«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2001-11-21 | #214, 2001-11-22 | #215, 2001-11-23


ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված Գերմանահայկական ընկերության (ԳՀԸ) կազմակերպած այս վերնագրով մեկօրյա միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 10-17. 45 Քյոլնի Սբ. Սահակ- Մեսրոպ եկեղեցու սրահում: Գերմանահայոց առաջնորդարանի հետ համատեղ կազմակերպած այս միջոցառումով ԳՀԸ նպատակ չի հետապնդում 1700-ամյակի տոնական հանդերձին եւս մեկ երանգ ավելացնել, դրանք պակաս չգրանցեցին, մեր զրույցում ասում է ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանը: Նախընտրեցինք կազմակերպել եկեղեցու պատմությամբ զբաղվող հայ եւ գերմանացի մասնագետների ակադեմիական մի հանդիպում, որի քննարկման նյութը կդառնան բաց մնացած, կնճռոտ հարցերը: Հրավիրյալ բանախոսները քննարկելու են հայ եկեղեցու քույր եկեղեցիների հետ հարաբերությունների արդի վիճակը, վաղօրոք գրանցված տարաձայնությունները, խոսելու են էկումենիկ շարժման մասին, քննարկման նյութ կդառնա նաեւ Հայաստանյայց եկեղեցու ապագա ուղին, անդրադարձ կլինի եկեղեցի-պետություն հարաբերություններին:

«Հայ եկեղեցին 21-րդ դարում. Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող եկեղեցու հեռանկարները» թեմայով զեկուցում կկարդա Հալլե-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության դոկտոր Խաչիկ Ղազարյանը: «Եկեղեցու միասնականության դերըՙ մասնավորապես նկատի առնելով ուղղափառ-հին արեւելյան կապերը» դասախոսությամբ հանդես կգա Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Թեոդոր Նիկոլաուն: ԳՀԸ ներկայացուցիչ Մայնի Ֆրանկֆուրտից հրավիրված եկեղեցու պատմության դոկ. Պետեր Հալֆթերը կբանախոսի «Հայաստանը եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցին» թեմայով: Նա կկենտրոնանա նաեւ Հռոմի պապիՙ վերջերս Հայաստան կատարած այցի մանրամասներին ու նշանակությանը: «Գերմանական բողոքականությունն ու Հայաստանը. Հիշողություն միջազգային ապագա բարոյագիտության մասին» նյութը կներկայացնի Հալլե Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հերման Գոլցը: «Իրար համար, իրար հետ. Էկումենականությունը եւ հայոց եկեղեցին» վերնագրյալ վերջին դասախոսությունը կընթերցի Հանովերի Ավետարանչական եկեղեցուց դոկ. Դագմար Հելլերը: Միջոցառման երաժշտական մասում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի «Մայր Արաքսի ափերով», Էդգար Հովհաննիսյանի «Որպես լեռն է մեր պայծառ» ստեղծագործություններըՙ Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցու «Կոմիտաս »երգչախմբի կատարմամբ (ղեկավարՙ Վարուժան Մարգարյան):

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4