարաձգում է աքսորը: Փրկության գաղտնիքը Հիշողության մեջ է»: Հիշում եմ, երբ կյանքի վերջին օրերին Հռոմում այցելում էի, բանաստեղծ, ճանապարհորդ-գրող, մեծ հումանիստ Արմին Թեոֆիլ Վեգները սա շատ էր կրկնում, հիշատակում է անգլիացի գրականագետը նոյեմբերի 7-ին գրադարանում հավաքված լսարանին, որը 4 հայերից ու երեւի քառապատիկ գերմանացիներից բացի թուրքական հոծ ներկայություն էր ապահովել: Էկրանին Ռալֆ Ջորդանոյի «Հայկական հարց այլեւ գոյություն չունի. Մի ժողովրդի ողբերգություն» վավերագրական ֆիլմն է, տեղահանության, ցեղասպանության սահմռկեցուցիչ փաստագրությամբ, որի հանդեպ կայսերական Գերմանիան լռության պարիսպ դրեց, նրա ազնիվ զավակները աշխարհին պատմեցին առաջին Ցեղասպանության մասինՙ Լեփսիուսըՙ ոճրի գրավոր մանրամասն նկարագրությամբ, Վեգներըՙ լուսանկարներով, բողոքի բաց նամակներով...

Ֆիլմի տեքստին հազիվ եմ հետեւումՙ կողքիս նստած փափախավոր թուրքը խռմփացնում է, արթնացավ այն ժամանակ, երբ կողքին նստածը բոթեցՙ պետք է ծափահարել, մերոնք են խոսում: «Ամոթ է, հրեաների 6 միլիոն նահատակների հետ մի բաղդատեք: Աշխարհը գիտի, թե նրանց հանդեպ նացիներն ինչեր են արել: Հայ լոբբիստական ուժերը մոլորեցնում են բոլորիդ», ասում է խիստ խնամված տեսքով մի թրքուհի, որը նույնաբնույթ միջոցառումների ժամանակ պարտադիր ներկա է լինում իր ազգակիցների երկար զորքով ու ապահովում հռետորներին ուղղված կրակահերթը: «Իմ ընտանիքն էլ նացիներից շատ է տուժել, իսկ ֆիլմի հեղինակ Ջորդանոն ծագումով հրեա է, լավ գիտի իր պատմությունը, ու դա չի խանգարում ասել ճշմարտությունը»: Մարտին Ռոոնիին շարունակում է գրադարանի գերմանացի աշխատակիցըՙ «Մենք ապրում ենք դեմոկրատական Գերմանիայում, տիկին, թեպետ ես եւ դուք կատարվածին չենք մասնակցել, բայց պատասխանատվություն կրում ենք: Որքան հնարավոր է, շուտ հաշտվեք ձեր անցյալի հետ»:

Ինձ արդեն հայտնի է, կարճահասակ պարոնը մեկ բան է հիշատակելուՙ ԱՍԱԼԱ-PKK սերտ հարաբերությունները, հայերիՙ Ադրբեջանից զավթած հողերի 20 տոկոսը: Դահլիճի մեծամասնությունը նորից ծափահարում է: «Վեգների տարեդարձը արդի քաղաքականությամբ մի խճողեք», բողոքում է մի գերմանուհի: «Վեցամյա դուստրս գրադարանից լացակումած տուն եկավՙ ցուցահանդեսը պիտի երիտասարդների հարցերով զբաղվող վարչության ուշադրությանն արժանանա, մեր երեխաների կյանքը պաշտպանված չէ», պաթետիկ շեշտով անգիր արած այս տեքստին տրվում է կարճ պատասխանՙ մեր գրադարանը 6 տարեկանների համար չէ:

Թուրքերի ձայնը դժվար է խլացնելը. նրանք, լավ երեւում է, նախօրոք որոշել են, թե ով ումից հետո է ձեռք բարձրացնելու: Առավել տարիքոտ գերմանացիները լքում են դահլիճը ափսոսանք հայտնելովՙ եկել եք ձեր դրացիների հետ կռիվ անելու: Երիտասարդներն ավելի համբերատար են, նրանցից մեկը խնդրեց իր պատմությունը ուշադիր լսել. «Մի թուրք ընկեր ունեի, ձեզ նման համոզված էր, որ հայերին իրենք չեն կոտորել: Ամեն անգամ ամառային արձակուրդին, երբ Թուրքիա էր գնում, խնդրում էի իր 90-ամյա պապին հարցնել եղելությունը: Գալիս ասում էրՙ պապը նոր բան չի ասել: Բայց մահվան աչքերին նայող պապը հրաժեշտից առաջ Թուրքիայում ապրող որդիներին չէ, Գերմանիայում ապրող թոռան ականջին շշնջացել էրՙ այո, Ցեղասպանություն եղել է: Դուք էլ Թուրքիա ձեր հաջորդ այցին հարցրեք ձեր պապերից», խորհուրդ տվեց գերմանացի 30-ին մոտ պարոնը:

Երեկոյի ավարտին նրան շրջապատած, արնակալած աչքերով թուրք երիտասարդների խումբը իր քարոզչությունն էր անում, իսկ Մարտին Ռոոնիին մոտեցած մի պարոն փորձում էր նրան իր բարի խորհուրդը փոխանցել. «Թուրքիայում եղե՞լ եք», հարցրեց թուրքը: «Սիրով կլինեի, իհարկե, եթե իմանայի, որ նման միջոցառում այնտեղ կարող եմ անել», ասաց անգլիացին: «Գնացեք Թուրքիա, մեր հինավուրց հողին հարցրեք, հողը չի խաբի», հուզված ասաց թուրքը, ով քիչ առաջ հորդորում էր դստերը մղջավանջներ արթնացնող ցուցահանդեսը չնայել:

Թեպետ լիամետրաժ այս պատմությունը ես կարճամետրաժ դարձրի, բայց դա էլ ինձ մեծ մեղքից չազատեցՙ փափախավոր ու անփափախ այս հանրությունը, ճիշտ է, Վեգների տարեդարձի հետ որեւէ կապ չունի եւ հավակնում է իմ այս նյութը գրելու առիթն իրենով լցնել: Իսկ առիթըՙ Արմին Թ. Վեգների տարեդարձն ու նրա կատարած գործը, համոզված եմ, Հայաստանում գոնե լավ գիտեն, եւ ուրեմն պարզապես հպանցիկ պատմեմ, որ գրադարանում ներկայացված Վեգներին նվիրված ցուցահանդեսն ամփոփում է ոչ միայն գրողի անձնական իրերը, լուսանկարներն ու գրքերը, այլեւ Հայոց ցեղասպանության մասին հարուստ գրականություն (նաեւ հայերեն հրատարակություններ): Ցուցահանդեսը տարբեր օրերի այցելել են մեծ թվով գերմանացի դպրոցականներ Վուպերթալից ու Դույսբուրգից: Նրանց համար անցկացված վեգներյան դասաժամի 15 րոպեն նվիրված է եղել Հայոց պատմության ամենաողբերգական տարիներին: Մոռացության չտալով բանաստեղծի վաստակը, գրողներ ու դերասաններ հատվածներ են կարդացել նրա ժողովածուներից: Գրադարանի ջանքերով Հռոմից Վուպերթալի գրադարան է փոխադրվել գրողի աշխատասենյակի կահավորանքը, որը այցելուների առջեւ բաց կլինի ոչ միայն տարեդարձից տարեդարձ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վուպերթալ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4