«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2001-11-16 | #211, 2001-11-17 | #213, 2001-11-21


ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՆ

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության վերջին միջոցառումը տեղի է ունենալու Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Նոյեմբերի 22-ին բեմ է հանվելու իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի թատերացված համերգային կայացումը: Ստորեւ պատմվում է այդ օպերայի ու նրա հայտնագործման մասին:

Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Երկրորդին լավ գիտեին Եվրոպայումՙ նախ որպես Արեւելքում Հռոմեական կայսրության նվաճողական քաղաքականության զորեղ հակառակորդի եւ ապաՙ Հռոմի դաշնակցի: Հույն եւ հռոմեացի պատմիչները եւ հետագա ժամանակների հեղինակներըՙ Պլուտարքոսը, Ստրաբոնը, Ապիանոսը, Յուստինոսը, Տակիտոսը եւ ուրիշներ, ուշագրավ տեղեկություններ են թողել Տիգրան Մեծի ու նրա ստեղծած լայնածավալ պետության մասին, ուստի նրա պետական գործունեությունը, դրամատիկական պահերով հարուստ կյանքն ու հերոսական կերպարը ոգեշնչման աղբյուր են դարձել մի շարք ականավոր կոմպոզիտորների համար, որոնք նրա մասին գրել են օպերաներ: Դրանց թվում են Ալեքսանդրո Սկարլատտին, Տոմազո Ալբիոնին, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, Ջուզեպպե Սկարլատին եւ ուրիշներ (շուրջ 19 հեղինակ):

Տիգրան Մեծի կերպարը չի վրիպել նաեւ իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի (1678-1741) ուշադրությունից, որը նրա մասին գրել է օպերաՙ «Տիգրան» անունով: Այդ օպերայի անդրանիկ բեմադրությունն իրականացվել է 1724 թ. Հռոմումՙ հեղինակի ներկայությամբ: Դա եղել է օպերայի միակ ներկայացումը, որից հետո այն այլեւս չի բեմադրվել եւ համարյա մոռացության է մատնվել: Այդ օպերայի գոյությունը մինչեւ վերջին ժամանակներս անհայտ է եղել հայ հասարակությանը:

1987 թ. աշնանը Իտալիայի Վենետո մարզում, Հայաստանի օրերի կապակցությամբ, տողերիս հեղինակին հանձնարարված էր կազմակերպել «Հայերը Իտալիայում» եւ «Մատենադարանի ձեռագիր գանձերը» ցուցահանդեսները: Վերջինս բացվել էր Վենետիկի հռչակավոր Դոժերի պալատում: Այդտեղ էլ ծանոթացա իտալահայ երգչուհի Մարիցա Սանոսյանի հետ, որից մեծ զարմանքով իմացա Ա. Վիվալդիի «Տիգրան» օպերայի մասին: Դրանից երկու տարի առաջ տիկին Մ. Սանոսյանը Վենետիկում գնել էր Ա. Վիվալդիի օպերաներից հանված սոպրանոյի մեներգերի մի ժողովածու, որի մեջ եղել են երկու մեներգ «Տիգրան» օպերայից:

Ամիսներ շարունակ երգչուհին պատրաստվում էր կատարել այդ մեներգերը, ինչպես նաեւ մի բարդ մեներգ Ա. Վիվալդիի «Գրիզելտա» օպերայից: Նրան մեծ օգնություն է ցույց տալիս իր նվագարկողըՙ նշանավոր դաշնակահար Էֆրեմ Կազագրանդեն: 1985 թ. հունիս 22-ին Վենետիկի հայկական Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շքեղ դահլիճում Մ. Սանոսյանը համերգ է տալիս, որի առաջին մասում կատարում է մեներգեր Վիվալդիի «Տիգրան» օպերայից եւ այլ գործեր, իսկ երկրորդ մասումՙ հայկական միջնադարյան երգեր եւ Կոմիտասից: Վիվալդիի այդ անհայտ օպերայի մեներգերըՙ «Պատռիր իմ կուրծքը», «Եթե թույլ տամ պաշտել», ինչպես եւ Գրիզելտայի մեներգը համանուն օպերայից, մեծ ջերմությամբ են ընդունվում հանդիսականների կողմից, որոնց ճնշող մեծամասնությունը իտալացի երաժշտասերներ էին:

Իմանալով Մ. Սանոսյանից «Տիգրան» օպերայի մասին, ես խնդրեցի նրան անպայման գտնել նրա պարտիտուրան եւ լիբրետտոն: Երեւան վերադառնալուց հետո, 1988 թ. աշնանը, իմ առաջարկությամբ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Կարլեն Դալլաքյանը, նախապես իմանալով Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնագետների կարծիքը, համերգների համար Երեւան հրավիրեց Մ. Սանոսյանին: Շուտով երգչուհին ժամանեց Երեւան: Ժամանակը, սակայն, ամենեւին հարմար չէրՙ միտինգներ էին, ցույցեր, հետո մտցվեց պարետային ժամ: Այդուհանդերձ, Մ. Սանոսյանը համերգներ տվեց, ելույթներ ունեցավ ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Վերադառնալիս նա կրկին խոստացավ որոնումներ կատարել եւ գտնել մեզ հետաքրքրող «Տիգրանի» նոտաները:

Երգչուհի Մարիցա Սանոսյանը ծագումով ռուսաստանցի է: Ծնվել է Դոնի Ռոստովից ոչ հեռու գտնվող Եյսկ քաղաքում: Հայրը մեծահարուստ վաճառական էր: Մարիցան երեք տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվեցին Իրան: Թեհրանում նա երաժշտական կրթություն ստացավՙ ավարտեց այդ քաղաքի կոնսերվատորիան: Նա հրաշալի ձայն ուներ (լիրիկական սոպրանո) եւ կատարելագործվելու համար մեկնեց Իտալիա: Սովորեց Սիենա քաղաքի Քիջիանայի երաժշտական ակադեմիայում: Վերադառնալուց հետո շնորհալի երգչուհին հրավիրվեց Թեհրանի օպերային թատրոն, ուր նրան վստահեցին գլխավոր դերեր:

Իրանական հեղափոխությունից հետո, երբ արգելվեցին կանացի մենահամերգները, Մարիցան տեղափոխվեց Իտալիա եւ ապրում էր սկզբում Կոնելյանո քաղաքում, հետոՙ Հռոմում: Նա ձայնի մշակման դասեր էր տալիս երգիչներին եւ համերգներով հանդես գալիս Իտալիայի քաղաքներում ու արտասահմանում: Նա երգել է շուրջ 700 երգՙ 10 լեզուներով: Երգել է նշանավոր Տիտո Գոբիի, Ալդո Պրոտտի եւ այլ երգիչների հետ: Եվ ահա երգչուհուն վիճակվեց «Տիգրան» օպերայի պարտիտուրաների հայտնաբերման գործը:

Առաջին հերթին նա որոնումներ է կատարում Վենետիկի դիմաց գտնվող Սան Ջորջո կղզու Ջորդանոյի հավաքածուի մեջ, որտեղ կենտրոնացված են Ա. Վիվալդիի ձեռագրերը: Նրան հաջողվում է ձեռք բերել օպերայի լիբրետտոն: Հետո նա մեկնում է Ֆլորենցիա, Միլան եւ Տորինո: 1989 թ. աշնանը Տորինո քաղաքի համալսարանի գրադարանի երաժշտական գրականության ձեռագրերի բաժնում նրան հաջողվում է գտնել «Տիգրանի» պարտիտուրան:

Պարզվում է, որ «Տիգրան» օպերան բաղկացած է եղել երեք գործողությունից: Այդպես էլ հեղինակը ներկայացրել է բեմադրման: Դա իրականացվելու էր Հռոմում կազմակերպվող հերթական մեծ պարահանդեսի ժամանակ: Հոգեւոր իշխանությունները չափազանց բծախնդրորեն էին վերաբերվում հոգեւորական հեղինակների ստեղծագործություններին: Օպերայի թեման սիրո մասին է եւ Ֆրանչեսկո Սիլվանի աբբահոր կարծիքով հոգեւոր դասին պատկանող Վիվալդիի համար (իսկ նա քահանա էր) պատշաճ չէր սիրո հարցերի շուրջ օպերա գրելը, ուստի կաթոլիկ հայրերը հանել են տալիս օպերայի առաջին եւ երրորդ գործողությունները եւ դրանց ստեղծման գործը հանձնարարում երկու հռոմեացի ոչ այնքան հայտնի կոմպոզիտորների: Բայց նրանց գրած երաժշտության պարտիտուրաները չեն պահպանվել, մնացել են միայն լիբրետտոն եւ երկրորդ գործողության նոտաները, որոնց հեղինակը Վիվալդին է:

Օպերան առաջին անգամ բեմադրվել է Հռոմում, 1724 թ. ձմռանը, մեծ պարահանդեսի ժամանակ: Բեմականացումն իրականացվել է Ֆեդերիկո Կապրաինայի թատրոնում: 1724 թ. մարտի 3-ին մահանում է Հռոմի Ինոչենցո 13-րդ պապը: Հայտարարված սգի ժամանակ փակվում են բոլոր թատրոնները: Փակվում է նաեւ Ֆեդերիկոյի թատրոնն ու այլեւս չի բացվում: «Տիգրան» օպերան դրանից հետո բեմ չի հանվել: Այնուհետեւ Վիվալդին վերադարձել է Վենետիկ եւ շարունակել աշխատել որպես «Դե լա Պիտե» հիվանդանոցի համերգների մաեստրո: Հետո նա մեկնել է Վիեննա եւ դարձել պալատական երգահան: Մահացել ու թաղվել է Վիեննայում, 1741 թ.:

Իտալացի հայագետ, Պերուջայի համալսարանի դասախոս Ջուստո Տրայաննետը իմ խնդրանքով լիբրետտոն թարգմանեց հայերեն, եւ ես հնարավորություն ստացա պատկերացում կազմելու օպերայի բովանդակության մասին: Լիբրետտոն հրատարակվել է Հռոմում, 1724 թ.: Տպագրված օրինակները վաճառքի են հանվել Հռոմի Պասքուինո փողոցում գտնվող Պիետրո Լեոնեի գրախանութում:

Վիվալդիի օպերայի հիմքում Տիգրան Մեծի եւ Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի դստերՙ Կլեոպատրայի սիրո պատմությունն է: Հայտնի է, որ Տիգրանն ու Միհրդատը դաշնակիցներ էին եւ նրանց բարեկամությունն ամրապնդվել էր խնամիական կապերով (Տիգրանն իրոք ամուսնացել է Կլեոպատրայի հետ): Սկզբում նրանք համատեղ գրավեցին Կապադովկիան, հետո պայքարում էին Հռոմի դեմ: Բայց օպերայի մեջ Տիգրանը եւ Միհրդատը թշնամիներ են: Տիգրանը սիրահարված էր Միհրդատի դուստր Կլեոպատրային եւ նրա սերը շահելու համար ծպտված, Ֆրանկեսի անունով, մտնում է Միհրդատի բանակը: Նա հաղթանակներ է տանում Պոնտոսի թշնամիների դեմ, եւ Կլեոպատրան սիրում է նրան: Տիգրանին սիրահարված է լինում Սինոպի իշխան Օրոնտեի քույր Ապամիան, իսկ վերջինիս հետ ամուսնանալու մեծ ձգտում ուներ Միհրդատ թագավորը: Օպերայի գործողություններն ընթանում են այս իրադարձությունների շրջանակում:

Ըստ լիբրետտոյի, «Տիգրան» օպերայի առաջին գործողությունն ունեցել է 13 պատկեր, երկրորդըՙ 14, իսկ երրորդըՙ 9: Պահպանվել են բոլոր դերակատարների անունները: Կանանց դերերը, ինչպես ընդունված էր այն ժամանակ, կատարել են տղամարդիկ:

Ինչպես երեւում է, «Տիգրանի» առաջին եւ միակ ներկայացումը շատ լավ էր կազմակերպված: Լիբրետտոն նախապես վաճառքի էր հանվել: Ներկայացմանը ներգրավված են եղել ոչ միայն երգիչներ տարբեր քաղաքներից, այլեւ բեմադրման գործի մասնագետներ:

«Տիգրանի» 2-րդ գործողության նոտաները եւ լիբրետտոն Մ. Սանոսյանը հանձնեց ինձ եւ մի քանի տարի դրանք պահում էի Մատենադարանում: Այդ ընթացքում Մ. Սանոսյանը, որպես իմ անձնական հյուր, մի քանի անգամ ժամանեց Երեւան: Միասին փորձում էինք կազմակերպել նրա համերգները լարային նվագախմբի նվագակցությամբ, որոնց ժամանակ պետք է կատարվեին նաեւ մեներգեր «Տիգրան» օպերայից: Անհաջող փորձերից հետո որոշեցինք օպերայի պահպանված մասը նվիրել Հայաստանի կառավարությանը: Նվերն ընդունվեց, բայց գործը տեղից չէր շարժվում: Հետո իմացանք, որ այն ուղարկվել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան: Օպերան անպայման պետք է բեմ հանվեր: Նորից սկսեցի դիմումները: Այդ գործում մեծ աջակցություն ցույց տվեց երիտասարդ ռեժիսոր Մուշեղ Մինասյանը, որը «Ռուբիկոն +» ծրագրով կազմակերպեց իմ հեռուստաելույթը: Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը որոշեցին իրականացնել օպերայի 2-րդ գործողության համերգային բեմադրությունը: Բայց դա հնարավոր դարձավ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության կառավարական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հովանավորությամբ եւ նյութական աջակցությամբ:

Ա. Վիվալդիի «Տիգրան» օպերայի բեմադրությունը մշակութային կարեւոր իրադարձություն է մեր կյանքում: Բեմադրության լուրն, անկասկած, կտարածվի աշխարհով մեկ: «Տիգրանի» մեղեդիները կհնչեն աշխարհի շատ բեմերում եւ, բնականաբար, կմեծանա հետաքրքրությունը հայ ժողովրդի, նրա պետականության եւ ամենանշանավոր պետական գործչիՙ Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Երկրորդի նկատմամբ:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4